«էդ հարիֆի վզին են փաթաթելու, գնա-նստի». Գաղտնալսումների ձայնագրություններ՝ քրեական գործում

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ Աշոտ Կույումջյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը, որի ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել ավելի քան 750 մլն դրամի ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր յուրացնելու համար, իրականացվել է քրեադատավարական նորմերի խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասացին Աշոտ Կույումջյանի պաշտպաններ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը: Կարեն Մեժլումյանի խոսքով՝ Աշոտ Կույումջյանը, ով «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության Կապան քաղաքի սպասարկման կենտրոնում աշխատել է՝ որպես վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու, իրեն մեղավոր չի ճանաչում: Կարեն Մեժլումյանի խոսքով՝ ըստ նախաքննական մարմնի՝ Ա. Կույումջյանն ընկերության գլխամասի պահեստից ստացել է լիցքավորման քարտեր, դրանք վաճառել, բայց վաճառք չի ձևակերպել.

«Մնացորդը մնացել է, նայել են, տեսել՝ չեն նկատել, որ վաճառվել է, վաճառքը չեն տեսել: Բնականաբար, ինքը չի ընդունում մեղքը, ասում է՝ սա ֆանտաստիկայի բնագավառից է, նման բան չէր կարող լինել, ասում է՝ ավտոմատացված համակարգ է: Բացի նրանից, որ նա ասում է՝ 500 աշխատակիցներ մուտք ունեն և ցանկացած պահի կարող են իր պահեստի մնացորդը նայել, նաև մենք ունենք «VivaCell»-ի գրությունը՝ 30 աշխատակիցների անուն-ազգանունով, այդ անձինք ուղղակի վերահսկողություն են իրականացնում իր նկատմամբ»: Բացի այդ՝ ըստ փաստաբանի՝ գոյություն ունի հաշվետվություն, որով ընկերությունն ամեն ամիս ստանում է տվյալներ, թե տվյալ անձի պահեստում որքան լիցքավորման քարտ կա:

Ըստ քննության վարկածի՝ Ա.Կույումջյանը 2010 թվականից մինչև 2014թ. հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում նույն ընկերության Երևանում գտնվող պահեստից ստացել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների համար նախատեսված տարբեր տեսակի նյութական արժեքներ, այդ թվում` 1000, 2000 և 4500 ՀՀ դրամ արժողության 717579 հատ լիցքավորման քարտ: Քննության տվյալների համաձայն` նա յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված, ընկերությանը պատկանող 1000, 2000 և 4500 ՀՀ դրամ արժողության 702779 հատ լիցքավորման քարտերը: Կարեն Մեժլումյանի խոսքով՝ նշված թիվը նկատել են միայն 2014թ. հոկտեմբերին. ըստ նրա՝ ցուցմունքներում աշխատակիցները նշել են, որ անհավանական թիվ է. «Ասում են՝ անհավանական թիվ էր, մենք չպատկերացրինք, որ կարող է նման բան լինել, որովհետև դա գերազանցում է ամբողջ պահեստի քարտերի քանակը»: Կարեն Մեժլումյանի խոսքով՝ նախաքննական մարմնի կողմից չեն պահանջվել հաշվետվությունները, իսկ երբ իրենք նախաքննության ավարտից հետո միջնորդել են պահանջել հաշվետությունները, քննիչը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ այդ փաստաթղթերը պահանջելով՝ փաստաբանները նպատակ ունեն Աշոտ Կույումջյանին ազատել պատասխանատվությունից: Կարեն Մեժլումյանը նշեց, որ քրեական գործում կան նաև գաղտնալսումներ, որոցից մեկում, ըստ նրա՝ ասվում է՝ «Էդ հարիֆի վզին են փաթաթելու, գնա-նստի»: Փաստաբանի խոսքով՝ իրենք միջնորդել են քննություն կատարել այդ խոսակցությունների ուղղությամբ, սակայն դատախազի կողմից պատասխան են ստացել, թե նման հեռախոսային խոսակցություններ չկան: Փաստաբանը, սակայն, ասուլիսի ընթացքում միացրեց ձայնագրություններից մեկը:

Կարեն Մեժլումյանի խոսքով՝ գործը միայն թղթային տարբերակով՝ 30 հատոր է, գումարած՝ էլեկտրոնային տարբերակով՝ 370 հատոր: Ինեսա Պետրոսյանն էլ նշեց, որ այդ ծավալով նյութերին ծանոթանալու համար իրենց տվել են ընդամենը 15 օր: Նրա խոսքով՝ Աշոտ Կույումջյանն արտասահմանում է գտնվելիս եղել, 2014թ. նոյեմբերի 23-ին, երբ դեռևս քրեական գործ հարուցված չի եղել, նա բերման է ենթարկվել, և համապատասխան արձանագրության մեջ որպես բերման ենթարկելու հիմք նշված է, որ նա հետախուզման մեջ է գտնվում. ըստ փաստաբանի՝ կազմվել է արտառոց, որևէ իրավական հիմք չունեցող որոշում: Քրեական գործը հարուցվել է նոյեմբերի 24-ին: «Կույումջյանի իրավունքները խախտվել են ի սկզբանե»,- ասաց փաստաբանը: Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ ընդունվել է, օրինակ, փորձաքննություն նշանակելու մասին որոշում, սակայն դրան չեն ծանոթացվել ո՛չ մեղադրյալը, ո՛չ նրա պաշտպանը, վարույթն իրականացնող մարմինն անխտիր մերժել է իր բոլոր միջնորդությունները, որոնք հիմնավոր են եղել: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել, որ երբ տեսել է այդ ամենը, անմիջապես գնացել է ղեկավարության մոտ, տեղեկացրել խնդրի մասին, իրեն ասել են՝ գնա, հանգիստ աշխատիր, և միայն մեկ ամիս առաջ դիմել են իրավապահ մարմիններին. «Ինչո՞ւ, գաղտնալսումները տալիս են դրա պատասխանը»:

Տեսանյութեր

Լրահոս