Էրիկ Ուզունյան. «Ֆրանսիայի ղեկավարները ծանր պատասխանատվություն են կրում աղջկաս` Լոլայի մահվան համար»
arevelk.am-ը գրում է. Փարիզի ահաբեկչության ժամանակ «Բատակլանում» զոհված Լոլա Ուզունյանի հայրը երեկ չի մասնակցել Ֆրանսիայի Հաշմանդամների տաճարում կազմակերպված հիշատակի միջոցառմանը, որին հրավիրված էին ահաբեկչության զոհերի հարազատները: Ավելին, հայազգի գրող, լրագրող, լուսանկարիչ Էրիկ Ուզունյանը ֆրանսիական մամուլում բաց նամակ է գրել` դատապարտելով Ֆրանսիայի կառավարությանը, «որի սխալ քաղաքականության հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին»: Նա նշել է, որ անմեղ զոհերից մեկն էլ իր դուստրն էր:
Էրիկ Ուզունյանը նոյեմբերի 13-ին 17-ամյա դստեր` Լոլա Ուզունյանի հետ գնացել էր Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվել համերգասրահի ահաբեկչական գործողության ժամանակ: Էրիկ Ուզունյանը իրարանցման ժամանակ կորցրել է աղջկան, Լոլա Ուզունյանը օրեր հետո գտնվել է սպանվածների մեջ:
Հայ լրագրողի զայրալից նամակը նրա դստեր մահից հետո ընտանիքի առաջին խոսքն է: Ուզունյանը քննադատում է Ֆրանսիայի կառավարությանը, նշելով, որ Ֆրանսիան կոպիտ սխալներ է թույլ տվել ինչպես Սիրիայի, այնպես էլ` Լիբիայի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հարցերում` կոպտորեն միջամտելով նրանց ներքին կյանքին և խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը: «Ֆրանսիան հենց այդ պատճառով այսօր դարձել է անապահով երկիր: Այն չունի տեսլական, քաղաքական գործիչները հույս չեն ներշնչում, մտավորականությունը, չնչին բացառություններով, խեղկատակությամբ է զբաղված, երիտասարդության համար ապագա չկա: Մենք փակուղու մեջ ենք: Ես խորապես ցավում եմ իմ երկրի կործանման համար»,-գրել է Էրիկ Ուզունյանը: Նրան միացել են Փարիզի ահաբեկչությանը զոհ գնացածներից ևս երկուսի ընտանիքները, որոնք նույնպես բոյկոտել են համազգային հիշատակի օրվա կառավարական հրավերը: