Կենտրոնական բանկը թուլացնում է ճնշումը
Ինչպես երևում է, ՀՀ Կենտրոնական բանկը որոշել է փոքր-ինչ թուլացնել դեռ մեկ տարի առաջ «ձգած փականները» և թույլ տալ տնտեսությանը շնչել։ Սա երևում է ՀՀ ԿԲ երեկվա որոշումից, որով փոփոխություններ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվներ» փաստաթղթում։
Փոփոխությունները վերաբերում են կանոնակարգ 2-ին, և առաջին հերթին` բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափին։
Որպեսզի ամեն ինչ ավելի հասկանալի լինի, մեկ տարի ետ գնանք։
2014 թվականի դեկտեմբերին, ինչպես հիշում եք, դրամը կտրուկ արժեզրկվեց։ Դոլարի փոխարժեքը կանխիկ շուկայում հասավ շուրջ 600 դրամի, և ձևավորվեց արտարժույթի սուր դեֆիցիտ։ Իրավիճակը սպառնում էր դուրս գալ վերահսկողությունից, և ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականի դեկտեմբերի 17-ին վա-բանկ գնաց` արտարժութային նշված նորմատիվը 12 տոկոսից բարձրացրեց մինչև 24 տոկոս։
Ի՞նչ էր սա նշանակում։ Օրինակի վրա պարզաբանենք։ Հաճախորդը 1000 դոլար է դնում իր բանկային ցպահանջ հաշվին կամ ժամկետային ավանդի հաշվին։ Եթե նախկինում բանկը պետք է այդ 1000 դոլարից 120 դոլարը (12%) փոխարկեր դրամի և պահուստավորեր Կենտրոնական բանկում, ապա որոշումից հետո այդ գումարը դարձավ 240 դոլար։
Հիմա սա վերածեք ամբողջ բանկային համակարգի վրա։ Այսինքն` ԿԲ-ն ստիպեց բանկերին ահռելի քանակությամբ դրամ գնել և շրջանառությունից դուրս բերել։ Սա, բնականաբար, պետք է ստեղծեր դրամի դեֆիցիտ և նպաստեր դրամի արժևորմանը։
Այդպես էլ եղավ։ Արդեն իսկ հաջորդ օրը դոլարի փոխարժեքը նվազեց 30 դրամով և կայունացավ 495 դրամի սահմաններում։
Սա չափազանց կոշտ քայլ էր, և մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 24-ին, ԿԲ-ն նվազեցրեց արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը` 24%-ից` մինչև 20%։
Ինչի՞ բերեց այս ամենը։ Ճիշտ է` դրամի արժեզրկումը կանգ առավ, սակայն այս քայլերը բացասաբար ազդեցին վարկավորման վրա։ Փաստացի 350-360 միլիոն դոլար շրջանառությունից դուրս եկավ, ինչը չէր կարող ազդեցություն չթողնել տնտեսական ակտիվության վրա։ Բանկերն էապես կրճատեցին հատկապես դրամային վարկերը, ինչի պատճառով սկիզբ առավ դրամային սով։
Զուգահեռաբար` դեկտեմբերի 23-ին ԿԲ-ն որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով` սահմանելով 8.5%։ 2015 թվականի հունվարի 21-ի արտահերթ նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց ևս 1 տոկոսային կետով` մինչև 9,50%, իսկ փետրվարի 10-ին հասցվեց 10.5 տոկոսի:
Իր հասցեին հնչող քննադատություններին, թե նման կոշտ քայլերով խեղդում է տնտեսությանը, ԿԲ-ն պատասխանում էր, որ իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթը` ապահովում է գների կայունությունը։ Ասել է թե` եթե կոշտ քայլեր չարվեին, դրամը կտրուկ կարժեզրկվեր, ինչը կբերեր ներմուծվող ապրանքների գների կտրուկ աճի։
Մի խոսքով, ԿԲ-ն շուրջ մեկ տարի տեղի չտվեց և ընթացքում իջեցրեց միայն լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը։ Սակայն այժմ կարծես ինչ-որ բան է փոխվում։
Վերը նշված փոփոխությունը, ինչպես նշեցինք, վերաբերում է 20% պահուստավորման նորմատիվին։ Միանգամից նշենք` այն չի փոխվում, մնում է 20%, սակայն սահմանվում են որոշ բացառություններ։
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից արտարժույթով, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ` մետաղական հաշիվ) ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 20 տոկոսի չափով` բացառությամբ սույն կանոնակարգի 24.1.2, 24.1.3, 24.1.4 և 24.1.5 կետերով սահմանված դեպքերի»,- նշվում է ԿԲ որոշման մեջ։
Բացառությունները բավականին խրթին են ձևակերպված, սակայն մեկ օրինակ ներկայացնենք։ Ասենք, պարտատոմսերով արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 0 տոկոսի չափով, եթե տիրապետում է պարտատոմսերի սեփականատերերի վերաբերյալ արժանահավատ ու թարմացվող տեղեկատվության, որի համաձայն` պարտատոմսերի շրջանառվող ծավալի առնվազն 50 տոկոսը պատկանում է բանկի բաժնետերերից և բանկի հետ կապված անձանցից տարբերվող այլ անձանց։
Միևնույն ժամանակ, այդ պարտատոմսերին այլ պահանջներ էլ են ներկայացվում. դրանց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը չպետք է փոքր լինի 2 տարուց, մայր գումարի մասնակի մարումներ չպետք է նախատեսված լինեն տեղաբաշխման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում, և այլն։
Էականն այս դետալները չեն (դրանք, մեծ հաշվով, վերաբերում են միայն բանկերին)։ Էականը հենց բացառություններ նախատեսելու փաստն է։ Այսինքն` ԿԲ-ն որոշել է փոքր-ինչ մեղմացնել քաղաքականությունը` տնտեսական աճին նպաստելու համար։
Հենց ԿԲ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ իրականացված փոփոխությունների նպատակն է` մեղմել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը` առավել արտոնյալ պայմաններ սահմանելով երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման դեպքում:
Ավելացնենք, որ մի քանի օր առաջ` նոյեմբերի 10-ի նիստում, ԿԲ խորհուրդը որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 9.75%:
Այս ամենն անուղղակիորեն նշանակում է, որ ՀՀ տնտեսության հետագա զարգացումները լուրջ ռիսկեր են պարունակում, ինչը տեսնում են նաև ԿԲ-ի մասնագետները։ Չնայած այս տարի նախատեսվում է 3.5% տնտեսական աճ, իսկ հաջորդ տարի` 2.2%, այդուհանդերձ, ռիսկը մեծ է, որ տնտեսությունը կարող է անգամ անկումային միտումներ ցուցաբերել։ Ի վերջո, Հայաստանի տնտեսության վրա բացասաբար ազդող արտաքին գործոնները չեն վերացել և դժվար թե վերանան տեսանելի ապագայում։ Ռուսաստանի տնտեսական վիճակով պայմանավորված` տրանսֆերտների ներհոսքը կշարունակի մնալ ցածր մակարդակի վրա, լավատեսության հիմքեր չկան նաև արտաքին առևտրի և ներդրումների առումով։
Այս պարագայում կոշտ դրամավարկային քաղաքականությունը շարունակելն առավել դժվարին կացության մեջ կդներ ՀՀ տնտեսությունը։ Դժվար է ասել` ԿԲ այս քայլերն ի՞նչ արդյունք կտան, և արդյոք ԿԲ-ն կշարունակի՞ թուլացնել պայմանները։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ անկախ լավատեսական կանխատեսումներից` բոլորը պատրաստվում են դժվար ժամանակների։