«Հայկական քաղաքական շախմատում Սերժ Սարգսյանը գերազանցեց հակառակորդներին». Ալեքսանդր Կռիլով
«168 Ժամի» զրուցակիցն է Ռուսաստանի Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովը
– Պարոն Կռիլով, Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, հաղթեց «Այո»-ն։ Ձեր կարծիքով` ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այս գործընթացը նախաձեռնեցին։
– Այս հարցի վերաբերյալ Հայաստանում կա երկու հիմնական և միմյանց հակադրվող տեսակետ։ Առաջինի համաձայն` սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են իշխանության գերկենտրոնացվածությունը վերացնելու միջոցով Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու համար, որը հնարավորություն կտա ապահովել ավելի հաջող սոցիալ-տնտեսական զարգացում։ Երկրորդ տեսակետի համաձայն` բարեփոխումն ուղղված է ներկայիս նախագահի իշխանության պահպանմանը, և դա միայն էլ ավելի կխորացնի երկրում առկա խնդիրները։ Ինչպես երևում է, իրականությունն այս երկու կարծիքների մեջտեղում է, ի դեպ, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ձգտում են օգտագործել բարեփոխումները սեփական քաղաքական նպատակների համար։
– Շատ է խոսվում, որ այս գործընթացն արտաքին գործոններով պայմանավորված չէ։ Դուք տեսնո՞ւմ եք արտաքին գործոններ։
– Հայաստանում արտաքին գործոնի դերակատարությունը չափազանց բարձր է, սակայն պնդումները, թե երկիրը կորցրել է հեղինակությունը, և ամեն ինչ «ղեկավարում է Մոսկվան», իրականությանը չեն համապատասխանում։ Ակնհայտ է, որ հանրաքվեից հետո ԱՄՆ-ը և նրա գործընկերները կփորձեն օգտագործել իրավիճակը, որպեսզի մաքսիմալ կերպով Հայաստանի խորհրդարանական 2017թ. ընտրություններում առաջ մղեն այնպիսի քաղաքական գործիչների, որոնք ունեն ԱՄՆ դեսպանատան համակրանքը։ Մեթոդները կարող են տարբեր լինել` անդրկուլիսյան պայմանավորվածություններից` մինչև մասսայական բողոքի ակցիաներ կամ նման ակցիաների տեսարաններ։ Մոսկվան իր հերթին` նախընտրում է սեփական խաղը չխաղալ ՀՀ ներքաղաքական դաշտում, նա առաջին հերթին` կենտրոնացած է մեր երկկողմ հարաբերությունների միջազգային ասպեկտի և անվտանգության ընդհանուր խնդիրների վրա։
– Օրերս Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանը կարող է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո։ Անձամբ Սարգսյանն այս հարցը չի մեկնաբանել։ Սա այս պահին ամենաքննարկվող հարցերից մեկն է` ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը և ինչպե՞ս կվերահսկի իշխանությունը, եթե դա էր այս բարեփոխումների նպատակը։ Դո՞ւք ինչ եք կարծում այս մասին։
– Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը ներկայիս նախագահն էր։ Եթե նա ցանկանար հեռանալ իշխանությունից, նա կարող էր չանցկացնել այդ բարեփոխումները և, ներկայիս Սահմանադրության համաձայն` հեռանալ 2018թ. իր պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո։ Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչների այն շարքին է դասվում, որոնք հեռանում են իշխանությունից միայն այն դեպքում, եթե դրանից բացարձակապես հնարավոր չէ խուսափել այնպիսի պատճառներով, որոնք իր համար անհաղթահարելի բնույթ են կրում։
– Ինչպիսի՞ն է Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում։
– Մոսկվայի նախընտրությունները` ՀՀ ներկայիս նախագահի և ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև առկա առճակատման պայմաններում, ակնհայտ են։ Մոսկվան չի իդեալականացնում Սերժ Սարգսյանի ֆիգուրն ու արդյունքները, սակայն իր ընտրությունն ակնհայտորեն ներկայիս ընդդիմության օգտին չէ։
Ի դեպ, ՀՀ երրորդ նախագահի քաղաքական հեռանկարները կախված չեն լինելու Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից նրան տրվող աջակցության մակարդակից։
Դրանք կախված են լինելու հայկական քաղաքական շախմատի նրա խաղից։ Այդ խաղում ներկայիս նախագահը գերազանցեց իր հակառակորդներին։ Բայց վերջին հաշվով, ամեն ինչ որոշելու է ո՛չ հայկական քաղաքական շախմատը, և ո՛չ էլ արտաքին ուժերի դերակատարությունը։ Երրորդ նախագահի քաղաքական հեռանկարները կախված են լինելու, առաջին հերթին` Հայաստանի սուր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ ծրագիր կյանքի կոչելու` նրա ունակությունից։