Բողոքի ցույցեր Թուրքիայում՝ ի պաշտպանություն ձերբակալված լրագրողների
Ստամբուլում հարյուրավոր մարդիկ են հավաքվել Cumhuriyet («Հանրապետություն») թերթի գրասենյակի մոտ, որի աշխատակիցներին նախօրեին ձերբակալել էին նրանց մայիսյան հրապարակման համար, որտեղ նշվում էր, թե Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրիայի ջիհադիստներին գաղտնի կերպով զենք են մատակարարել:
2 լրագրողները կալանավորվել են լրտեսության մեղադրանքով, գրում է The New York Times-ը:
Ցուցարարները մեղադրել են Թուրքիայի կառավարությանը իրենց քննադատներից ազատվելու, ինչպես նաև սկանդալային պատմությունը «կոծկելու» մեջ:
«Իշխանությունները չեն ցանկանում, որ լրագրողները տեսնեն, թե ինչ աղետի մեջ են նրանք ներքաշում մեր երկիրը»,- պարբերականի հետ զրույցում ասել է թուրք ընդդիմադիրներից մեկը:
Միաժամանակ, նմանատիպ բողոքի ակցիա անցկացվել է Անկարայում, որտեղ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել լրագրողների միտինգը ցրելու համար, ովքեր մտադրվել էին գնալ դեպի թերթի տեղի գրասենյակ:
Սիրիայում մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարելու մասին սկանդալային նյութը մայիսին հրապարակվել էր ընդդիմադիր Cumhuriyet պարբերականում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակումից անմիջապես հետո դիմել էր դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել թերթի ու գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի դեմ: Նախօրեին, բացի Դյունդարից, կալանավորվել է նաև Անկարայում թերթի բաժնի վարիչ Էրդեմ Գյուլը:
Դեպքը, որի մասին հայտնել էին լրագրողները, տեղի է ունեցել Ադանա նահանգում 2014թ. հունվարին, երբ զինծառայողները խուզարկել էին թուրք-սիրական սահման ուղևորվող Թուրքիայի ազգային հետախուզությանը պատկանող բեռնատարները:
Թուրքական իշխանությունների տվյալով՝ բեռնատարները տեղափոխել են «լոգիստիկական ու մարդասիրական օգնություն» սիրիացի թուրքմեններին, սակայն ԶԼՄ-ները հայտնել էին մեքենաներում գտնվող զենքի մասին, որը նախատեսված էր ԴԱԻՇ-ի համար: