
Խոնարհ տղամարդիկ արդյո՞ք չեն կորցնում տղամարդկային արժանապատվությունը

– Խոնարհությունը սովորաբար վերագրում են կանանց: Խոնարհ տղամարդիկ արդյո՞ք չեն կորցնում տղամարդկային արժանապատվությունը:
– Իրական խոնարհությունը կամովի խոնարհվելն է: Մարդ կորցնում է արժանապատվությունը, երբ խոնարհվում է հարկադրանքով` պաշտոնի, հեղինակության, ինչ-ինչ ուժերի ներքո: Բայց մարդը, երբ սիրով է խոնարհվում, արժեվորվում է: Հիսուսին ի՞նչը մղեց խոնարհվել և լվանալ աշակերտների ոտքերը. սե՛րը, միմիայն սերը: Հիսուս Քրիստոս Իր անձն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք ստանալով, նմանվելով մարդկանց` հնազանդ եղավ մինչև անարգ մահ: Մարդն ընկավ, իսկ ընկածին օգնելու համար կանգնածը պիտի խոնարհվի. մինչև ձեռքերդ չերկարես, չես բարձրացնի: Նույնն Աստված արեց. թողեց Իր փառքը, որպեսզի բարձրացնի մարդուն: Նա մտավ մեղքի աշխարհ և այդ աշխարհից հանեց մեղավոր մարդուն: Խոնարհվել` նշանակում է խաչ կրել, անտրտունջ տանել հալածանք, նեղություն, տառապանք, փորձություն:
Օրհնությամբ՝ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյան
qahana.am