Ռուսաստանի՝ թիկունքից հարվածը Հայաստանին
Երեկ հայտնի դարձավ, որ «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորներն օրինագիծ են ներկայացրել ՌԴ Պետդումա, որով նախատեսվում է քրեականացնել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հերքումը: Սա Ռուսաստանի պատասխանն է Թուրքիային՝ ռուսական ինքնաթիռի խոցման համար:
Հայաստանի, հայ հասարակության ու իշխանության համար ստեղծված իրավիճակը չափազանց նուրբ է, միևնույն ժամանակ՝ նույնքան վտանգավոր: Նուրբ է՝ առաջին հերթին` այն առումով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստող ցանկացած քայլ Հայաստանի հասարակությունն ու աշխարհասփյուռ հայությունն ընդունում է` որպես բարեկամության դրսևորում, և այդպես ընդունելու պահից սկսած՝ դադարում է հարցը քննարկել բանականության, տրամաբանության հարթությունում՝ ամբողջովին տրվելով զգայականությանը: «Ռուսների ցավը տանեմ…»,- սա է հասարակության մեծամասնության արձագանքը տեղի ունեցողին:
Սակայն շատ կարևոր է, անթույլատրելիության աստիճանի կարևոր, որպեսզի այդպիսին չլինի նաև իշխանությունների, պաշտոնական Երևանի արձագանքը՝ ստեղծված իրավիճակում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու Ռուսաստանի քայլին: Իրավիճակը նուրբ է այն առումով, որ, մի կողմից` Երևանը, բնակաբանաբար, չի կարող դեմ արտահայտվել Ռուսաստանի Պետդումայում այդ հարցի քննարկմանն ու օրենքի ընդունմանը, քանի որ դա բխում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Մյուս կողմից՝ պաշտոնական Երևանը պետք է, ավելի ճիշտ՝ պարտավոր է այս հարցին վերաբերվել հնարավորինս զուսպ, առանց պաշտոնական մակարդակում որևէ ոգևորություն արտահայտելու, առանց ողջունելու ռուսական իշխանությունների այդ քայլը:
Կկարողանա՞ Հայաստանի իշխանությունն այդքան կամք ու համարձակություն դրսևորել ու պահպանել լոյալությունը առաջին հայացքից՝ հայամետ այս նախաձեռնության առնչությամբ: Իսկ նախաձեռնությունն այդ հայամետ է միայն առաջին հայացքից, քանի որ իրականում դա ոչ թե հարգանք, այլ ճիշտ հակառակը՝ անարգանք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Որովհետև Ռուսաստանը հիշել է Ցեղասպանության զոհերին ու ցանկանում է քրեականացնել Ցեղասպանության ժխտումը ոչ թե՝ այն պատճառով, որ չափազանց մարդասեր է ու սկզբունքային, կամ, որ ցանկանում է վերականգնել պատմական արդարությունը, այլ՝ որովհետև այդպիսով ընդամենը պատասխանում է, պատժում է Թուրքիային՝ ռուսական օդանավի խոցման համար: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը, որքան էլ տհաճ հնչի, ընդամենը գործիք, մանրադրամ է Ռուսաստանի ձեռքին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները պարզելու համար:
Ու ահա այս պայմաններում հայկական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի՝ չեզոքություն պահպանելու համար, որովհետև հնարավոր է՝ կարճ ժամանակ հետո ռուսները լեզու գտնեն թուրքերի հետ, և, ասենք, ապաքրեականացնեն Հայոց ցեղասպանության ժխտումը: Թվում է՝ ամեն ինչ պարզ է, և հանճարեղ դիվանագետ չպետք է լինել այս ամենը հասկանալու համար, և այս հարցը նույնիսկ քննարկման առարկա չպետք է դառնար:
Սակայն, հաշվի առնելով հայկական դիվանագիտության ռուսական ծագումը, այս հարցը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ խնդիրն այս օրերին: Հայաստանի դիվանագիտությունը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, պատրաստ է անգամ հերքել Հայոց ցեղասպանության փաստը, եթե դա պետք լինի Ռուսաստանին: Իսկ Ռուսաստանին այսօր պետք է, և ռուսներն այդ մասին խոսում են՝ առանց ավելորդ ձևականությունների, Հայոց ցեղասպանության հարցն օգտագործել Թուրքիայի հետ՝ առայժմ քարոզչական պատերազմում: Ու հասկանալի է, որ ցանկացած պահի դրան կարող են լծվել Հայաստանի դիվանագետներն ու մտավորականները, քաղաքական գործիչներն ու գիտնականները, մի խոսքով՝ «վերնախավի» բոլոր ներկայացուցիչները, ովքեր պատրաստ են ամեն ինչի՝ ռուսական ցուցումների դեպքում: Իսկ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դա կարող է Հայաստանի համար չափազանց վտանգավոր հետևանքներ ունենալ:
Ռուսական ինքնաթիռի խոցմանը հետևած Մոսկվայի պաշտոնական առաջին արձագանքը բավական խիստ էր: «Դա հարված է թիկունքից»,- հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայոց ցեղասպանության հարցն օգտագործելով Թուրքիայի հասցրած «թիկունքից հարվածին» պատասխանելու համար՝ Ռուսաստանն իրականում թիկունքից հարված է հասցնում Հայաստանին: Անպաշտպան Հայաստանին, քանի որ Ռուսաստանի որևէ հարվածի պատասխանելու ունակ ու համարձակություն ունեցող միավոր Հայաստանում գոյություն չունի: