Բաժիններ՝

«Երբ կատարվածի մասին չի տրվում բավարար ինֆորմացիա, ապա դուռը բաց է թողնվում բոլոր տեսակի սպեկուլյացիաների, հորինումների համար». Հակոբ Ավետիքյանը՝ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի մասին

«Այդ խմբի ձերբակալության դեպքը՝ գոնե մինչև ժամը 12:00-ն, Ոստիկանության հայտարարությունը, անըմբռնելի էր, ու դա հիմնական պատճառն էր, որ հանրությունը կասկածանքով վերաբերվեց, ու այդ կասկածանքը շարունակվեց, քանի որ տեղեկատվությունը տարածվել էր ոչ պաշտոնական աղբյուրից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ խոսելով օրերս ԱԱԾ-ի կողմից ձերբակալված խմբի դեպքի մասին:

Նա նշեց, որ ինքն այս մասին իմացել է իր ծոռնուհուց, որին դպրոցից ուղարկել էին տուն՝ ասելով, որ տեռոր է եղել.

«Ու դա տարածվել է Գագիկ Շամշյանից: Գագիկ Շամյանն ո՞վ է, նրան ես՝ որպես լրագրող, չգիտեմ: Այսինքն՝ հասարակությունն այդ ամբողջն իմացավ շատ կասկածելի ձևերով: Հայաստանում խնդիր կա՝ անվստահություն դեպի իշխանությունները: Դա ունի իր պատճառները, իր զարգացումները, դրա համար էլ մեր հասարակությունը, մեղմ ասած, երկակի ընդունեց այդ ամենը»:

Նա նշեց, որ ձերբակալվածների վերաբերյալ ոչինչ չի կարող ասել, քանի որ քիչ ինֆորմացիա կա նրանց մասին: Նրա խոսքով՝ երբ կատարվածի մասին չի տրվում բավարար ինֆորմացիա, ինչն անհրաժեշտ է, ապա «դուռը բաց է թողնվում բոլոր տեսակի սպեկուլյացիաների, հորինումների համար»:

«Նկատի պետք է առնվեր, որ Սահմանադրության հանրաքվեի խնդիրը կա, ու անպայմանորեն դուռը բաց է թողնվելու ենթադրությունների, որ սահմանադրական հանրաքվեի դեմ է արվում: Ամբողջ աշխարհում տեռորիզմի մասին է խոսք գնում, խոսք է գնում դավադիր գործողությունների մասին, ու այդ թանձր մթնոլորտում իշխանությունները պետք է հաշվի առնեին ու համապատասխան ձևով ներկայացնեին»,- նշեց Հ. Ավետիքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս