«Աշխարհը գնալով ավելի ու ավելի խոցելի է դառնում կիբերահաբեկչության վտանգների առջև». Եվգենի Կասպերսկի

Համաշխարհային ՏՏ մրցանակի վեցերորդ դափնեկիրը՝ «Կասպերսկի լաբորատորիա» մասնավոր ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Եվգենի Կասպերսկին, պաշտոնական եռօրյա այցով Հայաստանում է: Այս մասին այսօր հայտնի դարձավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսից, որի բանախոսներն էին Եվգենի Կասպերսկին, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Եվգենի Կասպերսկին Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը ստանալու նպատակով: Հայտնի է, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ՀՀ Նախագահի նստավայրում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի` 2009 թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, ովքեր տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով` նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված Մրցանակաբաշխության կոմիտեի և Միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից:
Ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀՀ Նախագահի մրցանակին՝ կիբերանվտանգության՝ աշխարհում ճանաչված փորձագետ Եվգենի Կասպերսկին նշեց.

«Անչափ շնորհակալ եմ ՀՀ Նախագահին՝ այս հեղինակավոր մրցանակի համար: Ինձ համար մեծ պատիվ է համալրել նախորդ տարիների մրցանակակիր տեխնոլոգիական գուրուների շարքը: Մենք երկար տարիներ աշխատում ենք Հայաստանում՝ առանձնահատուկ կարևորելով ուսանողների և ՏՏ մասնագետների համար նախատեսված կրթական ծրագրերը: Հաճելի է տեսնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետական մակարդակով զգալի աջակցություն է ստանում՝ որպես երկրի սոցիալական և տնտեսական առաջընթացի գերակա ուղղություններից մեկը»:
Խոսելով սեփական մասնագիտության և համաշխարհային նշանակություն ունեցող իր հայտնագործության, այն է՝ կիբերանվտանգության ոլորտում կատարված մեծագույն նվաճման մասին, ճանաչված փորձագետ Եվգենի Կասպերսկին այսպես է արտահայտվում.

Կարդացեք նաև

«Ամենակարևոր գաղափարը, որ ես ուզում եմ փոխանցել այստեղ հավաքվածներին, այն իրողությունն է, որ համակարգչային անվտանգության ոլորտն իրենից ներկայացնում է մակաբույծ մի համակարգ: Իրականում սա կյանքն ավելի լավը դարձնելուն միտված ոչինչ չի անում: Այս ոլորտը բոլորովին չի նպաստում տեղեկատվական ոլորտի, այստեղ գործող ընկերությունների կամ սեկտորների զարգացմանը, առաջընթացին, նույնիսկ առավել արդյունավետ գործելու տարբերակներ չի առաջարկում: Կիբերանվտանգության միակ առաքելությունը սահմանափակվում է ՝ մաքրելու այդ ոլորտում պարբերաբար հավաքվող աղբը, և այն կարևոր ու պահանջված է հենց այնքանով, որ այս ոլորտն այն տարածքներից է, որտեղ մշտապես «թագավորել» են փորձում ամեն տեսակի «միջատները», «մակաբույծերը», «կրծողները», և այլք: Փաստ է, սակայն, մնում այն, որ կիբերանվտանգության համակարգը չի նպաստում անմիջականորեն ձեր համակարգիչներին կամ սմարթֆոններին՝ աշխատել ավելի արագ, ավելի արդյունավետ, և այլն: Այն պարզապես պաշտպանում է դրանք ամեն տեսակի կիբերվտանգներից, և ոչ ավելին»:

Աշխարհն արմատապես փոխած ՏՏ ոլորտի և այդ ոլորտի զարգացման տենդենցների մասին «Կասպերսկի լաբորատորիա» մասնավոր ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Եվգենի Կասպերսկին ասում է. «Չկա ավելի մեծ հայտնագործություն, որը մարդկանց կյանքն ու կենցաղն այս աստիճան ռադիկալ փոփոխությունների ենթարկած նվաճումներ գրանցեր: Եկեք վերանայենք ասածս. այդ ո՞ր հայտնագործությունը փոխեց աշխարհի ընթացքն այնպես, ինչպես դա արեց թվային տեխնոլոգիան՝ էլեկտրաէներգիայի՞ գյուտը, փոխադրամիջոցների՞ գյուտը… Աշխարհը բաժանվում է երկու մասի՝ մինչև համակարգչային գյուտը, և դրանից հետո: Նայեք երեխաներին, ովքեր անընդհատ խնդրում են իրենց ծնողներին՝ իրենց iPhon-ն նվիրեն: Ի՞նչ են հորդորում նրանց իրենց ծնողները՝ դու դեռ փոքր ես iPhon ունենալու համար, և այստեղ է, որ սկսվում է ամենահետաքրքիրը, երբ երեխան հակադարձ հարցն է ուղղում իր ծնողներին՝ իսկ դու քանի՞ տարեկան էիր, երբ ունեցար քո iPhon-ը…: Նրանք՝ այդ երեխաները, այսօր արդեն չեն կարողանում պատկերացնել կյանքն առանց կոմպյուտերային տեխնոլոգիաների: Մի՞թե սա ցնցող ու անդառնալի հեղափոխություն չէ: Աշխարհը կտրուկ փոխել է իր դեմքը, բայց այդ փոփոխությունն իր հետ շատ լուրջ խնդիրներ է առաջ բերել»:

Անդրադառնալով ներկայում և մոտ ապագայում մարդկությանը սպառնացող հիմնական կիբերվտանգներին, ասուլիսի բանախոս Ե. Կասպերսկին առանձնացնում է դրանցից երեք հիմնական խմբերը՝ կիբերհանցագործություններ, կիբերլրտեսության ռիսկերի աճ և առանցքային ենթակառուցվածքները վնասելուն ուղղված կիբերզենքերի կիրառման վտանգներ: Եվգենի Կասպերսկիի կանխատեսումներով՝ թվային սարքավորումների և համակարգերի լայն կիրառումը հանգեցրել է այնպիսի իրավիճակի, երբ աշխարհը գնալով ավելի ու ավելի խոցելի է դառնում կիբերահաբեկչության վտանգների առջև.

«Համակարգչային տեխնիկայի հայտնագործությունը, որ ի սկզբանե նպատակ էր հետապնդում կյանքը, այսպես ասած՝ ավելի լավը դարձնել, ցավոք սրտի, ի սկզբանե մտածված չէր նաև՝ որպես անվտանգ մի համակարգ: Կիբերանվտանգությանը սպառնացող հարյուր-հազարավոր հակերների բանակն այսօր արդեն սփռված է ամբողջ աշխարհում: Նրանք չընդհատվող ջանասիրությամբ գտնում են բազմաթիվ տարբերակներ, որոնցով փորձում են պղտորել մեր բոլորի կյանքը: Հիշենք՝ ովքե՞ր էին կիբերանվտանգությանը սպառնացող ամենաառաջին հաքերները. դրանք պատանիներն էին, որոնց գործունեությունը կարելի էր բնութագրել՝ որպես մանր խուլիգանություն, հետո եկավ արդեն հակերների, այսպես ասած, բանդաներով գործելու ժամանակը, որին հաջորդեցին կիբերահաբեկիչները, իսկ հիմա արդեն ականատեսն եք դառնում կիբերահաբեկչությունների բազմաթիվ օրինակների:

Այս մասին այսօր արդեն մտահոգություններ են հնչում աշխարհի ամենաբարձր մակարդակներով՝ G20 գագաթաժողովի կամ նախագահական հանդիպումների ընթացքում»:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ներկայացրեց իր տեսլականն այն քայլերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է իրականացնել գլոբալ և տեղային մակարդակներում՝ համացանցի և թվային սարքավորումների գործածումն առավել անվտանգ դարձնելու նպատակով. «Պետք է ընդունենք, որ մենք ապրում ենք թվային «միջնադարում»: Մենք ստեղծել ենք գերզարգացած կիբերտեխնիկական աշխարհ, բայց դեռ լիովին չենք տիրապետում այդ ոլորտն ապահով պահելու տարբերակներին: Ստեղծվել է հզոր մի կենդանի համակարգ, բայց մարդիկ դեռ չեն տիրապետում դրա ապահովության բոլոր երաշխիքներին:

Ավելի ճիշտ՝ դուք դեռ չգիտեք, ես վաղուց գիտեմ այդ մասին, պարզապես կա ինֆորմացիայի մի շերտ, որոնց բացահայտելու, հանրայնացնելու նպատակահարմարությունը դեռևս չկա: Գործի բերումով մենք հաճախ ենք առնչություններ ունենում կիբեր-ոստիկանների հետ և մասնակցում նույնիսկ որոշակի հանցագործությունների բացահայտման պրոցեսին: Մեզ հաճախ ենք դիմում այս կամ այն հանցագործության բացահայտման նպատակով, այսպես ասած, «հետախուզություն» անցկացնել համակարգչային տիրույթներում: Դրանք կիբերհարձակումներն են՝ տարբեր երկրների պետական, բանկային համակարգերի, տելեկոմների վրա: Այն ինֆորմացիան որ մենք գիտենք, ոչ մի պարագայում հրապարակման ենթակա չէ»:
Խոսելով կիբերանվտանգության համակարգում համապետական և միջազգային համագործակցությունների մասին՝ Եվգենի Կասպերսկին ընդգծեց, որ «Կասպերսկի լաբորատորիա» մասնավոր ընկերությունը համագործակցում է ինչպես՝ տեղական և ԱՊՀ, այնպես նաև՝ միջազգային երկրների ազգային անվտանգության ծառայությունների հետ, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի երկրների, ԱՄՆ-ի և այլն:

Ասուլիսի ընթացքում Ե. Կասպերսկին անդրադարձավ նաև Հայաստանում տարածված կիբերանվտանգության խնդիրներին՝ ընդգծելով, սակայն, որ դրանք կրում են գրեթե նույն բնույթը, ինչ ամբողջ աշխարհում՝ փոխելով միայն տարածաշրջանային դիրքը: Ըստ նրա՝ բովանդակային իմաստով որևէ առանձնահատուկ խնդիր հայաստանյան կիբերանվտանգության համակարգը դեռևս չի գրանցել:

Անդրադառնալով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը նշեց, որ այս մրցանակը համաշխարհային լավագույն փորձը մեր երկրում ներկայացնելու և աշխարհին մեր մասնագետների աշխատանքը հասանելի դարձնելու փորձն է: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում նա նշեց, որ մրցանակաբաշխության հիմքում կարևորվել է մրցանակակրի Հայաստան ժամանման գործոնը. «Եվգենի Կասպերսկին տեղեկատվական անվտանգության բնագավառում պատմության ընթացքը փոխող, հեղափոխական ընթացք ձևավորող անհատներից մեկն է, ում այցն արդեն շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Եվգենի Կասպերսկին բավական ճանաչված և ընդունված է նաև մեզ մոտ՝ Հայաստանում:

Մեր երկրում այսօր գործում են Կասպերսկու լաբորատորիաները: Նա մեծ հպարտությամբ է ընդունել այս լուրը, բարձր է գնահատում մրցանակը, և ահա այսօր նա արդեն Հայաստանում է՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը ստանալու համար»:

Ասուլիսի ընթացքում խոսելով ՏՏ ոլորտի զարգացման տենդենցների մասին՝ Հ. Մուսաելյանը հավելեց. «Մենք այլընտրանք չունենք, քան ապավինել գիտարար ճյուղերի զարգացմանը: Վստահ ենք, որ տարիներ անց այս պատվավոր մրցանակին արժանացած հսկաները կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ, և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր երկրի հեղինակությունն ու ճանաչումը՝ որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր»:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ ընդգծեց, որ այս մրցանակը փոխադարձ հնարավորություն է՝ ՏՏ մասնագետների համար՝ ի ցույց դնելու այս ոլորտում իրենց ունեցած գիտելիքներն ու ներուժը: «Ժամանակակից աշխարհում, որտեղ ազգերի հզորությունը կախված է նրանց տեխնոլոգիական և տնտեսական ներուժից, ՏՀՏ-ն համարվում է տնտեսական զարգացման կարևորագույն երաշխիք: Որպես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ՝ մենք շարունակաբար ականատես ենք լինում հայ մասնագետների նվաճումներին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի չիրացված հսկայական ներուժ, որն իր հերթին՝ կարող է խթան հանդիսանալ երկրի տնտեսական զարգացման համար: Ուստի մենք պարտավոր ենք աջակցել ազգային կարևորության այսօրինակ ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ոլորտի հետագա զարգացմանը»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Տեղեկացնենք, որ վեցերորդ տարին անընդմեջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստանձնում է մրցանակաբաշխության հովանավորությունը: Մինչ օրս ընկերությունը ծրագրի իրականացման նպատակով տրամադրել է 125 մլն դրամ: Ասուլիսին հաջորդեց Եվգենի Կասպերսկիի «Վտանգների ինտերնետը» («The Internet of Threats») խորագրով դասախոսությունը՝ ՏՀՏ համայնքի ներկայացուցիչների համար:
Եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են նաև Եվգենի Կասպերսկիի հանդիպումները «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում,

Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, Ցեղասպանության թանգարանում, ինչպես նաև նախատեսվում է ճանաչված փորձագետի հանդիպումը հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հիշեցնենք, որ Կասպերսկին վեցերորդն է, ում շնորհվում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը:

Առաջին մրցանակը շնորհվել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթին (2010թ): «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է (2011թ.): Երրորդ մրցանակը ստացել է «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.):

Չորրորդ մրցանակին արժանացել է Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ «Հիթաչի էլեկտրոնիկ դիվայսիզ գրուփի» նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիթաչիի» գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն (2013թ.): Անցյալ տարի ՀՀ Նախագահի մրցանակին է արժանացել «Սիսկո» («Cisco») ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան, ով մրցանակը ստացել է Հայաստան կատարած այցի ընթացքում (2014թ):

Տեսանյութեր

Լրահոս