Եռակի սպանության մեջ կասկածվող նախկին պատգամավորի ազգականը մանրամասն պատմել է դեպքի մասին. ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան Կոտայքի մարզի Հանքավան գյուղի «Տաք ջուր» կոչվող տարածքում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է: Սպանության կասկածանքով երեկ ձերբակալվել է 27-ամյա Հայրապետ Սեփոյանը (Հայտնի է Ապո մականունով), որը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի քրոջ որդին է:
Ըստ նախնական տեղեկությունների, նախօրեին Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում Սեփոյանը կրակոցներ է արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով սպանվել է երեք անձ՝ սնանկացած գործարար Ֆրունզե Գալստյանի որդիներ՝ 35-ամյա Վահե եւ 25-ամյա Վարդան Գալստյանները եւ նրանց մտերիմ ընկերը՝ 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:
Մեր տեղեկություններով, մինչ կրակոցները Արարատ կոչվող ճամբարում վիճաբանություն է տեղի ունեցել Սեփոյանի հոր՝ Գագիկ Սեփոյանի եւ գործարարի որդիների միջեւ: Վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ հրազդանցի հայտնի գործարար Ֆրունզե Գալստյանի (Հրազդանում հայտնի է Ֆուզո մականունով,-հեղ.)՝որդիները դաժան ծեծի են ենթարկել Հանքավան գյուղի անտառապահին՝ նրան մեղադրելով Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը կտրելու մեջ: Միջադեպի մասին իմանում է Գագիկ Սեփոյանի որդին եւ փորձում վրեժ լուծել: Վիճաբանությունն ավարտվում է կրակոցներով:
Սպանված եղբայրները Հրազդան քաղաքի բնակիչներ էին: 35-ամյա Վահե Գալստյանը ամուսնացած էր, ուներ երեք երեխա: Մյուս եղբայրը՝ Վարդան Գալստյանը ամուսնացած չէր, նախկինում դատված է եղել. նա 2011 թվականին մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու մեջ եւ դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: 2013 թվականին Վարդան Գալստյանը համաներումով ազատ է արձակվել: Երրորդ սպանվածը՝ 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը օրերս էր վերադարձել Հունաստանից՝ հարսանիքի մասնակցելու: Նա կրակոցներից հետո իջել է մեքենայից եւ օգնություն խնդրել, սակայն մինչ շտապօգնության հասնելը մահացել է:
Սպանության մեջ կասկածվող Հարությունը Սեփոյանը Մարմարիկ գյուղի բնակիչ է, բնակվում էր ծնողների հետ: Մեր զրույցում գյուղապետ Արտակ Պետրոսյանն ասաց, որ Սեփոյանը 2012 թվականից ավագանու անդամ է: «Խոսում են, որ հորը ծեծել են: Նրանք շատ խելոք, նորմալ, հավասարակշռված մարդիկ են»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ այս պահին դեպքից այլ մանրամասներ չգիտի: Սեփոյանի քեռին՝ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը երեկ մեր զրույցում չցանկացավ խոսել դեպքի մասին. « Բան չունեմ ասելու, խոսելու: Ես դեպքից տեղյակ չեմ»,- եզրափակեց նախկին պատգամավորը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: