Արթուր Վարդանյանը ներկայացել է որպես Ռուսաստան ապրանք արտահանող. 1in.am
Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկություն տարածեց, որ Նորք-Մարաշ համայնքում վարձակալված տանը կալանավորվել են ահաբեկչության մեջ մեղադրվող խմբի 10 անդամներ: Թե հատկապես ում դեմ էին պատրաստվում ահաբեկչություն իրականացնել խմբի անդամները՝ մինչև հիմա պարզ չէ: Բայց պարզ է, որ այդ խմբի երեք անդամներ՝ Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը և Ավետիս Բարոյանը եղել են համագյուղացիներ և բնակվում են Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Ավելին՝ 1972թ. ծնված Վաղինակ Ստեփանյանը և Ավետիս Բարոյանը եղել են համադասարանցիներ:
1in.am-ը գրում է. «Խոսում ես այս մարդկանց ծնողների, հարազատներ ու համագյուղացիների հետ, ու մտածում ես, թե սրանցից ինչ ահաբեկիչ, աչքիդ առաջ կանգնում են խեղճ ու կրակ գյուղացի տղամարդիկ, ովքեր մինչև վերջերս ապրել են հող մշակելով, տաքսի քշելով ու ընդամենը մի քանի ամսում դարձել են ահաբեկիչ:
Արթուր Եղազարյանը նրանցից ամենաերիտասարդն է՝ 34 տարեկան, և միակ բարձրագույն կրթություն ունեցողը: Արթուրը բուհը ավարտել է Երևանում, բայց չի կարողացել համապատասխան աշխատանք գտնել, վերադարձել է գյուղ և զբաղվել այգեգործությամբ: Նրանց տան բակում հավաքվել են 20-ի մոտ համագյուղացիներ՝ կանայք տանն են, տղամարդիկ՝ բակում: Արթուրի հայրը՝ Զորիկ Եղիազարյանը, համոզված է, որ իր տղան որևէ կապ չի ունեցել ահաբեկչության հետ, որովհետև ինքը նրան անընդհատ զգուշացրել է չզբաղվել ապօրինի գործունեությամբ:
Զորիկն ասում է, որ որդին՝ Արթուրը, վերջերս է ծանոթացել Արթուր Վարդանյանի հետ, ով ներկայացել է որպես Ռուսաստան ապրանք արտահանող, և տղան նրա մոտ ընդունվել է աշխատանքի որպես բանվոր: Փորձել են խաղող արտահանել չի ստացվել, բայց 60 տոննա կարտոֆիլ են գնել և արտահանել Ռուսաստան: «Այդ կարտոֆիլից մի պարկ էլ մեզ է բաժին հասել, տղաս ասաց, որ Արթուրն է 3 հազար դրամ տվել և գնել Սիսիանից, ու տվել իրեն, որ տուն բերի»,- պատմում է Զորիկը: Տղան մի քանի անգամ գնացել է Երևան, մի քանի օր մնացել է, ու երբ հարցրել են՝ ինչ են անում, ասել է, որ օֆիս են ստեղծել, զբաղվում են գարնանը նախապատրաստվելով, որ միանգամից կարողանան կեռաս ու ծիրան արտահանել: «Տանը ալյուրի փող չկա, այս տարին շատ վատ էր, մենք մտածեցինք, որ լավ կլինի, եթե գոնե ձմռան ամիսներին Երևանում աշխատի, որ կարողանան մինչև գարուն դիմանալ»,- ասում է Զորիկ Եղիազարյանը:
Նոյեմբերի 7-ի առավոտյան ԱԱԾ աշխատակիցները շրջապատել են Զորիկ Եղազարյանի տունը, սկսել են խուզարկություն իրականցնել, ամբողջ տունը տակնուվրա են արել ու որևէ ապօրինի բան չեն հայտնաբերել: Զորիկը ԱԱԾ աշխատակիցներից է իմացել, որ տղան մեղադրվում է ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ: «Չգիտեմ, թե ինչ մտածեմ: Մի բան կարող եմ ասել, որ տղաս անօրինական գործի մեջ մտնող չէր: Նա, որ վերջերս սկսել էր օրերով Երևանում մնալ, տուն չգալ, իմ դուրը սկսել էր չգալ: Ասում էի՝ այդ կազմակերպությունը դուրս չի գալիս, թող արի տուն, ինքն էլ ասում էր, որ ոչ մի խնդիր չկա: Միակ բանը, որ ասում էր, այն է, որ այդ տանը մի սենյակ կա, որի վրա երկու կողպեք կա, ու իրենք չգիտեն, թե ինչ կա այնտեղ: Երևի այդ զենքերը այդ սենյակից են հայտնաբերել»,- պատմում է Զորիկը: