«Այս նախագծով իշխանության իրավունքները մեծանում են, իսկ պարտավորությունները՝ նվազում». Հրանուշ Խառատյան

«Բարեփոխումներ» բառը սխալ է կիրառել, ուղղակի ասենք՝ փոփոխություններ, որովհետև չգիտենք՝ եթե այս նախագիծն ընդունվի, արդյունքն ի՞նչ է լինելու։ Նման տեսակետ այսօրվա ասուլիսին հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա կարծիքով՝ հիմա իսկական քաղաքական պրոցես է ընթանում. «Այլ հարց է, թե այդ քայլերն ում շահերին են ծառայում»: Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների համար քարոզչություն իրականացնողները, հատկապես՝ «Այո»-ի քարոզիչները, շատ հեռու են ժողովրդի իրական ակնկալիքներից և խնդիրներից.

««Այո»-ի քարոզիչներն ուղղակի ուրիշ հնարավորություն չունեն, նրանք գիտեն, որ այս սահմանադրական փոփոխությունների նախագծում հոդվածները հիմնականում սոցիալական են։ Հենց հայեցակարգից սա սկսվում է: Սահմանադրության հայեցակարգում ասված է, որ, մեծ հաշվով, իշխանությունը սոցիալական կարիքների նկատմամբ պարտավորություններ չպիտի ունենա: Նա պետք է ունենա դրան միտված քաղաքականություն և իր հնարավորության շրջանակներում անդրադառնա դրանց: Սոցիալական բաժնի ամեն տողից բացակայում է «պարտավորություն» բառը, փոխարենը գրված է՝ «դրան միտված քաղաքականություն», թե ով ինչ կերպ է հասկանալու այդ քաղաքականությունը՝ հարցի մյուս կողմն է»:

Նա ընդգծեց, որ ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների այս նախագծում պարտավորությունները զգալիորեն նվազեցված են, հնարավորություններին հղումները՝ զգալիորեն մեծացված, իսկ իշխանության իրավունքների մասն անհամեմատ ուռճացված է. «Այսինքն՝ այս Սահմանադրությունն ընդունելու պարագայում, եթե վաղը իշխանությունն ասի, որ հնարավորություն չունի նվազագույն թոշակը տրամադրելու, այս Սահմանադրությունը դրա իրավունքը տալիս է: Սա արդեն դեպուտատների քվեարկած օրենք չէ, սա համաժողովրդական քվեարկության ու բարձրագույն օրենք է։ «Այո»-ի դեպքում իշխանությանը պետք է վերապահենք այդ իրավունքները: Գործող Սահմանադրությունում իշխանությունը պարտավոր է բնական միջավայր ապահովել մարդու համար, իսկ նորով՝ պարտավոր չէ, քաղաքացին է պարտավոր: Այս նախագծով իշխանության իրավունքները մեծանում են, իսկ պարտավորությունները՝ նվազում: «Այո» ասելուց առաջ ժողովուրդը պետք է լավ մտածի»:

 

Տեսանյութեր

Լրահոս