«Նոր Հայաստանի» առաջին նիստը

Երեկ Ազգային ժողովում հերթական քառօրյան մեկնարկեց 1 րոպե լռությամբ` ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի։ Այնուհետև սկսվեց խորհրդարանական եռուզեռը։ Սահմանադրական հանրաքվեի արդյունքներից դժգոհ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց այս նստաշրջանի աշխատանքները բոյկոտելու մասին։ «Ստեղծված վիճակում մենք չենք կարող ձեզ հետ նստել նույն դահլիճում և սովորականի պես գործ անել։ Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության և օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն»,- ասաց Լ.Զուրաբյանը` հավելելով, որ հանրաքվեի ժամանակ տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, թույլ չտվեց, որ Զուրաբյանը շարունակի թվարկել կեղծիքների տեսակները, և կարգադրեց անջատել խոսափողը։ «Մենք հակառակ տեսակետին ենք»,- ասաց Սահակյանը։

ԱԺ նիստերի դահլիճը լքեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը։ Նույն խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը մնացին իրենց տեղերում։
«Տեսա՞ք` քանի հոգի էր իրանց խմբակցությունը, քանի հոգի բոյկոտեցին»,- նկատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նիստերի դահլիճից դուրս լրագրողների հետ զրույցում Լ.Զուրաբյանն ԱԺ քաղաքական մեծամասնությանը մեղադրեց ոճրագործության մեջ. «Կատարվել է ահավոր մի բան` ժողովրդի կամքի բռնաբարություն, ոտնահարվել է ժողովրդի կամքը»։ Նա խոստացավ, որ ՀԱԿ-ը սահմանված ժամկետներում ընտրակեղծիքների մասին փաստեր կհրապարակի, իսկ հետագա անելիքը, ըստ Զուրաբյանի, կախված է ժողովրդի վրդովմունքի աստիճանից և ակտիվությունից։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին` տարակուսանք հայտնեց «խմբակիցների» բոյկոտի կապակցությամբ։ «Որ ասում են` հանրաքվեից հետո այլևս չենք կարող նույն դահլիճում լինել, այդ Մարտի 1-ից հետո կարելի էր, հանրաքվեից հետո` ո՞չ»,- նկատեց նա։ Ըստ Փաշինյանի` սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ դեռևս այս տարվա հուլիսին հնչեցված իրենց գնահատականներն արդարացել են, և ասելու նոր բան չկա։ Փաշինյանը նաև որևէ արդյունք չի սպասում Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շուրջօրյա հանրահավաքներից. «Քանի դեռ ՀՀ-ում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն, իշխանափոխություն չի լինի։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են` իշխանափոխություն լինի, կոչ եմ անում` միանան այս` ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու գործընթացին»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բարձրաձայնվող խախտումներն անվանեց «քիչ քանակությամբ, այն էլ` իրենցից բարդություն չներկայացնող», ընդ որում, ըստ նրա, դեռ պետք է պարզել` արդյոք դրանք պրովոկացիանե՞ր չեն եղել, և իրավապահները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանրաքվեն համարում է կայացած և արդեն «ավետում» է նոր Սահմանադրություն ունենալու մասին։ Ամեն դեպքում, նրա կարծիքով ևս, որոշ առումով լուրջ ուսումնասիրության կարիք կա, և խորհելու ու մտորելու առիթ է տալիս պատկառելի թվով «ոչ»-երի առկայությունը։ Ամեն դեպքում, դաշնակցականի համոզմամբ, թեև մենք ունենք հիվանդ ու արատավոր ընտրական համակարգ, սակայն կեղծիքների ծավալը չի կարող ստվերել հանրաքվեի արդյունքը։
Մինչ խորհրդարանականներն ԱԺ նիստերի դահլիճից դուրս կիսվում էին իրենց տեսակետներով, դահլիճում լեզվամարտ էր ընթանում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ու հանրապետականների միջև։ ԱԺ նախագահությունում գտնվողները պարբերաբար կարգադրում էին անջատել Փոստանջյանի խոսափողը։ Նախ` նիստերի օրակարգը հաստատելուց առաջ Է.Շարմազանովը զրկեց Զ.Փոստանջյանին խոսափողից` ընդհատելով Սերժ Սարգսյանի հասցեին սուր արտահայտություններով համեմված խոսքը։

Այնուհետև Փոստանջյանի ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նստաշրջանում ընդգրկելու մասին հարցի քննարկման ժամանակ պատգամավորի խոսափողն անջատեց Գ.Սահակյանը` վրդովվելով նրա հայտարարությունից, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն ասաց, որ նա այլևս պահանջատեր չէ, նման օրինագծի ընդունմամբ ինքն ընկնելու է պատասխանատվության տակ և վախենում է նման պատասխանատվությունից։

«Զրպարտությունների շարքը թողեք»,- կոչ արեց ԱԺ նախագահը` սպառնալով, թե Կանոնակարգի 45-րդ հոդվածը կկիրառի և ընդհանրապես կզրկի նրան նիստերին մասնակցելու իրավունքից։
Զ.Փոստանջյանի դիտարկմանը, թե հասկանում է, որ խոսքի ուժը շատ զորեղ է, բայց անհասկանալի է քաղաքական մեծամասնության վախը, որ անընդհատ անջատում են խոսափողը։ «Սա կրկես չի, Ազգային ժողով է, գնացեք կրկեսությունն ուրիշ տեղ արեք»,- խորհուրդ տվեց Է.Շարմազանովը։

Օրվա ընթացքում լեզվակռվին միացավ նաև ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Փոստանջյանի այն հայտարարությանը, որ ինքն այրել է Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի և Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները, Աշոտյանը պատասխանեց «սպառնալիքով»` կարող է հանկարծ ՀՀԿ-ականներն էլ նմանատիպ ակցիա անեն` մտնեն կանացի հագուստի սրահ, մի մանեկեն գնեն, զարդարեն Փոստանջյանի տեսքով ու շորերով, ինչ-որ բան նկարեն մանեկենի վրա ու դնեն։ Աշոտյանը Փոստանջյանին համեմատեց տխրահռչակ համաշխարհային համբավ ունեցող սկանդալային այնպիսի ձեռնարկումների հետ, ինչպիսին են Ֆեմեն խումբը և Փուսի Ռայթսը. «Մի՛ արեք դա, դուք լուրջ կին եք, մի՛ արեք, երեխեք ունեք»։

Զ.Փոստանջյանն իր ընդդիմախոսներին խորհուրդ տվեց կարդալ Գանդի։

«168 ԺԱՄ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս