Դիաբետով ապրող մարդկանց 80%-ն ապրում է միջին և ցածր եկամուտ ունեցող պետություններում. ԱՆ
Դիաբետի դեմ պայքարի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով՝ ի պատասխան ամբողջ աշխարհում դիաբետի հիվանդացության աճի սպառնալիքին, 1991 թվականից նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր:
1922 թվականի հունվարի 22-ին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանթինգը պատմության մեջ առաջին անգամ ներարկելով ինսուլին` փրկեց 14-ամյա պատանու կյանք: Նոյեմբերի 14-ն ընտրվել է ի պատիվ Ֆ.Բանթինգի ծննդյան օրվա` նրա վաստակը հավերժացնելու նպատակով:
Դարեր շարունակ մարդկությունը չուներ պայքարի միջոց այդ հիվանդության դեմ, և «շաքարային դիաբետ» ախտորոշումը հույս չէր թողնում մարդուն` ոչ միայն առողջացման, այլև առանց ինսուլինի ապրելու. հորմոն, որը նպաստում է հյուսվածքների կողմից շաքարի յուրացմանը, առանց որի հիվանդ օրգանիզմը չի կարող գոյատևել:
Չնայած շաքարային դիաբետը շարունակում է մնալ անբուժելի հիվանդություն, ինսուլինի շնորհիվ այն հնարավոր է պահել հսկողության տակ, ինչը չափազանց կարևոր է, քանի որ դիաբետը քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների հետ միասին դասվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների շարքին, որոնք առավել հաճախ են բերում հաշմանդամության և ունեն բարձր մահացություն:
Շաքարային դիաբետի միջազգային ֆեդերացիայի զեկույցի համաձայն` աշխարհում դիաբետով ապրում է 382 մլն մարդ, իսկ 2035 թվականին հիվանդացության այսպիսի աճի դեպքում հիվանդների թիվը կավելանա 55 %-ով և կհասնի 592 մլն: Դիաբետով ապրող մարդկանց 80%-ն ապրում է միջին և ցածր եկամուտ ունեցող պետություններում: Այս մարդկանց մեծ մասը 40-59 տարեկան են, այսինքն` պատկանում են աշխատունակ տարիքային խմբին, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի հաշմանդամության հանգեցնող այս հիվանդության հետևանքների համար:
Հայաստանի Հանրապետությունում 1990 թվականին շաքարային դիաբետով հիվանդացությունը մեծահասակ (15 տարեկանից բարձր) ազգաբնակչության շրջանում կազմել է 183.6 (100 հազ. բնակչի հաշվարկով), իսկ 2014 թվականին՝ 327.9, այսինքն` արձանագրվել է հիվանդացության աճ 1.8 անգամ:
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակը դիաբետի, հիվանդացության և կանխարգելման մասին իրազեկման բարձրացումն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խրախուսում և աջակցում է դիաբետի և դրա ռիսկի գործոնների համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացմանը, դիաբետի և դրա բարդությունների դեմ պայքարին և կանխարգելմանը, հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցաղ պետություններում: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարային դիաբետի համաճարակաբանական հսկողության համակարգը, որը կնպաստի այդ հիվանդությունների դեպքերի մոնիտորինգի, իրավիճակի վերլուծության, գնահատման, կանխատեսման, առողջապահության ոլորտի քաղաքական որոշումների կայացման, կոնկրետ գործողությունների մշակմանը և իրագործմանը:
a