Բաժիններ՝

Բերմուդյան քառանկյունի

ՀՀ կառավարությունը երեկ ընդունել է մի որոշում, որը պետք է հետաքրքրի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ավտոմեքենա ունեն և ավտոմեքենա են վարում։ Խնդիրը վերաբերում է ճանապարհային երթևեկության տուգանքներին և դրա հետ կապված գլխացավանքին։

Բանն այն է, որ մեր համաքաղաքացիները հայտնվեցին կրկնակի-եռակի գլխացավանքի մեջ` փուլ առ փուլ։ Նախ, գլխացավանք դարձան արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը, որոնց անսովոր մեր համաքաղաքացիները սկզբնական շրջանում հսկայական տուգանքներ էին վճարում։

Հետո կամաց-կամաց սովորեցին, սկսեցին ավելի զգույշ մեքենա վարել։ Սակայն դրան հաջորդեց հաջորդ գլխացավանքը` նամակները Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից։ Այսինքն` վարորդը հանկարծ պարզում է, որ խախտում է կատարել, որի համար ժամանակին չի վճարել, գործը գնացել է ԴԱՀԿ, և այժմ պարտավոր է մուծել սկզբնական գումարից մի քանի անգամ մեծ տուգանք։
Սա դժգոհության մեծ ալիք բարձրացրեց, քանի որ շատ հաճախ պարզվում էր, որ քաղաքացիները մուծումը կատարել էին, ուղղակի ՃՈ-ԴԱՀԿ հարաբերություններում այդ մուծումը «կորել էր»։

Նրանք, ովքեր պահել էին կտրոնները, կարողանում էին ապացուցել, և վարույթը կարճվում էր։ Սակայն ժամանակի ու նյարդերի կորուստը` ոչ։ Մյուսները, բնականաբար, տուժում էին։ Քիչ չէին նաև այն մարդիկ, ովքեր պնդում էին, որ իրենք նամակ չեն ստացել խախտման մասին, այսինքն` պատշաճ ձևով չեն տեղեկացվել։

Սա գլխացավանքի երկրորդ փուլն էր։ Այն նույնպես հաղթահարվեց։ Նախ` մեր համաքաղաքացիները սկսեցին պահել կտրոնները (ինչպես ասում են` շառից հեռու)։ Բացի այդ, վարորդներից շատերը սկսեցին պարբերաբար հետևել Ոստիկանության կայքում առկա առցանց հարցում ծառայությանը, որը հնարավորություն է տալիս մեքենայի պետհամարանիշի օգնությամբ պարզել` կա՞ արդյոք տուգանք, թե՞ ոչ։

Եվ ահա` ՀՀ Կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում հաստատել է մի փաստաթուղթ, որը պետք է որ լուծի այս խնդիրը։ Գործադիրը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգն ու էլեկտրոնային փաստաթղթերի ձևերը:

Փաստաթղթի պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև տվյալների փոխանակումները, հարցումները, արգելանքի կիրառումը, արգելանքից ազատումն իրականացվում է թղթային տարբերակով, ինչի համար պահանջվում է որոշակի ժամանակ, ինչն էլ իր հերթին` առաջացնում է կատարողական վարույթի կողմերի արդարացի դժգոհությունը։ «Փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային եղանակը ծառայությունների միջև կապահովի օպերատիվ աշխատանք, ինչպես նաև կնպաստի ժամանակի և դրամական միջոցների խնայմանը»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Լուծելո՞ւ է արդյոք այս որոշումն այս թնջուկը։ Դժվար է ասել։

Որովհետև այսօր քաղաքացիների մի ստվար հատված խնդիր ունի ոչ թե` ԴԱՀԿ-ՃՈ հատվածում, այլ` ԴԱՀԿ – բանկ հատվածում։ Խոսքը վերաբերում է բանկային հաշիվների վրա դրվող արգելանքին։ Քաղաքացին մի օր պարզում է, որ իր բանկային հաշիվները մասամբ արգելանքի տակ են։ Դա ոչ միայն քաղաքացուն զրկում է իր գումարը տնօրինելու հնարավորությունից, այլ բազում այլ խնդիրների առաջ է կանգնեցնում։ Օրինակ, եթե ձեր վարկի մարման օրն ամսի 20-ին է, սակայն դուք ցանկանում եք այն մարել մի քանի օր շուտ, արգելանքի պատճառով բանկը ձեզ թույլ չի տա դա անել։

Գլխավոր դժգոհությունը հենց այստեղ է, երբ արգելանքի տակ դրվելու գործընթացը կայծակնային արագությամբ է կատարվում, իսկ արգելանքից հանելը` բավականին երկար ու տհաճ պրոցես է։

Բանկից քաղաքացուն պատասխանում են, որ արգելանքը դրվել է ԴԱՀԿ-ի կողմից, և հարցերը պետք է լուծել այդ կառույցի հետ։

Քաղաքացին, եթե համաձայն չէ իր տուգանքի հետ, նախ` պետք է ՃՈ-ի հետ պարզի իր հարաբերությունները, հետո` ԴԱՀԿ-ի հետ… Հատկապես մարզերի բնակիչների համար այս խնդիրը շատ ակտուալ է։ Շատերը գումարը ձեռքը` շվարում են, որովհետև չգիտեն` ում վճարել և որ քայլից հետո որն անել։ Բնական է, որ շատերը չեն ցանկանում ԴԱՀԿ-ի հետ գործ ունենալ, սակայն ստիպված են լինում հեռու բնակավայրից գնալ-հասնել համապատասխան ստորաբաժանումը և լուծել իրենց հարցերը։

Սակայն դա էլ դեռ ամենը չէ։ Անգամ բոլոր հարցերը լուծելուց և վճարումները կատարելուց հետո քաղաքացին փորձում է կանխիկացնել քարտի վրայի գումարը կամ այլ գործարք կատարել, և պարզվում է` հաշիվը դեռևս արգելանքի տակ է։
Նորից հարկ է լինում գնալ բանկ։ Այնտեղ կարող է երկու բան պարզվել. առաջին` բանկը դեռ չի հասցրել միանալ ԴԱՀԿ-ի հետ օնլայն համակարգին, թարմացնել տվյալներն ու հանել արգելանքը։

Սա լավագույն տարբերակն է, և խնդիրն արագ լուծվում է։ Սակայն հաճախ պատահում է նաև երկրորդ տարբերակը. պարզվում է, որ մինչ քաղաքացին վազում էր բանկից` ԴԱՀԿ, ԴԱՀԿ-ից` բանկ, այդ ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մեկ այլ խախտման համար տուգանքի գործ է ուղարկել, և հաշիվը կրկին արգելանքի տակ է դրվել։ Այս դեպքում, ինչպես արդեն հասկացաք, ամեն ինչ պետք է սկսել զրոյից։
Մի խոսքով, տեխնիկական սարքերով հայտնաբերվող խախտումները քաղաքացուն գցել են իսկական բերմուդյան քառանկյունու մեջ. մի կողմից` ինքն է, մյուս կողմից` ԴԱՀԿ-ն, Ճանապարհային ոստիկանությունը և բանկը։

Այս թակարդից դուրս գալու մի միջոց, ասում են, ամեն դեպքում կա։ Օրինակ, «Իզի փեյ» վճարային համակարգը, որի տերմինալների միջոցով կարելի է կոմունալ և այլ վճարումներ կատարել, այդ խնդրին լուծում է գտել։ Պատուհանի վրա պետք է ընտրել ԴԱՀԿ-ի նշանը, հավաքել սոցիալական քարտի համարը, և համակարգը ձեզ միանգամից կասի` որքան գումար եք պարտավոր վճարել ԴԱՀԿ-ին։

Ընդ որում, ընկերությունն իր ֆեյսբուքյան գովազդում խոստանում է, որ իր տերմինալներով վճարելու դեպքում արգելանքն անմիջապես դուրս կգա։ Ավելին ասենք, ԴԱՀԿ աշխատակիցներն օգնության կարգով հենց իրենք են խորհուրդ տալիս քաղաքացիներին` վճարել «կանաչ տերմինալների» միջոցով։ Սակայն մեր համաքաղաքացիներից շատերը նշում են, որ որոշ դեպքերում դա չի հաջողվում անել։ Համակարգը ցույց է տալիս պարտավորության չափը, սակայն վճարում չի ընդունում` հորդորելով վճարման համար այցելել ԴԱՀԿ ստորաբաժանում։

Բացի այդ, այդ «կանաչ տերմինալները» ոչ բոլոր բնակավայրերում են առկա, և հատկապես մարզերի բնակիչներից ոչ բոլորն են կարողանում դրանցից օգտվել։
Դժվար է հավատալ, որ թվային տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման այս ժամանակներում հնարավոր չէ խելամիտ լուծում գտնել, որն ընդմիշտ կխնայի բոլորի ժամանակն ու նյարդերը։ Իսկ եթե հնարավոր է, ու հարցը չի լուծվում, ուրեմն այսպես ինչ-որ մեկին ավելի ձեռնտու է։ Ու այդ ինչ-որ մեկը հաստատ քաղաքացին չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս