«Փարիզի ահաբեկչությունը կարելի է դիտարկել «Ալ-Քաիդա»-«Իսլամական պետություն» շարունակվող հակամարտության համատեքստում». արաբագետ

Փարիզի 7 շրջաններում երեկ երեկոյան գրեթե միաժամանակ տեղի են ունեցել ահաբեկչություններ՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, ինչի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, սպանվել է նվազագույնը 158 մարդ: Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ սա աննախադեպ ահաբեկչություն էր, որովհետև ահաբեկչական հարձակումների բոլոր տեսակներն ակնառու էին՝ և՛ պատանդներ պահել, և՛ մեքենայով շարժվելով՝ ինքնաձիգով ինչ-որ կրակահերթեր արձակել անցորդների վրա, և՛ մահապարտ ահաբեկիչների պայթեցումների կիրառում:

«Դեռ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել: Եթե Իսլամական պետությունը լինի, ապա նա միանգամից ստանձնում է ահաբեկչության պատասխանատվությունը, բայց դա միշտ անում է հաջորդ օրը, կեսօրից հետո, սպասենք՝ կտեսնենք: Բայց սա ավելի նման է «Ալ-Քաիդայի» ձեռագրին: Այս ահաբեկչությունը կարելի է դիտարկել «Ալ-Քաիդա»-«Իսլամական պետություն» շարունակվող հակամարտության համատեքստում, ինչը նկատելի էր մուսուլմանական աշխարհում: Հիմա, փաստորեն, այդ հակամարտության դաշտը տեղափոխվում է արդեն Եվրոպա մայրցամաք: Այնպես որ, սա ահազանգ է միջազգային հանրությանը, և սպառնալիքն ակնառու է»:

Արաբագետը նշեց, որ չպետք է հրահրվեն լրացուցիչ հակամուսուլմանական տրամադրություններ, որովհետև, ըստ նրա, զգացմունքային պոռթկումներով մտքերը, գաղափարները շատ հաճախ էլ ավելի են նպաստում, որպեսզի իսլամական ծայրահեղ գաղափարները տարածվեն և այդ ահաբեկչությունները նորից իրականացվեն. «Զոհերի մեջ մուսուլմաններ էլ կլինեն, այնպես որ սա համամարդկային խնդիր է, մուսուլմանները նույնպես տառապում են»:

Ս. Գրիգորյանն ընդգծեց՝ Մերձավոր Արևելքում վերջին ահաբեկչությունները ինչ-որ չափով անկազմակերպ են իրականացվում. «Օրինակ՝ Բեյրութի ահաբեկչության ժամանակ ահաբեկիչներից մեկը սպանվեց մյուս ահաբեկչի պայթյունի ժամանակ, այսինքն՝ դեռ ինքն էլ պետք է պայթյուն իրականացներ, բայց զոհ գնաց: Անկազմակերպվածությունը նկատելի է: Մինչդեռ Փարիզի դեպքերը լավ կազմակերպված, երկար ժամանակ ծրագրված գործողություններ էին» :

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե Իսլամական պետությունը սպառնացել էր նաև Ռուսաստանին՝ տեսանյութի միջոցով, հնարավո՞ր է Փարիզի սցենարն այնտեղ էլ լինի, արաբագետը պատասխանեց.

«Չեմ բացառում, որ նման սցենարներ կարող են կրկնվել աշխարհի յուրաքանչյուր հատվածում: Փարիզի գործողությունները ցույց տվեցին, որ, մեծ հաշվով, ֆրանսիական իշխանությունները պատրաստ չէին դրանց: Հնարավոր է՝ չսպասես ինչ-որ մեկից, որ նման գործողություններ կիրականացնի, բայց այդ գործողությունները տեղի ունենան: Այնպես որ` նման սպառնալիք աշխարհի յուրաքանչյուր հատվածում իսլամականներից սպասելի է»:

Տեսանյութեր

Լրահոս