Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետը 2 տարուց ավելի անազատության մեջ է եղել. նա արդարացվել է
Վերաքննիչ դատարանը երեկ արդարացման դատական ակտ է կայացրել: Դատրանի որոշմամաբ՝ արդարացվել է Սահակ Հարությունյանը, ով աշխատել է որպես ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ:
Սահակ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել նրան այն բանի համար, որ նա, աշխատելով որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ, 900 հազար դրամ տուգանքի դատապարտված Էջմիածնի բնակչից նրա օգտին գործողություն կատարելու` հայտարարված համաներումը վերջինիս նկատմամբ կիրառելու և սահմանված կարգով պատժի կրումից ազատելու օրինական գործընթացն սկսելու համար, շորթմամբ նրանից պահանջել և մեկ այլ անձի հետ ստացել են խոշոր չափերի` 400.000 դրամ կաշառք:
Արմավիրի մարի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ Սահակ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 4 տարվա ազատազրկման:
168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ ընդհանուր իրավասության դատարանն ակնհայտ անհիմն դատավճիռ էր կայացրել, ի սկզբանե չի եղել որևէ ապացույց: Նրա խոսքով՝ 2 տարուց ավելի՝ 2013 թվականի հոկտեմբերի 14-ից Սահակ Հարությունյանը գտնվել է անազատության մեջ:
Վերաքննիչ դատարանում նախագահողը դատավոր Մխիթար Պապոյանն է եղել: Փաստաբանը գոհունակություն հայտնեց դատարանի կազմից: