Բաժիններ՝

«Բաղնիքում լողանալու համար նաև տաք ջուր է պետք, հասկանո՞ւմ եք»

Այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ իշխանությունները խոստացել էին 10 տարում կնկապատկել ՀՀ ՀՆԱ-ն, բյուջեն և ռեալ եկամուտները, սակայն իրականում 10 տարում ՀՆԱ-ն կաճի 20%, բյուջեն ավելի պակաս աճ կունենա ռեալ թվերով, իսկ եկամուտների մասին խոսել անգամ չարժե: Ըստ Հ.Բագրատյանի՝ խնդիրն այն չէ, որ բյուջեն պակասում է, և անգամ տնտեսական աճի տեմպն էլ հետաքրքիր չէ, այլ՝ եթե քայլեր չեն ձեռնարկվում, մյուս տարվա բյուջեն էլ ավելի պակասելու է, 1 մլրդ 183 մլլն-ի փոխարեն 1մլրդ 150 մլն կլինեն եկամուտները, և մեր երկիրը օրեցօր հետ է գնալու:

«Բյուջեի նախագծում ներկայացված չէ զարգացման մոդելը: Իսկ դա գալիս է նրանից, որ կառավարությունում սա չեն վերլուծել: Արդյունքում՝ այս կառավարությունը, որին մենք ամեն անգամ արձագանքել ենք, փորձել ենք օգնել, մոտավորապես արժանանալու է նույն բախտին, ինչ-որ նախորդ կառավարությունը: Այս կառավարությանը մենք զգուշացրել ենք՝ տնտեսությունն աճելու համար պետք է այլ քաղաքականություն: Նախորդ կառավարությունը չէր հասկանում, քաղաքականություն չուներ»,- ասաց Հ.Բագրատյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ կառավարությունը խոսում էր մակրոտնտեսական ստաբիլիզացիայից, որ, օրինակ, բաղնիքում ջերմաստիճանը պետք է լինի 30 աստիճան. «Բայց բաղնիքում լողանալու համար նաև տաք ջուր է պետք, հասկանո՞ւմ եք: Խնդիրը տաք ջուրն ու լողանալն է, իսկ ջերմաստիճանը պայմանն է: Ահա դուք մնում եք նույն մեթոդաբանության մեջ: Քաղաքականություն է պետք»:

Իսկ քաղաքականությունն, ըստ պատգամավորի, այն չէ, որ բնօգտագործման ոլորտում միջոցառումներ են արվում, որ գետեը չկեղտոտվեն, կամ ինվալիդներին այսքան սայլակ կտրվի: Հ.Բագրատյանի խոսքով՝ քաղաքականութունն այն է, թե ինչպե՞ս են եկամուտները բաշխվում, որ տնտեսությունն աճի, ինչպես է եկամուտների բաշխումը ազդելու համախառն պահնաջարկի կորի վրա, որը չկա:

Կարդացեք նաև

«Բարեկամնե՛ր, և սա վերաբերում է Հանրապետության երկրորդ ու երրորդ նախագահներին, վերականգնողական աճը Հայաստանում սպառվել է»,- հայտարարեց Հ.Բագրատյանը:

Նա նշեց, որ 90-ականերին արվել են լավագույն ռեֆորմները աշխարհում ՀԲ գնահատականով, բայց դա ստեղծել էր մթնոլորտ, քանդված տնտեսությունը սկսել էր աճել, բայց վերականգնողական աճից հետո գալիս է աճի մի այլ փուլ՝ ի՞նչ անել, որ զարգացնել և խրախուսել զարգացումը: Հ.Բագրատյանի կարծիքով՝ պետությունը պետք է ի վիճակի լինի ընտրել մի քանի ճյուղեր՝ կլաստերներ, ինչպես եղել է Սինագապուրում, Կորեայում, Թայվանում, Ճապոնիայում, որոնք, ի դեպ, բոլորը զարգացել են նախագահական կառավարման պայմաններում:

«Էսօր դուք ինձ կարող եք ասել՝ ա՛յ Բագրատյան, ի՞նչ վերականգնողական աճ, մենք փող չունենք՝ աշխատավարձ տանք: Լսե՛ք, փող ունեցողը չի խնայում: Սկսում են խնայել, երբ փող չունեն: Հիշե՛ք Եվրոպան, հիշե՛ք Մարշալի պլանը, հիշե՛ք Ստալինի աբլիգացիաները: Մենք ձեզ ասում ենք՝ դրեք 100-200 մլրդ դրամ փող, դրեք 2-3 հատ կլաստեր, ասեք սա զարգացնում ենք, մասնավոր սեկտոր արի, վրան դիր, փողը ավելանա: Այս ճանապարհը եթե չանեք, ոչինչ չի ստացվելու, սպոնտան գնում ենք՝ կա՛մ կաճենք, կա՛մ չենք աճի, իրոք, բացատրությունում էլ կասեն՝ կա՛մ աշխարհը նպաստեց մեր աճին, կա՛մ չնպաստեց»,- նշեց Հ.Բագրատյանը:

Ըստ նրա՝ հարկավոր է փողի զանգվածը կրճատել միայն պարտատոմսերի միջոցով, ներդրումների հիմնադրամ ստեղծել. «Ձեր ներդրումներն էլ են մոնոպոլիզացված, որևէ օլիգարխի անվան հետ կապված: Էդպես չի, էն աղքատ գուղացին պիտի ներդնի: Երբ այս ներդրումները կանեք, տնտեսությունը կաճի»:

Նշելով, որ հարկային բազան կրճատում են գյուղատնտեսության աճով, պատգամավորը նախազգուշացրեց, որ մյուս տարի ավելի լարված է լինելու, և պետք է հարկերը փոխել, կամ գուցե սկսել հարկել գյուղտնտեսությունը: Նա պնդեց, որ սպառման հարկերի տեսակարար կշիռը կարող է բարձրանալ, բայց օրինակ շրջանառության հարկը խթանում է տնտեսությունը և թույլ է տալիս ճյուղ առ ճյուղ քաղաքականություն տանել:

Նախկին վարչապետը քննադատեց նախարար Վաչե Գաբիելյանի հայտարարությունը, որ բյուջեում 75 մլրդ փող կա. «Ախպեր, բյուջեում փողը պետք է լինի զրո: Մենք փողը որ ունենք, ԿԲ պահուստն է: Բյուջեն, եթե իդեալական է աշխատում, եկավ, պետք է ծախսի փողը»:

Հ.Բագրատյանը կրկնեց իր առաջարկը՝ սահմանամերձ 40 գյուղ զինել, որպեսզի մարդիկ ավելի ապահով զգան իրենց:

«Գնացեք լուրջ տնտեսական քաղաքականության: Սխալ կամ ճիշտ, բայց մենք կարդալով թուղթը, տեսնենք, որ կա տնտեսական քաղաքականություն»,- ասաց Հ.Բագրտայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս