Կասպերսկին կոչ է արել ինտերնետ-պայքար մղել ԴԱԻՇ-ի դեմ
Ռուս գործարար ու տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Եվգենի Կասպերսկին կարծում է, որ համացանցում ԴԱԻՇ-ի դեմ պայքար պետք է մղեն ոչ թե Anonymous խմբերը, այլ տարբեր երկրների պետական ծառայությունները, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
«Ես տեսնում եմ, որ ԴԱԻՇ-ը համացանցում բացել է կայքեր ու բազմաթիվ օգտահաշիվներ, որոնց միջոցով տարածում է իր քարոզչությունը: Դրա դեմ պետք է պայքարեն պետական գերատեսչությունները ու հենց սոցցանցերը, դրա համար Anonymous-ներ հարկավոր չեն»,- ասել է Կասպերսկին գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում:
«Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիրը վտանգ է տեսնում այն բանում, որ ԴԱԻՇ-ը կարող է նախաձեռնել համակարգային կիբերհարձակումներ՝ դրա համար օգտագործելով կիբերվարձկանների:
«Վախենամ, որ եթե մաֆիան կարող է վարձել տաղանդավոր ցանցահենների, ապա իսլամիստ ահաբեկիչները դա նույնպես կարող են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսին՝ Փարիզի ահաբեկչություններից անմիջապես հետո, ցանցահենային Anonymous խումբը հայտարարեց ԴԱԻՇ-ի դեմ պայքարին միանալու մասին՝ պնդելով, որ ակտիվիստներին հաջողվել է արգելափակել սոցցանցերում ծայրահեղականների մի քանի հարյուր հազար օգտահաշիվներ: