«Սերժ Սարգսյանը փղերին նախաճաշ բաժանելու պրոցեսի մեջ է»
«Մենք այդպես էլ Հանրային հեռուստաընկերության միջոցով մեր տեսակետները ներկայացնելու հնարավորություն չունեցանք, այդտեղ հնարավորություն ունի միայն Աշոտյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի մասին: Ա. Սաքունցի խոսքով՝ ճնշումներ են գործադրում այլ կարծիք ունեցողների նկատմամբ.
«Երբ Ժիրայր Սէֆիլյանին հրավիրում են Քննչական կոմիտե, դա ճնշման մի մաս է, որ ուզում են հանրությանը ցույց տան՝ ինչ է լինելու նրանց հետ, ովքեր դեմ են լինելու Սերժ Սարգսյանի՝ այս գործընթացին»:
Հարցին՝ ընդդիմությունն ինչպիսի՞ լծակներ ունի, որպեսզի պայքարի այդ վարչական լծակների դեմ, Ա. Սաքունցը պատասխանեց, որ ինքն ընդդիմության ո՛չ փաստաբանն է, ո՛չ էլ իրավաբանը.
«Այսօր ամբողջ դաշտը, որ գոյություն ունի, դրանք մի ամբողջության մեջ են: Հանրությունն առաջին հերթին՝ իրազեկված չէ բովանդակային տեսակետից: Իհարկե, հանրությունը կարոտ է բովանդակային իրազեկման: Ռեալիթի շոուն իսկապես շոու է, ոչ թե իրազեկում»:
Բանախոսը նկատեց, որ եթե սահմանադրական այս փոփոխություններն անցնեն, օրենսդրական դաշտը հարմարեցվելու է նոր Սահմանադրությանը՝ ներկայիս Ազգային ժողովի կողմից.
«Այսինքն՝ 2017 թվականին մենք գնում ենք այսօրվա կայուն մեծամասնության կողմից ձևավորված օրենսդրական դաշտով: Սա վտանգավոր է, քանի որ սա ճգնաժամային իրավիճակ ստեղծելու ուղիղ ձև է»:
Հարցին էլ, թե ինչպե՞ս կարող է հանրությունը պայքարել այս ամենի դեմ, Ա. Սաքունցը պատասխանեց, որ հանրությունն այս պրոցեսը չի համարում լեգիտիմ.
«Կողմ եմ քաղաքացիական անհնազանդության այն ձևին, որը հանրությունը ցույց է տալիս: Ընդդիմությունը չունի հետագայի վերաբերյալ ծրագիր, թե ինչ են իրենք առաջարկում, Սերժ Սարգսյանը փղերին նախաճաշ բաժանելու պրոցեսի մեջ է, թե ով ինչ պատառներ է ստանալու այն թխվածքից, որը թխվելու է»: