«Երևանը կարող է Մոսկվային թույլ չտալ, ինչպես ռուս-վրացական պատերազմի ժամանակ»

Հարցազրույց ռուսաստանցի ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերի հետ

– Պարոն Ֆելգենգաուեր, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օրերս անդրադարձել էր Ստեփանակերտի օդանավակայանը Սիրիայում ռուսական գործողությունների համար տրամադրելու հարցին, ինչն ակտիվ շրջանառվում է ռուսական մամուլում։ Հայաստանցի փորձագետները պնդում են, որ Ռուսաստանը սիրիական գործողությունների անվան տակ իր ձեռքը կվերցնի ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը։ Սա դիտարկվում է` որպես հնարավորություն Մոսկվայո՞ւմ, թե՞ առանձին փորձագետների կողմից առաջ քաշվող տարբերակ է։

– Կարծում եմ` քննարկվող տարբերակ է որոշ փորձագետների դեպքում։ Պաշտոնական Մոսկվան մտադիր չէ Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործել սիրիական ճգնաժամում։ Չկա դրա ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական անհրաժեշտությունը։ Եթե նույնիսկ ունենար, նման քայլի չէր դիմի, քանի որ դա Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ կստեղծեր առաջին հերթին` Ադրբեջանի հետ։ Երկրորդ` Ռուսաստանն արդեն ունի իրեն այս պահին բավարարող ռազմական ներկայություն Հայաստանում`
ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների տեսքով։ Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործմամբ Ռուսաստանն իր գլխին լուրջ խնդիրներ կլցնի, որի ո՛չ ռազմական, և ո՛չ էլ քաղաքական անհրաժեշտությունն այս պահին չկա։

Օդանավակայանի օգտագործումը կհարուցի Բաքվի դժգոհությունը, ում հետ հարաբերությունները Մոսկվան վերջերս է կարողացել փոքր-ինչ կարգավորել։ Ենթադրում եմ, որ ԼՂՀ նախագահն է ցանկանում, որպեսզի Ռուսաստանն օգտագործի Ստեփանակերտը, բայց Ռուսաստանի իշխանությունները նման բան չեն անի։ Մենք միտումնավոր կերպով պետք է բարդացնենք մեր հարաբերությունները Բաքվի և Արևմուտքի հետ այն դեպքում, երբ չենք կարգավորել մեր հարաբերություններն Արևմուտքի հետ, առավել ևս` շարունակվում է սիրիական ճգնաժամը, որում ներգրավված է նաև Ռուսաստանը։ Մեզ նոր հակամարտություններ այս պահին պետք չեն, ուստի օդանավակայանը չի օգտագործվի, եթե նույնիսկ կարիք լինի թռչել Ստեփանակերտ։

– Ըստ Ձեզ` չկա նաև քաղաքական անհրաժեշտությո՞ւնը, այսինքն` ԼՂ հակամարտության գործընթացում իրավիճակ փոխելու ցանկություն նման միջոցների գործադրմամբ։

– Ոչ, չկա այսօր նման անհրաժեշտություն։ Ռուսաստանը պետք է ցանկանար փոխել իրերի դրությունը Ղարաբաղում նման քայլի գնալով, բայց չկա նման ցանկություն, առավել ևս` քաղաքական անհրաժեշտություն։

– Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով եղավ Երևանում և, ըստ ռուսական թերթերից մեկի` ռուսական կողմը Հայաստանին առաջարկում է հանձնել Ղարաբաղը։ Այս տեղեկությունները տպավորություն են ստեղծում, որ կա որոշակի գործընթաց, այնուամենայնիվ, Ղարաբաղի շուրջ, որի շարունակությունը նաև Ստեփանակերտի օդանավակայանի կիրառումն է։

– Այո, կան նման խոսակցություններ, սակայն դրանք այնքան անլուրջ են, առավել ևս` խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանը կճանաչի անկախությունը, դա ծիծաղելի է, չի անի Ադրբեջանը նման բան այսօր ոչ մի կերպ։ Այսօր ես ոչ մի կարգավորման հեռանկար չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանին, ստատուս-քվոյից բացի, այլ բան պետք չէ, դա մեզ այսօր լիովին ձեռնտու է։ Իրավիճակը փոխելու ջանքեր Ռուսաստանը չի ներդնում։ Դա արել է Մեդվեդևը, արդյունքները զրոյական էին, այսօր ջանք չի ներդրվում, նախագահների հանդիպումներն ուշ-ուշ են լինում, չկա որևէ առաջընթաց, բոլորն են հասկանում, որ Մինսկի գործընթացն առաջ չի ընթանում դրականորեն։

Սկզբունքորեն ներկայումս ստատուս-քվոն Մոսկվային ձեռնտու է, քանի որ կան լավ հարաբերություններ և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, նրանք իրար հետ վատ հարաբերություններ ունեն, բայց դա Մոսկվային քիչ է հուզում, քանի որ իր հետ այդ հարաբերությունները լավ են, քանի որ մենք այսօր այլ շատ մտահոգություններ ունենք ինչպես Ուկրաինայում, Սիրիայում, տնտեսությունում, իսկ Ղարաբաղում հեղաշրջում որևէ մեկը չի կազմակերպելու, բոլորը հասկանում են, որ բեկման հնարավորություն այսօր չկա։ Իսկ քանի որ Մոսկվային ստատուս-քվոն ձեռնտու է, այդպես էլ, ամենայն հավանականությամբ, կպահպանվի իրավիճակը։ Բացառվում են նաև ռուս-ադրբեջանական գործարքները, որոնց մասին այդքան խոսվում է։ Եթե Ռուսաստանին ձեռնտու է ստատուս քվոն, ապա չի լինի ոչ մի գործարք։

– Օրերս ՌԴ նախագահը ստորագրեց կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ միասնական ՀՕՊ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Որոշ փորձագետներ պնդում են, որ սա կօգտագործվի սիրիական հակամարտությունում, ոմանք` Վրաստանի և Թուրքիայի դեմ։ Ինչո՞ւ է ստեղծվում այս համակարգը, երբ նման համակարգ, ըստ էության, գործում է։

– Երևում է, որ սա Հայաստանի և Ռուսաստանի 20 տարուց ավելի ունեցածի պաշտոնականացում, ֆորմալացում է։ Հայաստանի հետ առանց սրա նույնիսկ մենք միասնական համակարգ ունեինք, քանի որ Հայաստանում մեր ՀՕՊ համակարգն էր, մեր կործանիչները, և այլն, և այլն։ ՀՕՊ այս համակարգով հավելյալ տեխնոլոգիաներ կլինեն, միասնական վերահսկողություն, որը գուցե ավելի արդյունավետ լինի։ Բայց չեմ կարծում, որ բեկումնային փոփոխություններ են լինելու` պայմանավորված այս համակարգով։

Հայաստանի հետ այդ համակարգը, այսպես թե այնպես, կար։ Ադրբեջանն ու Վրաստանն այս համակարգի մաս չեն, դա նշանակում է, որ տարածաշրջանային համակարգ ամեն դեպքում չկա և չի լինի։ Մոսկվայի համար լավ կլիներ, եթե լիներ կովկասյան տարածաշրջանային ՀՕՊ, որին կմիանար և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը։ Բայց դա հնարավոր չէ, իսկ Հայաստանի հետ այն ամենևին էլ կովկասյան չէ, սակայն, իհարկե, կարելի է հասկանալ այս համակարգի միջոցով` ինչ է կատարվում Վրաստանում և Ադրբեջանում։ Փաստաթուղթը կստորագրեն, և վերջ, ինչ կա այնտեղ` արդեն կա, պետք չէ սպասել կարդինալ փոփոխությունների։ Հայաստանի համար գուցե սա կարևոր քաղաքական հռչակագրում է, որ, եթե այնտեղ լինի ինչ-որ խառնաշփոթ, ապա սա անվտանգության հավելյալ երաշխիք է դառնում։ Սա չի վերաբերում Ղարաբաղին, քանի որ Ռուսաստանը Ղարաբաղում շարունակում է չեզոքություն պահպանել։

– Հաշվի առնելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հարցազրույցը` կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը կարող է օգտագործել հայաստանյան օդային տարածքն իր թիրախների դեմ։ Որքանո՞վ է Հայաստանն անկախ լինելու, ըստ Ձեզ, չտրամադրել իր օդային տարածքը կամ տնօրինել սեփական օդային տարածքը։ Օդային տարածքն ամբողջությամբ միասի՞ն է տնօրինվելու։

– Ռուսաստանը, ըստ էության, չի կարող անել այն, ինչ ցանկանում է։ Մշտապես անհրաժեշտ է թույլտվություն ՀՀ իշխանություններից։ Օրինակ, հիշեք 2008թ. Ռուս-վրացական պատերազմը. հայաստանյան օդային տարածքը Վրաստանի դեմ ռազմական գործողությունների համար չօգտագործվեց, քանի որ Երևանը Մոսկվային չթույլատրեց օգտագործել այն։ Այսինքն` կամքը Երևանինն է։ Իսկ ներկայումս չգիտեմ` գուցե Իրանով Սիրիա թռնելու համար օգտագործվի, բայց շատ անհրաժեշտ չէ, Հայաստանն այս առումով կենսական չէ։ Մերձավորարևելյան ռազմական գործողություններից Հայաստանն աշխարհագրորեն և քաղաքականապես հեռու է, այնպես որ, իմաստ չունի, և չկա դրա կենսական անհրաժեշտությունը։ Այստեղ կա նաև թուրքական գործոնը։ Ռուս-թուրքական հարաբերությունները նախանձելի վիճակում չեն, ուստի այս տարբերակը նույնիսկ կենսականության դեպքում չէր օգտագործվի Թուրքիային չհրահրելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս