Որոշվել է պատրաստվանյութերի դրոշմապիտակավորման պարտադիր պահանջը տարածել միայն մանրածախ առևտրի ոլորտում

ՀՀ կառավարությունը փորձում է շտկել սեփական սխալներն ու բացթողումները:  2014 թ. հունիսի 21-ին «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարվեց և դեղերի պարտադիր դրոշմավորում սահմանեց, թեև ոլորտի ընկերությունները բարձրաձայնում էին յուրաքանչյուր դեղը պիտակավորելու հետ կապված խնդիրրների ու ահռելի աշխատանքի մասին: Սակայն, պարզվում է, կառավարությունը հաշվի չէր առել դեղորայքի և պատվաստանյութերի պետական ներկրումները:

Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱԺ նիստում ներկայացրեց օրենքի հետ կապված նոր փոփոխություն: Նա նշեց, որ օրենքի համաձայն` Պատվաստումների ազգային օրացույցով, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով, այդ թվում` նաև զինակոչիկների և նախազորակոչիկների համար նախատեսված պատվաստանյութերը ևս ենթակա են պարտադիր դրոշմավորման, որը խնդիրներ և դժվարություններ է առաջացնում պատվաստումների, ինչպես նաև ինսուլինի տեղափոխման և պահպանման գործընթացները լիարժեք ապահովելու տեսանկյունից, քանի որ նշված գործընթացների համար պահանջվում է սառնարանային հատուկ ջերմային ռեժիմի ապահովում, իսկ պատվաստանյութերի ներկրվող հսկայական ծավալը և դրանց դուրս գտնվելու ժամանակամիջոցի սահմանափակումը թույլ չեն տալիս ապահովել դրոշմավորման պարտադիր պահանջը: Յուրաքանչյուր տարի Հանրապետություն է ներկրվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով շուրջ 1.5 մլն սրվակ/շշիկ, ինչպես նաև նախազորակոչ/զորակոչային տարիքի համար շուրջ 0.5 մլն սրվակ/շշիկ  պատվաստանյութ:

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով ներկրվող պատվաստանյութի մեծ ծավալը և այն հանգամանքը, որ պետական միջոցներով գնված ՀՀ ներկրվող պատվաստանյութերը նախատեսված չեն վաճառքի համար և կարիք ունեն հրատապ կիրառման, որոշվել է պատրաստվանյութերի դրոշմապիտակավորման պարտադիր պահանջը տարածել միայն մանրածախ առևտրի ոլորտում շրջանառվող պատվաստանյութերի վրա` հաշվի առնելով վերջիններիս ոչ մեծ ծավալը: Իսկ թմրամիջոցների և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի` պարտադիր դրոշմապիտակավորման չենթարկելու առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններիս օրինական շրջանառության ոլորտում հնարավոր չէ ստվերային բաղադրիչի առկայությունը:

Ա.Մուրադյանը նշեց, որ դրանց շրջանառությունը քվոտավորված է, դրանք համարվում են հատուկ հաշվառվող նյութեր, որոնց ներմուծված և արտահանված քանակների վերաբերյալ ներկայացվում են եռամսյակային, տարեկան հաշվետվություններ ՄԱԿ-ի թմրամիջոցների հսկման միջազգային կոմիտե: Ավելին, վերը նշված նյութերի արտահանումն ու ներմուծումն իրականացվում են համապատասխան հավաստագրի առկայության դեպքում միայն:

Տեսանյութեր

Լրահոս