Ոչ ոք ներողություն չի խնդրի խոցված «Սու-24»-ի համար. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ռուսական «Սու-24» ինքնաթիռին հասցված հարվածը եղել է Թուրքիայի օդային տիրույթի պաշտպանությունը, այդ պատճառով էլ ոչ ոք դրա համար ներողություն չի խնդրի: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«Թուրքիայի սահմանների պաշտպանությունը մեր պարտականությունն է: Մեր բանակն իրականացրել է մեր օդային տիրույթի պաշտպանության իր պարտքը: Ո´չ Թուրքիայի վարչապետը, ո´չ նախագահը, ո´չ այլ պաշտոնատար անձինք ներողություն չեն խնդրի իրենց պարտքի կատարման համար»,- ասել է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը:
Նա հավաստիացրել է, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Սու-24»-ի հետ կապված ողջ տեղեկությունը ու քննարկել ապագայում նման դեպքերի կանխարգելման հարցը:
«Եթե ռուսական կողմը ցանկանում է խոսել ու կանխարգելել ցանկացած ոչ դիտավորյալ պատահար, որը նման կլինի դրան, մենք պատրաստ ենք խոսել: Եթե նրանք ցանկանում են, որ մենք տրամադրենք տեղեկություն, մենք կարող ենք տրամադրել ցանկացած տեղեկություն՝ կապված այդ դեպքի տեխնիկական մանրամասների հետ: Եթե նրանք ցանկանում են բարելավել հարաբերություններն ու նորմալացնել հարաբերությունները բոլոր առումներով, մենք պատրաստ ենք խոսել»,- ասել է Դավութօղլուն: