Մալաթիայի նախկին թաղապետի որդու սպանությունը կատարելուն դրդելու գործով նիստը հետաձգվեց. վկաներից մեկը բերման կենթարկվի

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրան Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ դրդչի մասով առանձնացված վարույթի նախաքննությունը:

Դատական նիստը, սակայն, հետաձգվեց գործով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի բացակայության պատճառով: Վերջինս դատարանին հայտնել էր, որ հիվանդության պատճառով չի կարող ներկայանալ դատարան, և խնդրել էր հետաձգել դատական նիստը: Պաշտպանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 15-ը:

Մինչ նիստը հետաձգելը դատարանը որոշում կայացրեց քրեական գործով վկաներից մեկին բերման ենթարկելու մասին: Նշենք, որ նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր. պաշտպանը միջնորդել էր ժամանակ տրամադրել՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար:

Նարեկ Խաչատրյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝ պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին»:

Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին: Նրա վարած մեքենայի վրա կրակոցներ էին արձակվել Սեբաստիա և Տիչինա փողոցների հատման խաչմերուկում: Մեքենայի ղեկին նստած Սեդրակ Զատիկյանը, ինչպես նաև մեկ պատահական անցորդ տեղում մահացել էին:

Այս գործով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվել էր դեռ 2007թ. հուլիսին. նա գտնվել է հետախուզման մեջ և հայտնաբերվել 8 տարի անց՝ 2015թ. մայիսին:

Տեսանյութեր

Լրահոս