«Քանի դեռ կա Ադրբեջանից թուրքական կախվածություն, Թուրքիան ստիպված կլինի միջամտել ԼՂ հակամարտությանը». թուրք վերլուծաբան
«Թուրքիան վճռական քայլերի չի դիմի Հայաստանի դեմ և ԼՂ հակամարտության գոտում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ալ Ջազիրայի», «Զամանի» մեկնաբան, թուրք քաղաքական վերլուծաբան Չենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում թուրքական քաղաքականությանն ու ռուս-թուրքական հարաբերություններին:
Նա նշեց, որ չնայած ՆԱՏՕ-ի և Արևմուտքի անբարեհաճ վերաբերմունքին, Թուրքիայի ներկայիս իշխանությունները շարունակելու են իրենց քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, որն ուղղված է այս տարածաշրջանում առաջին իսլամական պետությունը դառնալուն: Աքթարի խոսքով, թեև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն աջակցություն և համերաշխություն են հայտնում Թուրքիայի գործողություններին, այդ թվում՝ ռուսական կործանիչ վերացնելուն, նրանք այդքան էլ ոգևորված չեն Թուրքիայի այդ գործողություններով: Թուրք վերլուծաբանի խոսքով՝ Արևմուտքի հետ չհամաձայնեցված թուրքական գործողությունները Ռուսաստանի դեմ և քաղաքականությունը Մերձավոր Արևելքում վտանգի են ենթարկում Արևմուտք-Ռուսաստան դանդաղ ձևավորվող կոալիցիան՝ ընդդեմ «Իսլամական պետությանը»:
«Արևմուտքը, Ռուսաստանը ցանկություն ունեն աշխատել համատեղ Սիրիայում, թեև դա դեռ դժվարությամբ են խոստովանում, ինչը խոչընդոտում է Թուրքիայի քաղաքականությունը: Արևմուտքը չի կարող հրապարակային կերպով քննադատել Թուրքիային, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, և ՆԱՏՕ-ն չի կարող միանգամից հրաժարվել Թուրքիայից, թեև այսօր, իմ տեղեկություններով, քննարկվում է Թուրքիային ՆԱՏՕ անդամակցությունից զրկելու հարցը, ինչը Թուրքիային ավելի քիչ կառավարելի կդարձնի և սխալ քայլ կլինի Արևմուտքի կողմից: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե կօգնի Թուրքիային պաշտպանել իր օդային տարածքը:
Կարծում եմ, նման մոտեցումն ու քաղաքականության ուղղությունը շատ ավելի խելամիտ է Արևմուտքի կողմից, քանի որ Թուրքիայի ներկայիս իշխանություններին դնում է կախվածության և հաշվետվողականության մեջ՝ զրկելով ինքնուրույն քայլեր իրականացնելու հնարավորությունից: Նման որակի իշխանությունների դեպքում, որոնք չափից ավելի մեծ հավակնություններ ունեն Մերձավոր Արևելքում, ինչ խոսք, այս քաղաքականությունը տեղին է»,- մեկնաբանեց Չենգիզ Աքթարը:
Նրա կարծիքով՝ այս դեպքում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում հետագա սրում տեղի չի ունենա: Աքթարի խոսքով, վերջին մի քանի շաբաթը ցույց տվեցին, որ լարվածության չի ձգտում նաև ՌԴ նախագահը, ումից մի շարք փորձագետներ ավելի կոշտ գործողություններ էին ակնկալում Թուրքիայի դեմ: «Ավելի կշռադատված մոտեցում ցուցաբերեց Պուտինը, քան ես կարծում էի: Թեև ես մշտապես պնդում եմ, որ Պուտինն ու Էրդողանը չափազանց նման են միմյանց, երևի թե այս գործոնը ևս ռուս-թուրքական լարվածության պատճառներից մեկն է: «Նրանք չափազանց նման են: Էրդողանը Թուրքիայի Պուտինն է: Վերջին տարիներին Էրդողանը շարժվում է պուտինյան քաղաքականության սկզբունքով»,- նկատեց նա:
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, ԼՂ հակամարտությունից և Թուրքիայի ԱԳ նախարարի ու վարչապետի՝ ՀՀ-ին ուղղված հորդորներից, հանձնել ԼՂ-ն ու հարակից տարածքները` նա ասաց, որ Թուրքիայի կախվածությունն Ադրբեջանից մշտապես զգացնել է տալիս: Հատկապես, ըստ նրա, դա զգալի է դառնում աշխարհաքաղաքական լարված զարգացումների դեպքում, երբ Ադրբեջանը կարող է Թուրքիայի օգնությամբ նոր իրավիճակ ստեղծել ԼՂ հակամարտության գոտում:
«Սակայն, կարծում եմ, Թուրքիան այդ հայտարարություններից այն կողմ չի շարժվի, դա չափազանց ռիսկային կլինի: Բայց անհրաժեշտ է նաև բավարարել Ադրբեջանին, որի համար էլ թուրք պաշտոնյաները շարունակաբար պնդում են, որ կարգավորման գործընթացում ԼՂ-ի հանձնման կողմնակիցն են: Իմ համոզմամբ՝ Թուրքիան այդ հարցին չպետք է ընդհանրապես միջամտի, իսկ դրա համար անհրաժեշտ է նվազեցնել կախվածությունն Ադրբեջանից: Իսկ քանի դեռ կա Ադրբեջանից թուրքական կախվածություն, Թուրքիան ստիպված կլինի ցույց տալ, թե միջամտում է Ղարաբաղյան հակամարտությանը»,- ասաց թուրք վերլուծաբանը: Նա վստահեցրեց, որ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ անակնկալ գործողություններ չեն լինի: