Թուրքիայում ահաբեկչության ու լրտեսության մեղադրանքով 2 գեներալ ու գնդապետ է կալանավորվել
Թուրքիայում կալանավորվել է 2 պաշտոնաթող գեներալ ու գնդապետ է կալանավորվել, որոնց մեղադրում են ահաբեկչության ու լրտեսության մեջ: Այս մասին հայտնում է today’s Zaman-ը՝ հղում կատարելով թուրք իրավապահներին:
«Անկարայի ժանդարմերիայի շրջանային ղեկավար, գեներալ-մայոր Իբրահիմ Այդընը, Ադանայի ժանդարմերիայի նախկին ղեկավար, բրիգադային գեներալ Համզա Ջելեփօղլուն ու պաշտոնաթող գնդապետ Բուրհանեթին Ջիհանգիրօղլուն ձերբակալվել են շաբաթ օրը, իսկ կիրակի օրը Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել նրանց կալանավորելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պարբերականի տվյալով՝ կալանավորվածները առնչություն ունեն Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանը պատկանող բեռնատարների գործի հետ:
Ինչպես հաղորդվում է, նմանատիպ մեղադրանքներ անցած շաբաթ ներկայացվել էին Cümhuriyet («Հանրապետություն») թերթի երկու լրագրողի: Վերջիններս ձերբակալվել էին իրենց մայիսյան հրապարակման համար, որտեղ նշվում էր, թե Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրիայի ջիհադիստներին գաղտնի կերպով զենք են մատակարարել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակումից անմիջապես հետո դիմել էր դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել թերթի ու գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի դեմ: Բացի Դյունդարից՝ կալանավորվել է նաև Անկարայում թերթի բաժնի վարիչ Էրդեմ Գյուլը:
Դեպքը, որի մասին հայտնել էին լրագրողները, տեղի է ունեցել Ադանա նահանգում 2014թ. հունվարին, երբ զինծառայողները խուզարկել էին թուրք-սիրական սահման ուղևորվող Թուրքիայի ազգային հետախուզությանը պատկանող բեռնատարները:
Թուրքական իշխանությունների տվյալով՝ բեռնատարները տեղափոխել են «լոգիստիկական ու մարդասիրական օգնություն» սիրիացի թուրքմեններին, սակայն ԶԼՄ-ները հայտնել էին մեքենաներում գտնվող զենքի մասին, որը նախատեսված էր ԴԱԻՇ-ի համար: