Կրեմլի նոր հանձնարարությունն Էդվարդ Նալբանդյանին
Ըստ «Հայկական Ժամանակ» թերթի՝ իշխանության վերնախավում քննարկվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ձմեռային նստաշրջանը բոյկոտելու տարբերակը: Թերթի դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ ներկայումս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցություններ է վարում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հետ՝ տխրահռչակ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը չեզոքացնելու համար։ Հայկական կողմը, ըստ այդմ, փորձում է զեկույցից վերացնել գոնե հակահայկական ձևակերպումները: Դրանում չհաջողելու դեպքում էլ, հնարավոր է՝ հայկական պատվիրակությունը բոյկոտի ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանը: Հաշվի առնելով հայկական դիվանագիտության գործելաոճը, և, որ ավելի կարևոր է՝ այն, թե ում շահերն է իրականում սպասարկում հայկական դիվանագիտությունը, այս տեղեկատվությունը շատ մոտ է թվում իրականությանը:
ԵԽ ԽՎ համապատասխան հանձնաժողովում այս խայտառակ զեկույցի ընդունումը Հայաստանում փորձեցին ամբողջությամբ բարդել Բաքվի խավիարային դիվանագիտության ու ադրբեջանական նավթադոլարների վրա, ինչեր ասես, որ չասացին «ծախված» եվրոպատգամավորների մասին: Այդ հայտարարությունների մի մասը գուցե համապատասխանում էր իրականությանը, սակայն դրանք ամենևին չպետք է արդարացում դառնան հայկական դիվանագիտության խայտառակությունը քողարկելու համար:
Այո, ԵԽ ԽՎ-ում կան պատգամավորներ, ովքեր դեմ չեն նվիրատվություններ ստանալ Ադրբեջանից: Սակայն ԵԽ ԽՎ-ում այդ պատգամավորների քվեարկությունները միայն ադրբեջանական նվերներով պայմանավորելն առնվազն քաղաքական անմեղսունակություն է, որով տառապում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից շատերը: ԵԽ ԽՎ-ում կամ որևէ այլ հարթակում եվրոպական տարբեր երկրների պատգամավորները քվեարկում են՝ առաջին հերթին՝ հաշվի առնելով իրենց պետությունների շահերը և իրենց պետությունների դիրքորոշումը քվեարկվող հարցի վերաբերյալ: Միայն Հայաստանում կարելի է մտածել, որ որևէ երկրից ԵԽ ԽՎ պատգամավորը կարող է կաշառք վերցնել Ադրբեջանից և քվեարկել վերջինիս օգտին, եթե իր ներկայացրած երկիրն այդ հարցում ունի հակառակ դիրքորոշումը:
Այսինքն, որքան էլ ցավալի է, սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ այդ խայտառակ զեկույցն իրականում ոչ թե առանձին վերցրած կաշառված պատգամավորների, այլ նաև այն երկրների դիրքորոշումն է, որոնց ներկայացնում են այդ պատգամավորները: Հենց դրա վկայությունն է այն, որ Է. Նալբանդյանը բանակցում է ԵՄ երկրների արտգործնախարարների հետ: Այլապես, այսինքն՝ եթե իրականությանը համապատասխանեին հայկական արդարացումներն այն մասին, որ զեկույցն ամբողջությամբ ծախված պատգամավորների գործունեության արդյունքն է, Նալբանդյանը պետք է բանակցեր այդ պատգամավորների հետ՝ առանձին-առանձին:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, ամենայն հավանականությամբ, ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում ևս այդ զեկույցն ընդունվելու է, գուցե որոշակի ճշգրտումներով:
Հիմա անդրադառնանք հարցի մյուս կողմին՝ ԵԽ ԽՎ նստաշրջանը բոյկոտելու հնարավորությանը, որը հայկական կողմը քննարկում է: Բոյկոտը, հատկապես նման հարթակներում իրականացվող բոյկոտը, իրականում անզորության նշան է: Առավել ևս, երբ խոսքը ոչ թե, ասենք, Ռուսաստանի կամ Գերմանիայի նման տերության մասին է, այլ Հայաստանի, որի բոյկոտը ԵԽ ԽՎ-ում անգամ պատգամավորներից շատերը կարող են չնկատել: Բոյկոտն ամեն ինչ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության վրա բարդելու քաղաքականության շարունակությունն է, որը միայն մեկ իմաստ ունի՝ արդարացնել հայկական դիվանագիտության խայտառակ գործելաոճը, ավելի ճիշտ՝ անգործությունը:
Սակայն, բացի դրանից, հնարավոր բոյկոտն ունի մեկ այլ, շատ ավելի վտանգավոր նրբերանգ: Հասկանալի է, որ ներկայիս պայմաններում հայկական պատվիրակության կողմից ԵԽ ԽՎ նստաշրջանը բոյկոտելու քայլը, մեղմ ասած, լավ չի ընդունվի Եվրոպայի կողմից: Այն դեպքում, երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստան-Եվրոպա հարաբերություններում առաջացած ճգնաժամը նոր-նոր սկսում է հաղթահարվել, և առաջիկայում (գրեթե նույն ժամանակահատվածում, երբ տեղի է ունենալու ԵԽ ԽՎ նստաշրջանը) սպասվում են ԵՄ-ի հետ բանակցությունները՝ նոր Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ:
Իսկ ո՞ւմ է ձեռնտու, կամ ո՞վ կարող է ցանկանալ ու Հայաստանին դրդել այս պայմաններում փչացնել հարաբերությունները Եվրոպայի հետ: Այո, առաջին հերթին ու առավելապես՝ Ռուսաստանին, որին, ինչպես հայտնի է` Էդվարդ Նալբանդյանը վերաբերվում է առանձնակի սիրով ու պատրաստակամությամբ: Այնպես որ, եթե Ռուսաստանը խնդիր դնի Նալբանդյանի առջև՝ բոյկոտել ԵԽ ԽՎ նստաշրջանը, վերջինս ԵՄ երկրների արտգործնախարարների հետ կբանակցի այնպես, որպեսզի այդ զեկույցում հակահայկական ձևակերպումները ոչ թե՝ նվազեն, այլ՝ ավելանան:
Հ.Գ. ԵԽ ԽՎ նստաշրջանը բոյկոտելու քայլի դեմ կարող են բոյկոտել այդ կառույցում հայկական պատվիրակության անդամները: Բոյկոտել ԵԽ ԽՎ նստաշրջանը՝ կնշանակի՝ հունվարին չմեկնել Ստրասբուրգ: Իսկ հունվարին, ինչպես հայտնի է, եվրոպական խանութներում հայտարարվում են մեծ զեղչեր, որոնցից հայկական պատվիրակության անդամներին զրկելն ավելի մեծ հարված է, քան հակահայկական որևէ բանաձևի ընդունումը ԵԽ ԽՎ-ում: