«Ռուսաստանը գուցե փորձի ԼՂ-ի հանձնման միջոցով Ադրբեջանին հեռացնել»

Թուրքիայից«168 Ժամի» զրուցակիցն է Janeգs Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը

– Անսպասելիորեն պայթեց իրավիճակը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որը, ըստ էության, երկու նախագահների կտրուկ դիրքորոշման հետևանքով չի մեղմվում, ավելին` օրեցօր երկկողմ նոր պատժամիջոցների մասին տեղեկություններ են հայտնվում մամուլում։ Որոշ փորձագետներ նույնիսկ Մերձավոր Արևելքի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակը համարում են Երրորդ Համաշխարհային պատերազմի նախերգանքը։ Դեպի ո՞ւր է տանում Թուրքիա-Ռուսաստան առճակատումը։

– Երրորդ համաշխարհային պատերազմն ամենաանհավանական սցենարն է։ Իհարկե, շատերը ներկայիս պատերազմը Սիրիայում արդեն համարում են համաշխարհային պատերազմ, քանի որ այնտեղ տարբեր զինյալ խմբերի միջոցով աշխարհի գերտերությունները և ռեգիոնալ ուժերը, այսպես կոչված, պրոքսի, այսինքն, ոչ ուղղակի, պատերազմի մեջ են։ Ռուսական ռմբակոծչի կործանումից հետո Սիրիայում ռուսական և թուրքական ռազմական ուղիղ բախման վտանգը խիստ մեծացել է։
Բայց կարծում եմ` Մոսկվան և Անկարան հետաքրքրված չեն հարաբերությունների հետագա սրմամբ։ Ճիշտ է, Էրդողանն ուՊուտինը կշարունակեն ազգայնական և կտրուկ հայտարարություններ անել, բայց սա ավելի շատ իրենց ներքաղաքական իմիջի համար է։ Երկուսն էլ փորձում են ներկայանալ իրենց հասարակություններին` իբրև ուժեղ և իրենց ազգային շահերը պաշտպանող ղեկավարներ։

Սակայն հիշեցնեմ, որ Թուրքիայի հասցեին ամենախիստ մեղադրանքներ ներկայացնելուց հետո, Ռուսաստանն անգամ թուրքական դեսպանին անցանկալի անձ չճանաչեց։ Ավելին, ռուսական տնտեսական պատժամիջոցները Թուրքիայի դեմ զգուշորեն շրջանցում են եկամտաբեր էներգետիկ համագործակցությունը, բանկային համակարգը, նաև այն թուրքական շինարարական ընկերություններին, որոնք ներգրավված են Ռուսաստանում 2018-ի Աշխարհի ֆուտբոլի առաջնության նախապատրաստական աշխատանքներում։

– Ինչպե՞ս եք գնահատում Արևմուտքի դիրքորոշումը։ Այն, կարծես թե, չափավոր է։ Էրդողանը Ռուսաստանի դեմ Սիրիայում իր գործողություններում այսուհետ կունենա՞ Արևմուտքի աջակցությունը։

– Արևմուտքը, կամ ավելի ճիշտ` ՆԱՏՕ-ն, գոնե առերևույթ կշարունակի ամեն դեպքում աջակցել Թուրքիային։ ՆԱՏՕ-ն կուռ ռազմական դաշինք է։ Եթե անգամ ՆԱՏՕ-ի անդամները դեմ են Թուրքիայի ներկայիս որդեգրած վարքին, նրանք այս ներքին տարաձայնությունները վարագույրի հետևում են լուծում, որտեղ Ռուսաստանը տեղ չունի։ Ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը, գոնե Ֆրանսիայի համար, ամենաանցանկալի պահին տեղի ունեցավ։ Այն հարված էր հատկապես Ֆրանսիայի` «Իսլամական պետության» դեմ միջազգային, այդ թվում` նաև Ռուսաստանի հետ, կոալիցիա ստեղծելու ջանքերին։ Արևմուտքը Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարումից որևէ օգուտ չունի։ Դրանով էլ պայմանավորված էին Արևմուտքի շտապ հորդորները` ուղղված Անկարային և Մոսկվային, որ տարաձայնություններն արագ և խաղաղ լուծեն։

– Որոշ փորձագետներ պնդում են, որ Հայաստանի դերը կբարձրանա, եթե Ռուսաստանը փորձի իր հայաստանյան ռազմաբազաներն օգտագործել, ըստ էության, Թուրքիայի դեմ կամ սիրիական ճգնաժամում, իսկ ոմանք սա կտրականապես անթույլատրելի են համարում` պնդելով, որ առանց ՌԴ այդ ցանկության անգամ` Թուրքիան կթիրախավորի Հայաստանը, քանի որ ՀՀ-ում են ռուսական ռազմաբազաները, ՀՀ-ն ՌԴ-ի հենակետն է Հարավային Կովկասում, և այլն։ Այս իրավիճակն ինչպիսի՞ հետևանքներով է հղի Հայաստանի համար։

– Հայաստանի հետ դաշնակցությունը ՌԴ-ին ստրատեգիական հենակետ է տալիս հենց Թուրքիայի սահմանին։ Ուստի Հայաստանի ստրատեգիական կարևորությունը, անխոս, մեծանում է։ Բայց ստրատեգիական կարևորության հետ մեկտեղ` մեծանում են ՀՀ-ի ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները, քանի որ ՀՀ-ն դիտվում է` իբրև Ռուսաստանի արբանյակ։ Այս սպառնալիքները հատկապես կլրջանան, եթե Անկարա-Մոսկվա հարաբերություններն էլ ավելի սրվեն, և Հայաստանում գտնվող ռուսական բազաներն օգտագործվեն Թուրքիայի դեմ։ Սա, իհարկե, դեռ ծայրահեղ սցենարների մեջ է մտնում։

Սակայն պետք է ասել, որ ռուս- թուրքական հարաբերությունների սրումը կարող էր Հայաստանի համար օգտակար լինել։ Մասնավորապես, հայկական իշխանությունները կարող էին Ռուսաստանին հիշեցնել իրենց ստրատեգիական կարևորության և Ռուսաստանի` ՀՀ-ի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին։
Առանց Հայաստանի, Մոսկվան Անդրկովկասում այլ հավատարիմ և վստահելի գործընկեր չունի, որ թույլ կտար Ռուսաստանին զորամասեր տեղակայել։ Իհարկե, հստակ է, որ Հայաստանը նման սերտ դաշինք Ռուսաստանի հետ ստեղծել է առաջին հերթին` իր անվտանգության խնդիրները լուծելու համար։ Այն է` խաղաղ սահմաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև` անուղղակիորեն ԼՂ բնակչության անվտանգության ապահովում։ Բայց Ռուսաստանը վաղուց արդեն իր դաշնակցային պարտականությունները չի կատարում Հայաստանի նկատմամբ։ ՀՀ արևելյան սահմաններին դրությունն աստիճանաբար և անընդհատ վատթարանում է։ Նույն վիճակում է նաև ԼՂ-ն։ Իսկ Ռուսաստանի առճակատումը Թուրքիայի հետ վտանգավոր կդարձնի ՀՀ արևմտյան սահմանները։

Ստացվում է, որ ՀՀ ստրատեգիական կարևորությունը որևէ օգուտ չի տալիս Հայաստանին, ավելին, ավելացնում է երկրի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները։
Հայաստանը կարող էր օգտվել այս աշխարհաքաղաքական լարումից, բայց չեմ կարծում, թե ներկայիս իշխանությունները կկարողանան դա անել։ Խնդիրը վերջին տարիների ՀՀ պասիվ արտաքին քաղաքական գիծն է։ Թվում է, որ ամենակարևոր արտաքին քաղաքական որոշումները թելադրվում են Մոսկվայի կողմից, որոնք պարզապես լռելյայն ընդունվում են ՀՀ-ում։

ՀՀ իշխանությունը հիմնավորում է այս իներտ քաղաքականությունը նրանով, որ ՀՀ-ն փոքր և Ռուսաստանից կախյալ երկիր է, որն ի վիճակի չէ սակարկել Մոսկվայի հետ։ Ավելին, ՀՀ անվտանգությունը վտանգված կլինի, եթե Ռուսաստանի հետ լիովին չհամագործակցեն։
Իրականում այս պասիվ դիրքորոշումը կարող է աղետալի լինել Հայաստանի համար։ Ադրբեջանի հետ ավելի վտանգավոր և մահացու դարձած բախումները վառ ապացույց են, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի որդեգրած արտաքին քաղաքական գիծը չի գործում։ Ավելին, նման դիրքորոշումը նշանակում է, որ, եթե Ռուսաստանը ցանկանա օգտագործել ՀՀ-ն` իբրև հակաթուրքական օպերացիաների բազա, ավելացնել իր զինվորականների թիվը Հայաստանում, ապա կարելի է ենթադրել, որ Ս. Սարգսյանի կառավարությունը դրան ևս չի դիմադրի։ Բայց սա միայն խիստ կմեծացնի ՀՀ-ում ահաբեկչության հավանականությունը, իսկ ծայրահեղ դեպքում` նաև Թուրքիայի հետ բախումը։ Այսինքն, ներկայիս ՀՀ-ի պրո-ռուսական արտաքին քաղաքականությունը, որին շատ հայաստանցիներ աջակցում են անվտանգության նկատառումներից ելնելով, հիմա վնասում է ՀՀ անվտանգությանը։
ՀՀ-ն, իհարկե, կարող է շարունակել սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց նաև հետևողական լինել, որպեսզի այդ հարաբերությունները երկու կողմերի համար շահավետ լինեն։ Օրինակ, Բելառուսի առաջնորդ Լուկաշենկոյի իշխանությունը թե՛ տնտեսապես և թե՛ քաղաքական առումով գրեթե լիովին Ռուսաստանից է կախված։ Բայց նախագահ Լուկաշենկոն պարբերաբար նաև ստիպում է Մոսկվային գնահատել այդ դաշինքը։ Չունենալով այլընտրանք, միևնույն է, Բելառուսը կարողացել է կորզել Ռուսաստանից ցածր գներ թե՛ նավթի և թե՛ գազի ներկրումների համար, ինչպես նաև` պարբերական ֆինանսական օգնություն, առանց որի Բելառուսի տնտեսությունն արագ ճգնաժամի մեջ կընկնի և կսնանկանա, ինչը, իհարկե, Լուկաշենկոյի իշխանության վերջը կլինի։ Բայց չնայած նման վտանգին` Լուկաշենկոն տարիներ շարունակ շատ հաջող քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի արտաքին քաղաքական հաջողությունները Ռուսաստանի նկատմամբ ևս տպավորիչ են։ Նա կարողացել է լավ հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ` մերժելով Պուտինի բոլոր ինտեգրացիոն ծրագրերը։ Ադրբեջանը շարունակում է մրցակցել Ռուսաստանի հետ Հարավային եվրոպական էներգետիկ շուկայի համար, թեև ներկայումս Ադրբեջանը գազ է ներկրում հենց Ռուսաստանից։ Չնայած ռուս-թուրքական լարվածությանը, Ադրբեջանը չդադարեցրեց, ավելին, սաստկացրեց հարձակումները Ռուսաստանի դաշնակցի, այն է` հայկական սահմաններին։ Ադրբեջանը ևս խոցելի վիճակում է։ Եթե այն իսկապես բախվի Ռուսաստանի հետ, Թուրքիան, չնայած խոստումներին, չի կարողանա լիովին աջակցել Ադրբեջանին։ Այնուամենայնիվ, այս խոցելիությունը չի սահմանափակում Ալիևին` մարտահրավեր նետել Ռուսաստանի դաշնակից Հայաստանին` իր ազգային շահերը պաշտպանելու համար։

– Ռուսական ԶԼՄ-ներն այս թեման լուսաբանելիս` անդրադառնում են նույնիսկ ԼՂ հակամարտությանը, պնդելով, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով նոր ճակատ կբացի Ռուսաստանի դեմ։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է։ Ավելին` օրերս Չավուշօղլու-Մամեդյարով հանդիպման ժամանակ թուրք նախարարը վերահաստատել էր Թուրքիայի պատրաստակամությունը` Ադրբեջանին իբրև թե օկուպացված տարածքները վերադարձնելու հարցում։ Թեև կա նաև կարծիք, որ Ռուսաստանն այս փուլում Հայաստանին չի պարտադրի հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին, ինչպես գրում էր «Կոմերսանտը»։ Ռուս-թուրքական հակամարտությունն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության վրա։

– Թուրքիան կցանկանա ադրբեջանցիների ձեռքով ռազմական ճակատ բացել Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դեմ։ Սա կօգնի Ռուսաստանի ուշադրությունը շեղել Սիրիայից և նաև սանձել ռուսների ակտիվությունը տարածաշրջանում։ Այլ խնդիր է, որ Անկարան կնախընտրի անմիջական ռազմական ներգրավում չունենալ, այլ` ադրբեջանցիներին օգտագործել Անդրկովկասում։ Թուրքիայի ռազմական ռեսուրսներն արդեն ներգրավված են` Սիրիայում, Իրաքում և երկրի ներսում քրդերի հետ կոնֆլիկտի պատճառով։ Ուստի Անկարայի համար ավելի նախընտրելի կլինի իր անուղղակի մասնակցությունը` Անդրկովկասում հակառուսական ռազմական արշավին։ Սրանով է պայմանավորված Չավուշօղլուի խիստ քաջալերանքը Ադրբեջանի արտգործնախարարին։
Այլ խնդիր է, որ Ադրբեջանի նախագահն իրատես է թուրքական օգնության սահմանափակ լինելու հարցում։ Բացի դա, սիրիական պատերազմում երկու երկրները ոչ բացահայտորեն, բայց ամեն դեպքում` հակառակ բևեռներում են կանգնած։ Սուննի «Իսլամական պետությունը» կամ ընդհանրապես իսլամիստներն Ալիևի համար վտանգավոր թշնամիներ են, մանավանդ որ, Ադրբեջանն իսլամի շիա ուղղությանն է դավանում, ի տարբերություն Թուրքիայի, որ, ըստ բազմաթիվ հաղորդագրությունների` բավականին սերտ կապեր ունի ԻՊ-ի հետ։ Չնայած դրան, Ալիևը կարողացավ ռուս – թուրքական լարվածությունն օգտագործել` Մոսկվային ցույց տալով, որ այն շարունակում է մնալ Ռուսաստանի համար լավ հարևան, բայց միևնույն ժամանակ հիշեցրեց, Չավուշօղլուին հյուրընկալելով, որ Բաքուն ունի այլընտրանք։ Եվ ամենակարևորը, Ալիևը կարողացել է չեզոքացնել ԼՂ-ն և Հայաստանը իբրև գործոն Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այսինքն, այն հայկական կողմին չի դիտում` իբրև Ռուսաստանի դաշնակից, այլ իբրև թշնամի, որին հաղթելու համար Ալիևն օգտագործում է թե Թուրքիային, թե Ռուսաստանին։
Ռուսաստանը, չեմ կարծում, թե կկարողանա հետ տալ ԼՂ-ն կամ որոշ շրջաններ` առանց հայ հասարակության համաձայնության, եթե անգամ ՀՀ իշխանությունները պատրաստ են նման քայլի։ Ռուսական և նաև հայկական մամուլի վերջին երկու տարվա հրապարակումներից ակնհայտ է, որ որոշակի կուլիսային քննարկումներ եղել են կամ ընթանում են Ադրբեջանին Եվրասիական միություն բերելու համար։ Պարբերաբար հայկական և ռուսական մամուլը, երկրորդական կարևորություն ունեցող քաղաքական գործիչներ նաև, փորձում են ստուգել, թե ինչպես հայաստանյան հասարակությունը կարձագանքի որոշ տարածքների վերադարձման հնարավոր որոշմանը։

Իմ կարծիքով` Ռուսաստանին հետ են պահում ոչ թե` իր ներկայիս հարաբերությունները Թուրքիայի հետ, այլ` երկու հանգամանք։ Առաջինը` հայ հասարակության, ամենայն հավանականությամբ, կտրուկ ռեակցիան հողերի հետ հանձնմանը։ Չեմ կարծում, որ հայ զինվորները կհետևեն Մոսկվայի հրամանին, մանավանդ որ, ԼՂ պատերազմի տարիներին ռուսական մասնակցությամբ չեն հայերը հասել ռազմական հաջողությունների։ Երկրորդը, հողերի հանձնումը կտկարացնի ՌԴ դաշնակից Հայաստանին, բայց որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կարող է այդ տարածքները ստանալով` դառնալ Մոսկվայի հավատարիմ դաշնակից։

Այս իրավիճակը շատ է նման գրեթե 100 տարի առաջ նույն ԼՂ-ի շուրջ ծավալված քաղաքական առևտրին։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ, ի վերջո, Մոսկվան որոշեց ընդգրկել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում` այնտեղ խորհրդային կարգերն ամրացնելու և Ադրբեջանը Խորհրդային Միությունում պահելու համար։ Մինչդեռ ԵՄ-ն թույլ և կասկածելի ապագա ունեցող նախագիծ է, որից Ադրբեջանը հանգիստ կարող է դուրս գալ, կամ նոր պայմաններ դնել Ռուսաստանի առաջ` իր դաշինքը շարունակելու համար։ Ավելին, դժվար է պատկերացնել, թե Արևմուտքը կհամաձայնի պասիվ դիտորդ լինել, եթե Ռուսաստանը նման ակնհայտ նեո-կայսերական ձեռնարկ սկսի։

Պետք է նաև նշեմ, որ ռուս-թուրքական բախման և ԼՂ հակամարտության միջև կապը միանշանակ չէ։ Այն կարող է կա՛մ հօգուտ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի աշխատել։ Եթե Հայաստանն ավելի համարձակի լինի ապա կարող է խախտել ռուսական բալանսավորված քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև` հօգուտ Հայաստանի։ Այսինքն, հասնել նրան, որ Ռուսաստանը գործի` իբրև իսկական դաշնակից։ Չեմ կարծում, թե Ադրբեջանն այդ դեպքում իրատեսորեն կարող է նոր պատերազմ սկսել ու հաղթել։ Մյուս կողմից, ՀՀ պասիվ և Ադրբեջանի պրոակտիվ արտաքին քաղաքականության դեպքում, Ռուսաստանը կարող է փորձել ԼՂ-ի տարածքների հետ հանձնման միջոցով Ադրբեջանին հեռացնել Թուրքիայից, մանավանդ, եթե Մոսկվայի և Անկարայի հարաբերություններն ավելի լարվեն։

Բայց ավելի հավանական է, որ ներկայիս ստատուս-քվոն շարունակվի միայն այն պատճառով, որ դեռ չկա ավելի լավ այլընտրանք, որը կբերի հանգուցալուծման` առանց ներքաղաքական պայթյունների։

– 2016թ. ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Գերմանիան, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծացրել է ներգրավվածությունը հարավկովկասյան զարգացումներում։ Ի՞նչ կարելի է սպասել ԼՂ հակամարտության առնչությամբ այդ նախագահությունից։

– Լուրջ առաջընթաց` չեմ կարծում, թե լինի։ Ավելին, համանախագահողները, հատկապես` Ռուսաստանը, չեն պատրաստվում օգտագործել իրենց ազդեցությունն Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ծանր զինատեսակներ չօգտագործի։ Նրանց ուշադրությունը հիմա սևեռված է Սիրիայի վրա։ Հարավային Կովկասում բոլոր համանախագահողների գլխավոր նպատակը լայնածավալ պատերազմի կանխումն է։ Իհարկե, նրանց համար մտահոգիչ է, որ վերջին շրջանում Ադրբեջանն անցել է հրետանու և տանկերի օգտագործմանը։ Բայց համանախագահները, կարծես, դեռ չգիտեն, թե ինչպես Բաքվին զսպեն։ Կարծում եմ, որ նրանք, թերևս, Հայաստանին կհորդորեն զերծ մնալ Ադրբեջանին համանման պատասխան հասցնելուց` պատերազմի վտանգը նվազեցնելու համար։

Վստահ չեմ, որ Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը լուրջ փոփոխություններ կբերի ԼՂ հարցում։ Ինչպես բոլոր մյուս արևմտյան երկրների, այնպես էլ Գերմանիայի ուշադրությունը, կարծում եմ, այլուր կլինի։ ԼՂ-ի հարցում նրանց հիմնական խնդիրը կլինի լայնածավալ պատերազմի կանխումը։ Իսկ սահմանային մահացու բախումների հարցը, չեմ կարծում, թե նրանք կլուծեն։ Կարծես բոլորն ընդունել են այն փաստը, որ սահմանային բախումները դարձել են նորմա։ Քանի դեռ լայնածավալ պատերազմ չկա, ԵԱՀԿ-ն լուրջ միջոցներ ձեռք չի առնի սահմաններին իրավիճակը հանդարտեցնելու և մարդկային զոհերը կանխելու համար։ Ավելին, թվում է, կոնֆլիկտի կողմերն էլ, այդ թվում` ՀՀ իշխանությունները ևս, հարմարվել են այս իրավիճակի հետ։ Համենայնդեպս, կողմերից ոչ մեկը դիվանագիտական արշավ չի ձեռնարկել սահմանները հանդարտեցնելու համար։ ՀՀ-ի դեպքում, թվում է, որ հսկայական պետական ռեսուրսներ են ծախսվում ներկայիս իշխանությունների երկարակեցության ամրապնդման վրա։

Տեսանյութեր

Լրահոս