«Սա ոչ թե սխալ է, սա ուղղակի վրիպակ է, ափալ-թափալ անցկացնելն էլ էդպիսի արդյունքների է բերելու». Հրանտ Բագրատյան
ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը կհաշվարկվի որպես կրկնակի ստաժ: Այս հարցն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծում, ըստ նրա, այս փոփոխությունը թույլ կտա խթանել ԶՈՒ ծառայողներին և բարձրացնել կազմի համալրման արդյունավետությունը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ նման կարգի փոփոխությունները պետք է կատարել որոշակի կոնցեպտի մեջ. «Փոփոխությունն ինքը գուցե լավն է, բայց չի կարող դիտարկվել որպես սիստեմ»:
Հ.Բագրատյանը նշեց, որ 2 օր առաջ ընդունվեց Սահմանադրություն, որում անհասկանալի է, թե ինչպես է ՊՆ-ն թույլատրել, որ ներառվեն հոդվածներ, որոնցում գրված է, որ ՀՀ քաղաքացին պարտավոր է ծառայել բանակում, իսկ այլադավաններին հնարավորություն է տրվում խուսափել զենք կրելուց կամ մարտական գործողությունների մասնակցելուց.
«Սա ոչ թե սխալ է, սա ուղղակի լյապ է, վրիպակ, ափալ-թափալ անցկացնելն էլ էդպիսի արդյունքների է բերելու»: Ըստ Բագրատյանի՝ ստացվում է, որ եթե անձը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, նրա հանդեպ մի վերաբերմունք է, եթե ոչ՝ մեկ այլ՝ ավելի լավ՝ կյանքին վտանգ չսպառնացող վերաբերմունք:
Հ.Բագրատյանի խորին համոզմամբ՝ Սահմանադրությունում պետք է լիներ, որ եթե մարդը մարտական գործողությունների է մասնակցում, պետք է համալիր արտոնություններ ստանա, որից մեկը՝ կենսաթոշակի մասով. «Երկիրը պերմանենտ պատերազմի մեջ է գտնվում: Չի կարելի հասցեական դիտարկել մի փաստաթուղթ, որում ասվում է, թե 43 տարի հետո կենսաթոշակ կտանք: Սա ֆրագմենտալ լուծում է, իսկ նման լուծումները խանգարում են հարցի իսկական լուծմանը»:
Հիշեցնելով երեկ խոշոր տրամաչափի զենքից զոհված զինվորի մասին՝ պատգամավորը կոչ արեց հարցերին ավելի լուրջ ու խորը լուծումներ տալ: