«Աշխարհում նավթի գներն ընկել են, բայց հո չե՞ն գցել էդ գները, որ պատժեն հայ ժողովրդին»
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ` երեկ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: ՀԱԿ-ը, ինչպես և նախորդ հերթական նստաշրջանը, այս արտահերթն էլ է բոյկոտում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ ՀՀ-ում անմաքս առևտրի ռեժիմից օգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առևտրի կետերը, այլև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը ազատվեն ԱԱՀ-ից:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Գ. Մելքոնյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Արցախի հետ սահմանին էլ է դա վերաբերում:
«Արցախի հետ կապված բավական նուրբ պահ կա, որովհետև Արցախի հետ մենք մաքսային ձևակերպումներ չենք իրականացնում, որ սահմանի վրա անմաքս առևտրի գոտի նախատեսենք: Ամեն դեպքում, ըստ օրենքի ձևակերպման, նմանատիպ գոտիներ կարող են ստեղծվել ՀՀ տարածքում` առանց բացառություն անելու, թե դա օդանավակայան է, թե որ սահմանակետն է»,- պատասխանեց Գ.Մելքոնյանը:
Սակայն, ինչպես նշեց նա, հաշվի առնելով այն առևտրային իրավական ռեժիմը, որ ունի Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության հետ, այդ կարգավորումների տեսանկյունից այստեղ այդպիսի անմաքս առևտրի գոտի ստեղծելու իմաստը չկա:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Մոսկվա մեկնող ՀՀ քաղաքացիները չեն կարողանում օգտվել «դյութի ֆրիից», Գ. Մելքոնյանը պատասխանեց, որ այդ հարցը բարձրացվել է:
«Ասում են՝ համակարգում պետք է տարանջատում դրվի, թե որ ուղևորն ուր է գնում: Համակարգը չի կարողանում սպասարկել, և ըստ ուղևորի ներկայացրած կտրոնի` ներսում չեն կարողանում հաշվառել և հարկերը տարանջատել, որովհետև մի դեպքում` պետք է հարկ վճարվի, մյուս դեպքում՝ ոչ: Նախատեսում են օդանավակայանում տարանջատել գոտիները, բայց դա ընդունելի չէ: Մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան այնտեղով ճանապարհորդելիս առևտուր իրականացնել»,- ասաց փոխնախարարը:
Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ևս անդրադարձավ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ի հայտ եկած խնդիրներին: «Երբ մենք ՀՀ քաղաքացիներին ներկայացնում ենք, որ տնտեսական և քաղաքական նկատառումներից ելնելով` ՀՀ-ի անդամակցելը ԵՏՄ-ին ճիշտ ճանապարհ էր, իսկ քաղաքացիներն իրենց առօրյայում հանդիպում են պրոբլեմների, էդքան էլ հեշտ չի լինում բացատրել, թե որն էր առավելությունը»,- հայտարարեց նա:
Ըստ նրա` խնդիրներից մեկն այն է, թե ՀՀ եկող քաղաքացիներն ինչ իրավունքներ ունեն, երբ հատում են ՌԴ օդային տարածքը, օրինակ՝ ԱՄՆ-ից Մոսկվայով գալիս են ՀՀ. «Էդտեղ գործում են լրջագույն գործող և չգործող կանոններ: Առաջինը՝ ՀՀ քաղաքացիները ստիպված են լինում իրենց ուղեբեռը, եթե այն գերազանցում է թույլատրված չափը, մաքսազերծել ՌԴ-ում: Սրան պետական մակարդակով գնահատական ու լուծում պետք է առաջադրել»:
Գ. Արսենյանի կարծիքով, Մոսկվայի օդանավակայանում առևտրի հետ կապված հարցը, որ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում օգտվել «դյութի ֆրիից», ավելի շատ բարոյական տեսակետից նեղվածություն է առաջացնում, քան անմաքս առևտրի գոտում իրականացված առևտուրը պետք է դրական կամ ծավալային նշանակություն ունենա: Նա նշեց, որ եթե առանձին թռիչքուղի սահմանեն ՀՀ քաղաքացիների համար, դա լուրջ խնդիրներ կառաջացնի, քանի որ ներկայումս ՀՀ քաղաքացիներն օգտվում են ընդհանուր տարածքներից, որ բարձր մակարդակով են սպասարկվում, իսկ առանձին թռիչքուղին՝ հանուն 2 շիշ վիսկի գնելու, կստացվի ռեզերվացիա: Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծել՝ իրականացնելով էլեկտրոնային ծրագրավորման փոփոխություն:
«Մեր առջև լրջագույն խնդիր է կանգնած՝ ո՞նց անենք, որ ՀՀ-ում ստեղծենք որակով արտադրանք ու ծառայություն, որ պահանջված լինի: Եթե չենք կարողանում ստեղծել նման արտադրանք, ուրիշի վրա պետք չի բարդել մեր չարածը: Այսինքն, մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ մեր արտադրած ապրանքն ու ստեղծած ծառայությունը պահանջված լինեն: Մեր տնտեսությունը տուժել է միայն մեր չանելու հետևանքով, ոչ թե, որ ՌԴ-ն վատ վիճակում է:
ՌԴ-ի վատ վիճակից տուժում ենք միայն այնտեղ աշխատող մեր քաղաքացիների մասով: Պետք է բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունը, որ մրցունակ լինեն ապրանքները: Աշխարհում նավթի գներն ընկել են, բայց հո չե՞ն գցել էդ գները, որ պատժեն հայ ժողովրդին, հայերը սկսեն ավելի վատ ապրել: Նավթի գների անկումը բերել է բոլորովին այլ իրավիճակի, և պետք է փորձել այնպես անել, որ կարողանաս մրցունակ մնալ, այլապես նետում են հետնախորշ»,- ասաց Գ.Արսենյանը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով` անկախ նրանից, թե ինչ մոտեցում է կիրառվում ներմուծման մասով, գոնե տեղական արտադրողին խթանելու քաղաքականություն պետք է իրականացնել, մինչդեռ մեր ազատ տնտեսական գոտում ստեղծված «Արմթաբ» ձեռնարկությունը ոչ միայն չի կարողանում արտահանել տարբեր տիպի խոչընդոտների պատճառով, այլև սահմանափակված է նրա մուտքը հայկական շուկա: Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ կառավարությունն ու Ազգային ժողովը չեն օգտվում հայկական արտադրության համակարգիչներից:
Ըստ Ա.Մինասյանի` ընկերությանը պարտադրում են ԱԱՀ վճարել, որ նոր կարողանա իրացնել իր արտադրանքը ՀՀ-ում. «Լավ, գոնե քվոտա տվեք, որ տեղական արտադրությունը մտնի շուկա: Ուրիշ ի՞նչ ձևով պետք է կարողանանք տեղական արտադրություն զարգացնել: Եթե մենք ինքներս` իբրև պետական այրեր, մեր առջև դրված համակարգիչները տեղական արտադրության չեն, կամ գոնե «թողարկված է Հայաստանում» արտադրանքը չի, մենք ո՞նց պետք է ցույց տանք դրսի կազմակերպությանը, որ, ա՛յ, էս կազմակերպության նկատմամբ ապրանքների պահանջարկ ներկայացնի»:
ԱԺ-ն քննարկեց ԵՏՄ չափանիշների հետ կապված ևս մի օրինագիծ: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով փորձ է արվում կանխել հայկական կոնյակների, աշխարհագրական նշումով գինիների և խաղողի օղիների հնարավոր կեղծումը, վերացվում են որոշ անճշտություններ, խաղողագործական մակրոշրջան հասկացություն է մտցվում, նաև հայկական կոնյակի, աշխարհագրական նշումով գինու կամ խաղողի օղու արտադրությունը գինեգործական այլ արտադրանքների արտադրությունից առանձնացված տարածքներում իրականացնելու պահանջը փոխարինվում է դրանց շարժը փաստաթղթավորելու մասին պահանջով, նաև վերացվում է պտուտակավոր մամլիչը պնևմատիկ մամլիչով փոխարինելու պահանջը, և դա կլինի կամավոր: Ռ.Մակարյանի խոսքով` վերջին փոփոխությունը բավականին միջոցներ կխնայի տնտեսվարողների համար:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ երբ ՀՀ-ն պետք է անդամակցեր ԵՏՄ-ին, փաստարկ կար, որ ՀՀ-ի արտադրած կոնյակն ու գինին այն որակը չունեն, որ ԵՄ-ում մրցունակ լինեն, և լավ է, որ գնանք ԵՏՄ և շարունակենք անորակ ապրանք արտադրել: Սակայն, ըստ նրա, ԵՏՄ-ն ընդունել է ԵՄ նույն չափանիշները և պահանջում է ԵՄ չափանիշներին համապատասխան արտադրանք: Է.Մարուքյանի խոսքով, այս չափանիշներն առկա էին Ասոցացման համաձայնագրում, որ հերթով հիմա բերվում է, և ԱԺ-ն ընդունում է:«Ես կարծում եմ, որ ՀՀ-ի ապագան հենց բարձր չափանիշներով ապրանք արտադրելու մեջ է՝ թե՛ հակակշիռներ և փոխզսպումների մեխանիզմներ ներդնելու մեջ է, թե՛ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ավելի բարձր մակարդակով հարգելու ու պաշտպանելու մեջ է: Բայց դեռ ժամանակ կա, պետք է ժամանակը բաց չթողնել»,- ասաց Է.Մարուքյանը:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»