Լիցենզավորվել է տաքսի ծառայություն մատուցող մոտ 8000 տրանսպորտային միջոց
2015 թվականի հունվարի 6-ից սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու լիցենզավորման նոր կարգ, որով պարզեցվել է տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը:
Հիշեցնենք, որ նախքան «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը, քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչների, անհատ տաքսու վարորդների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկումների արդյունքում սահմանվել են հարկման նվազագույն ցուցանիշներ: Երևանում տաքսի ծառայություն մատուցելու համար ամսական տուրքի չափը 12 հազար դրամ է, հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում, ամսական տուրքը 8000 դրամ է, 700 գյուղական համայնքներում՝ 5000 դրամ, իսկ 183 սահմանամերձ բնակավայրերում ամսական տուրքը կազմում է 4000 դրամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանն ասաց, որ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու բնագավառում իրականացված օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեին նվազագույնի հասցնել պահանջվող փաստաթղթերը, կրճատել լիցենզիայի տրամադրման ժամկետները, հեշտացնել ոլորտում ֆիզիկական անձանց գործունեություն ծավալելու հնարավորությունները:
Նա նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից իրականացվող լիցենզավորման գործընթացը մշտապես գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի անմիջական հսկողության ներքո:
Գործընթացը պարզեցնելու արդյունքում տաքսու վարորդներն անհրաժեշտ փաստաթղթերն այժմ ներկայացնում են միայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն: Այստեղ գործում է «Մեկ պատուհան» սկզբունքը՝ երկու առանձին ծառայությամբ. հայտերի ընդունում-խորհրդատվության տրամադրում և լիցենզիաների տրամադրում:
Ներկայացնելով դիմումը՝ անհրաժեշտ փաստաթղթերով և վճարելով պետական տուրքը՝ տաքսի ծառայութուն մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձինք 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանում են լիցենզիա և ներդիր: Անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ներկայացնել ինչպես առձեռն, այնպես էլ էլեկտրոնային նամակով կամ փոստով:
Տաքսի ծառայություն մատուցելու համար լիցենզիա ստանալու գործընթացը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ընթանում է բնականոն հունով:
Հունվարի 6-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում լիցենզավորվել է 7769 տրանսպորտային միջոց, որոնցից 5334-ը ֆիզիկական անձինք են, իսկ 165-ը տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ 2435 տրանսպորտային միջոցներով:
Նշված ժամանակահատվածում լիցենզավորման համար ներկայացված դիմումներից մերժվել է 9-ը: 4 հայտ մերժվել է այն պատճառով, որ տրանսպորտային միջոցի ղեկը եղել է աջակողմյան, իսկ 5-ը՝ լիցենզավորվող ֆիզիկական անձի վարորդական իրավունք չունենալու համար:
Զրուցեցինք նաև անհատ տաքսու վարորդների հետ։
Վարորդ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ օրենքում փոփոխություններ կատարելը ճիշտ էր. «Որովհետև մեր ջանքերի շնորհիվ դեղին պետհամարանիշները վերացան, մնաց սպիտակ պետահամարանիշը։ Լիցենզավորվում են, դեղին քարտ են կպցնում դիմապակուն և աշխատում են: Շատ լավ օրենք է, ուղղակի տաքսու վարորդները չեն ուզում այդ 12000 դրամը վճարեն: Մարզերում, ինչքան հիշում եմ, 5000 դրամ է, քաղաքում՝ 12 000 է։ Բայց որ դառնա մի գին՝ ավելի լավ կլինի, քանի որ բոլոր մարզերի մեքենաները այստեղ՝ քաղաքում են աշխատում: Անձնական օգտագործման մեքենաներին դեղին պետհամարանիշ տալը սխալ էր, քանի որ դեղին պետհամարանիշով մեքենան չես կարողանում վաճառել։ Իսկ ինչո՞ւ պետք է դեղին պետհամարանիշ լինի, չէ՞ որ դա անձնական օգտագործման մեքենա է»:
Մեկ այլ վարորդ՝ Նիկոլայ Մկրտչյանն այն կարծիքին է, որ օրենքում տեղ գտած փոփոխություններն ունեն և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն. «Լիցենզավորվել ենք, հանգիստ աշխատում ենք, մեզ ոչ ոք չի նեղացնում։ Օր կա, որ չենք կարողանում աշխատել այդ գումարը, օր էլ կա նորմալ է լինում: Դե, ամսվա վերջում մուծում, նորմալ աշխատում ենք»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: