Ի՞նչ է ակնարկում Վահե Հովհաննիսյանը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի քննարկումների ժամանակ հիշեցրեց, որ իշխանությունից դուրս գտնվող մարդիկ քանի տարի շարունակ ահազանգում էին վարվող տնտեսական քաղաքականության որոշ դեպքերում կոպիտ սխալների և առաջիկա վտանգների մասին:
Ըստ նրա՝ որոշները մեղավոր են համարում Հրանտ Բագրատյանին, որոշները՝ Ռոբերտ Քոչարյանին, որոշները՝ Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանը որպես թիրախ միշտ կա, և հիմա էլ թիրախ են դարձնում Հովիկ Աբրահամյանին: Սակայն, ըստ նրա, մեզ հիմա անհրաժշետ են ոչ թե թիրախներ, այլ լուծումներ:
Վ.Հովհաննիսյանի խոսքով՝ անվտանգությունը և տնտեսությունը փոխկապակցված են և տնտեսության անկումը վտանգում է երկրի անվտանգությունը: Նա դրական գնահատեց, որ կառավարությունը ետ է կանգնել մեծ, անիրական բյուջեներից:
Պատգամավորը հիշեցրեց, որ տարիներ առաջ «մի խումբ լուրջ մարդիկ» նախաձեռնել էին «Հայաստան 2020» նախագիծն ու խնդիր էր դրված պարզել Հայաստանի զարգացման հեռանկարը, և այսօր երևում է, որ կարող է իրատեսական դառնալ ամենահոռետեսական սցենարը.
«Արդյոք մենք ունե՞նք ռեսուրս սրանից խուսափելու: Վստահ եմ՝ այո: Որպես առաջին քայլ պետք է ահազանգ հնչեցնել, չխաբել ինքներս մեզ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, հրաժարվել սուտ խոստումներից և լծվել ծանր աշխատանքի:
Այդ ահազանգը կարող են հնչեցնել և՛ իշխանության մեջ գտնվող անձինք, և՛ իշխանությունից դուրս գտնվող գործիչները: Ահազանգ ոչ թե թշնամանքի, ահազանգ մտահոգությունների, ահազանգ առկա և սպասվող ծանրագույն մարտահրավերների, միաժամանակ նոր մոտեցումներով, նոր ծրագրերով, ինչո՞ւ չէ, նոր թիմերով աշխատելու պատրաստակամությամբ: Հուսով եմ, որ մենք այս ճանապարհով շարժվելու ենք, որովհետև այլընտրանք գոյություն չունի»: