Բաժիններ՝

«Ես ախպորս հրաժեշտ եմ տվել երազումս»

asparez.am-ը գրում է.  «Լյուբա Սուքիասյանը մեկն է այն հազարավորներից, ովքեր Արցախյան շարժման տարիներին կորցրեցին իրենց տուն ու տեղը եւ բռնեցին գաղթականի ուղին եւ եկան Մայր հայրենիք՝ ազերիկական ոճիրներին զոհ չգնալու համար: Ծնունդով լենինավանցի է, ամուսնացել է Խանլարում: Կյանքից ոչ գոհ է, ոչ դժգոհ, իր ասելով՝ յոլա գնում է: Անցյալ տարի կորցրել է ամուսնուն եւ այսօր Նորաբակ գյուղում ապրում է որդու՝ քսանչորսամյա Ռաֆայելի հետ: Աստծուց մի բան է խնդրում՝ աշխարհին խաղաղություն, որ ոչ մեկը չիմանա կորստի ցավը. սրտում մի ցավ ունի, որ կսկծում է արդեն քսանմեկ տարի. ուղիղ քսանմեկ տարի առաջ անհայտ կորավ եղբայրը՝ Դավիթ Սուքիասյանը, որ կամավորաբար մեկնել էր Հայրենիքը ոսոխից պաշտպանելու:

-Մայիսի քսաներկուսին մեզ գրեթե ոտաբոբիկ բերեցին Նորաբակ: Երեք մատղաշ երեխեք, ես ու ամուսինս: Նորաբակում դեռ ձյուն էր դրած: Ոչ մի բան չունեինք, ոչ մի բան: Որ ճիշտն ասեմ, տեղը ինձ դուր չեկավ: Բայց դե, հազիվ տուն էինք ունեցել: Ամուսնուս ասացի, որ գնանք ուրիշ տեղ, չգիտենք ինչ կլինի, էս տունն էլ կկորցնենք ձեռքներիցս: Էդպես մնացինք, ու զրոյից էլի սկսեցինք տուն տեղ դնել, երեխա մեծացնել, դաստիարակել, ուսումի տալ, ամուսնացնել… Հեշտ չի, եղբորս ցավը սրտումս ուրախացել էլ եմ, լացել էլ… Աստված թող աշխարհին խաղաղություն տա: Ես չեմ ուզում հետ գնալ: Մի անգամ հարցրեցին՝ կուզենա՞ս հետ գնալ, ասացի՝ չէ, ինձ պետքը չի, որ ինչ որ մեկի բալի արյան գնով կամ անհայտ կորելով պիտի իմ տունն ազատագրվի: Իմ զգացած ցավը թող իրենք չզգան:

Տիկին Լյուբան լռում է: Լռում ենք նաեւ մենք:

-Իննսունութին էր: Իմացանք, որ Դավիթիս տեսել են Մասիսում: Հասցե տվեցին, հեռախոս, դե էն ժամանակ հիմիկվա հեռախոսները չկային: Գնացի: Դուռը փակ էր: Ասացին՝ էդտեղ արդեն տասը տարի է՝ մարդ բնակվել չի: Հետ եկա… Շատ կոպիտ պատասխանեցին, էլ չգնացի, նեղվեցի իմ մեջ: Մեկ էլ 2010-ին էր, մի անգամ երազիս տեսա, որ ախպերս եկավ, ինձ տարավ Զվարթնոց ու հաջող արեց, գնաց: Զարթնեցի, ես ինձ մտածեցի, որ երեւի արդեն մահացավ, էլի…»:

Նորից լռում ենք. մենք, որովհետեւ խոսելու կարողություն չունեինք, տիկին Լյուբան, որովհետեւ աչքերը թացացել էին. հարգեցինք տիկնոջ լռությունը:

-Դե հասկանում եք, մինչեւ էդ հենց մի մեքենա էր կանգնում գյուղում, մտածում էի, հենց իմանաս ախպերս է, բայց էդ երազից հետո ոչ, արդեն չեմ նայում լուսամուտից կամ ելնում, թե եկել է: Մինչ երազը նույնիսկ եղել է, որ ուրիշ մարդու նմանեցրել եմ ախպորս ու մոտեցել, հարցուփորձ արել:

Հարցրեցինք՝ ընտանիք ուներ:

-Չէ, չհասցրեց պսակվել: Դպրոցն ավարտեց, ուզում էր ռադիոտեխնիկ սովորել, դե էն ժամանակ մեր մոտ հարգի մասնագիտություն էր, էլի: Ասացինք՝ ամուսնացի: Ասաց՝ դեռ ժամանակը չէ, կգնամ, Հայրենիքը կպաշտպանեմ, կգամ, խաղաղություն կլինի, կամուսնանամ: … Մայրս գնաց Ղարաբաղ, ասաց, որ Դավիթը գա, ինձ Ղարաբաղում ավելի հեշտ կգտնի: Իրեն էնտեղ մահվան թուղթ տվել են, ինձ էստեղ ասել են, որ անհայտ կորածների ցուցակի մեջ է: Ղարաբաղում էլ ինձ ասացին, որ անհայտ կորածների ցուցակում է: Դե սպասում եմ, էլի…»:

Արդեն դուրս էինք գալիս, երբ տիկին Լյուբան հարցրեց.

-Հիմա ի՞նչ, որ սա գրեք, Դավիթն ինձ կտեսնի՞, կարող է մի խեր, խաբարություն լինի ու գա:

Ուղղակի ժպտացինք: Առաջին անգամ, երեւի, կյանքում մեր ժպիտը դարձավ աղոթք ու մաղթանք՝ Աստված տա, ու եթե Աստված հրաշք պիտի գործի, թող որ այս նյութով հրաշագործի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս