«Անգամ մենք չենք ամբիոն ստացել, որպեսզի բովանդակային բացատրենք՝ ինչո՞ւ ենք «ոչ» ասում». Արամ Գ. Սարգսյան
«Պետք է ասել, որ այսօրվա ընտրողը, քվեարկողն ուղղակի տեղյակ էլ չէ սահմանադրական բարեփոխումների բովանդակությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Նրա խոսքով՝ չեղավ այնպիսի հետաքրքրություն հանրության կողմից, որպեսզի նրանք ուսումնասիրեն Սահմանադրության տեքստը և հասկանան՝ իրենց պե՞տք է դա, թե՞ ոչ: «Անգամ մենք չենք ստացել ամբիոն, որպեսզի բովանդակային բացատրենք՝ ինչո՞ւ ենք «ոչ» ասում»,- ասաց նա:
Նա մեկ անգամ ևս նշեց, որ իրենց՝ Դեմոկրատական կուսակցության համար անընդունելի է այն ամենը, ինչը գրված է սահմանադրական բարեփոխումների փաթեթում՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Ըստ նրա՝ այստեղ գրված են տարբեր իրավունքներ, ու որևէ մեխանիզմ այդ իրավունքները պահպանելու համար չկա:
«Չի կարող լինել որևէ սոցիալական պետություն, որտեղ սոցիալական հարմարավետությունը մեր քաղաքացին չունի, պետությունն այդպիսով թոթափում է պատասխանատվությունը»,- նշեց նա:
Ա. Գ. Սարգսյանը կոչ արեց իշխանություններին՝ Սահմանադրությունը փոխելու փոխարեն՝ իրենք փոխվեն.
«Քանի որ, եթե չեք փոխվել, մենք չեք հավատալու, որ լավն եք անելու: Հիմա եթե «ոչ»-ը շատ լինի, դեմ քվեարկողները շատ լինեն, այդ դեպքում՝ իշխանությունները դեղին քարտ են ստանում, ժողովուրդն ասում է՝ մենք ձեր քաղաքականությունից դժգոհ ենք»:
Նա հայտարարեց, որ Դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում հանրությանը՝ դեմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին: