Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալին

Նոյեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ ու նպատակադրված են գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած՝ Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Այդ առումով Բրիջիթ Բրինքն ասաց. «Հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալներով խոշորագույն ներդրողներից մեկն են Հայաստանում, և լիահույս եմ, որ Տնտեսական համագործակցության հարցերով հայ ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի և Առևտրի ու ներդրումների հայ ամերիկյան խորհրդի՝ այս շաբաթվա երևանյան հանդիպումների միջոցով կկարողանանք վերհանել ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ առավել մեծացնելու ուղիներ: Բարձր մակարդակի հանդիպումների այս շարքը մեզ կօգնի ձևավորել առավել շահեկան առևտրային գործընկերություն»:

Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ շեշտելով հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը։ Երկուստեք ընդգծվեց, որ խնդրի կարգավորման շուրջ քննարկումներն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը վնասակար են։

Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը հանգամանալից քննարկում ծավալեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, հակամարտությունների կարգավորման ուղիների վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման գործում և մասնակցությունը այլ երկրներում խաղաղապահ գործողություններին։

Տեսանյութեր

Լրահոս