«Հայաստանը շատ մոտ է համաշխարհային ահաբեկչական տագնապի էպիկենտրոնին». Հիլդա Չոբոյան
«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հսկա քայլով առաջ պետք է ընթանա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը` անդրադառնալով Ֆրանսիայի քաղաքականությանը՝ Մերձավոր Արևելքում և Հայաստանում հնարավոր իսլամական սպառնալիքին:
Ըստ Չաբոյանի, Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը պետք է վերանայվի: Նրա կարծիքով, Ֆրանսիայում վերջին նախագահը, որը յուրահատուկ քաղաքականություն է մշակել, Ժակ Շիրակն էր, ով Միջին Արևելքի հետ իր հարաբերություններում ճիշտ մոտեցումներ էր որդեգրել: «Իրաքի պատերազմից հետո քիմիական զենքերի օգտագործման կասկածներ կային և ՄԱԿ-ի գագաթաժողովի ընթացքում Քոլին Փաուելը մի սրվակ ցույց տվեց՝ ասելով, որ փաստ ունեն, թե քիմիական զենքեր կան Իրաքում, Ֆրանսիայի ԱԳ նախարարը շատ երկարաշունչ ճառով հերքեց դրանից ենթադրվող ռազմական միջամտության անհրաժեշտությունը՝ ասելով, որ Ֆրանսիան ցանկանում է քաղաքական միջոցներով լուծել խնդիրը, և ոչ՝ ռազմական:
Վերջին անգամն էր, որ Ֆրանսիայում արտաքին քաղաքականությանը վերաբերող նման յուրահատուկ արտահայտություն եղավ և Ֆրանսիայի կեցվածքն այդ ժամանակ շատ ավելի առողջ էր միջինարևելյան տագնապի հանդեպ: Սրանից հետո Սարկոզին՝ Լիբիայի պարագայում, Օլանդը` Սիրիայի բոլորովին կախված քաղաքականություն մշակեցին, ԱՄՆ-ից կախված: Այնպես որ, Ֆրանսիան յուրահատուկ քաղաքականություն պետք է ունենա»,- մեկնաբանեց Հիլդա Չոբոյանը՝ շարունակելով, որ Եվրոպայում Ռուսաստանի հանդեպ շատ ավելի մեծ մտահոգություն, շատ ավելի մեծ թշնամություն կա, քան, օրինակ, Թուրքիայի նկատմամբ, այնինչ Սիրիայի պարագայում իշխանությունները, անվտանգության ուժերը, մտավորականությունը, մամուլը շատ լավ գիտեն, թե ինչ դերակատարություն ունի Թուրքիան «Իսլամական պետության» զարգացման հարցում:
«Եվրոպայի և Ֆրանսիայի միջինարևելյան քաղաքականությունը ճիշտ ճանապարհի վրա պետք է դրվի, քանի որ գոյություն ունեն տաբուներ, որ Թուրքիային չի կարելի «կպնել», քանի որ կարևոր երկիր է, Ռուսաստանը թշնամի է, քանի որ Պուտինը բռնապետ է և այլն»,- նշեց նա: Պատգամավորն անդրադառնալով Հայաստանում իսլամիստական հնարավոր սպառնալիքին՝ ասաց, որ Հայաստանը համաշխարհային ահաբեկչական տագնապի էպիկենտրոնում չէ, բայց շատ մոտ է դրան` ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր: «Հայաստանի անվտանգության համար կարևոր է, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականությունը հսկա քայլով առաջ ընթանա ու զարգանա»,- ասաց Չոբոյանը:
Հիլդա Չոբոյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ «168 Ժամի» թերթի վաղվա համարում: