Մանրամասներ՝ «Տաք-ջուր» ժամանցային գոտում տեղի ունեցած սպանության դեպքից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին ահազանգ էր ստացվել, որ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, ևս մեկ տղամարդու դիակ հայտնաբերվել էր Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում։ Սպանվածներից երկուսը՝ Վահե Գալստյանը և Վարդան Գալստյանը, Հրազդանում ժամանակին հայտնի գործարար, բանկի կառավարիչ Ֆրունզիկ Գալստյանի որդիներն են։ Ավելի ուշ հայտնի դարձավ երրորդ սպանվածի ինքնությունը՝ Արմեն Հովհաննիսյան։
Երեկ ոստիկանություն ներկայացավ սպանության մեջ կասկածվող անձը՝ 1988թ. ծնված Հայրապետ Սեփոյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի քրոջ որդին է։ Սպանության մանրամասների վերաբերյալ երեկ մեզ մի շարք ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան։ Դեպքի վայր մեկնած «Ժամանակի» թղթակցին Հայրապետ Սեփոյանի գյուղում՝ Մարմարիկում, գյուղացիներից մեկը պատմեց, որ Հայրապետ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը, Հանքավանում անտառապահ է աշխատում։ Դեպքի օրը երեկոյան սպանված եղբայրները հորը պատկանող օբյեկտում 5 հոգով քեֆ են արել, ուրախացել են։ Նրանք խմած վիճակում ծառ են հատել, որից հետո Գագիկ Սեփոյանը մոտեցել Է նրանց և պարզաբանում պահանջել, թե ինչու են հատել ծառը։ Տղաները վիճաբանության մեջ են մտել անտառապահի հետ և երկաթե ձողով հարվածել նրա դեմքին, որից ամբողջությամբ մնասվել է Սեփոյանի աչքը։ Նա այժմ գտնվում է Երևանում՝ հիվանդանոցում։ Կատարվածից հետո որդին՝ Հայրապետ Սեփոյանը, լսելով այս մասին, ըստ երևույթին, զայրացել է, վերցրել է ինքնաձիգը և գնացել դեպքի վայր, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը։ Հայրապետը կրակել է Վահեի, Վարդանի և նրանց ընկեր Արմենի ուղղությամբ։

Հայրապետի համագյուղացին ասաց, որ երիտասարդը շատ հարգված էր գյուղում, երբեք որևէ անախորժության մեջ չի եղել, նույնիսկ այն հանգամանքը, որ քեռին պատգամավոր է եղել, նրան չի ստիպել իրեն վատ պահել։ Համագյուղացին նշեց, որ Հայրապետի հայրը դեռևս հիվանդանոցում է, իսկ մայրը նոր է դուրս գրվել հիվանդանոցից, քանի որ իմանալով դեպքի մասին՝ վատացել էր։

Երեկ մենք զրուցեցինք նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետի հետ, ով ասաց, որ դեպքի ժամանակ սպանվածներից երրորդը՝ Արմեն անունով երիտասարդը, որը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, «Նիսան» մակնիշի մեքենայով կարողացել է մոտ երկու կիլոմետր քշել և «Տաք ջուր» կոչվող վայրում մարդկանցից օգնություն խնդրել։

Նրան օգնել է տեղում գտնվող պահակը՝ Սերյոժան, ով էլ հենց ահազանգել էր ոստիկանություն։ Նա տղային տարել է պահակատուն՝ օգնություն ցույց տալու, սակայն մինչ շտապօգնության հասնելը՝ տղան արնաքում է եղել և մահացել։ Թե ինչպես է երիտասարդը կարողացել հրազենային վնասվածքով երկու կիլոմետր մեքենան վարել, արդյոք սպանված երիտասարդներն իսկապես ալկոհոլի ազդեցության տա՞կ են եղել, թե՞ ոչ՝ կպարզի քննությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս