
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործը կքննվի արտագնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննելու է դատավոր Հարություն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքին սպանելու մեջ մեղադրվում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա այժմ պահվում է 102-րդ ռազմաբազայի ներսում գտնվող կալանավայրում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հարություն Մովսիսյանն այս քրգործը կքննի արտագնա. դատը տեղի կունենա 102-րդ ռազմաբազայի ներսում գտնվող դատարանում: Ենթադրվում է, որ հայկական եւ ռուսական կողմը որոշել է նման քայլի գնալ` դատավարության բնականոն ընթացքը ապահովելու եւ Պերմյակովի նկատմամբ ինքնադատաստանի հնարավորությունը բացառելու համար` անվտանգության երաշխիքներից ելնելով»: