«Զարգացող երկրից զարգացածի անցնելու համար միայն տնտեսական աճն ապահովելը բավարար չէ»

Դիլիջանում այսօր մեկնարկեց Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը, որն անցկացվում է «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո:

Ֆորումի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը, որը, ըստ նրա, կրում է «Ինովացիոն առաջընթացի ուղին» խորագիրը: «Ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ հատկապես ինովացիոն առաջընթացի ճանապարհով ենք տեսնում մեր երկրի տնտեսության զարգացման հեռանկարը: Դուք, իհարկե, քաջատեղյակ եք, որ տնտեսական զարգացման սահմանափակումների հաղթահարման ու աճի կայուն հիմքերի ապահովման նպատակով տնտեսագիտական ու քաղական միտքն ու պրակտիկան տասնամյակների ընթացքում բազմաթիվ մոտեցումներ են առաջարկել: Տնտեսական աճի տարբեր մոդելներ փորձում են բացատրել զարգացման հենքային գործոնները, սահմանները, տարբեր կանխադրույթների ու սցենարների հիման վրա ներկայացնել հայեցակարգեր ու սկզբունքներ, որոնք պետք է ընկած լինեն երկրների զարգացման քաղաքականության հիմքում: Երկրներն ու միջազգային կառույցներն արդեն տասնամյակներ շարունակ միասնական ջանքեր են ուղղորդում համընդհանուր աղքատության հաղթահարման ու եկամուտների միջև անհավասարության նվազեցման ուղղությամբ:

Այդուհանդերձ, հիմնախնդիրն իր սրությամբ այսօր էլ մնում է ամբողջ հանրության համար քաղաքականության օրակարգի առաջնային մարտահրավերներից մեկը: Այն լիարժեքորեն տեղավորվում է միջազգային ու ազգային անվտանգության ու կայունության ապահովման համատեքստում: Այսօր համաշխարհային տնտեսությունը և հատկապես զարգացած երկրները հետճգնաժամային վերականգնման շրջափուլում են, տնտեսական ակտիվության տեմպերը խթանելու ջանքերն ուղեկցվում են սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերներով:

Տնտեսական աճի մի շարք ավանդական աղբյուրներ հետզհետե կորցնում են իրենց նշանակությունը: Ֆիզիկական կապիտալում կատարվող ներդրումները նվազող միտումներ ունեն, ինչն էական ռիսկ է, հատկապես՝ զարգացող երկրների երկարաժակետ տնտեսական աճի համար: Աստիճանական մեծանում են մտավոր ակտիվներում ներդրումների ծավալները, որոնք սկզբունքային նախապայման են տեխնոլոգիական զարգացման համար: Հայաստանի տնտեսական զարգացման պատմական սցենարն ու ներկա վարքագծային դրսևորումները պարզապես պարտադրում են որդեգրել զարգացման նոր գաղափարախոսություն՝ երկարաժամկետում կայուն հենքային շարժիչներ ձևավորելու նպատակով»: Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ մինչ այսօր երկրի զարգացման հետագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զարգացող երկրից զարգացածի անցնելու համար միայն տնտեսական աճն ապահովելը բավարար չէ: Խոսելով այլ իրողությունների մասին ևս՝ նա նշեց, որ դրանց համատեքստում զարգացման մոդելի վերագնահատումն ու վերանայումն անվիճարկելի հրամայական են:

Կարդացեք նաև

Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ մեր զարգացման տեսլականի շրջանակներում որոշակի խումբ ներքին մարտահրավերներ անհրաժեշտ է լրջագույնս հասցեագրել՝ հաշվի առնելով դրանց համակարգային բնույթն ու հրատապությունը՝ որպես զարգացման հենքային սահմանափակում: Մասնավորապես, նա նշեց արտադրողականության բարձրացման մարտահրավերը. ըստ նրա՝ մրցունակ տնտեսություն ձևավորելու նախապայմանն արտադրողականության մակարդակի բարձրացումն է՝ ինչպես՝ ճյուղերի, այնպես էլ՝ ընկերությունների մակարդակով: Անդրադառնալով խնայողությունների ձևավորման մարտահրավերին՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ տնտեսությունն արդյունավետ գործելու և բարձր ակտիվություն ապահովելու հնարավորություն ունի, եթե մշտապես ներդրումային հոսքեր կլանելու կարողություն ունի. «Օտարերկրյա ներդրումների համար տնտեսության գրավչության պահպանումը ռազմավարական նախապայման է: Հետևաբար՝ երկմուտներ-խնայողություններ-ներդրումներ շղթայի գործարկման ներքին կարողության ապահովումը ևս մարտահրավեր է: Խնայողության օգտին որոշումներ կայացնելու կամ կապիտալի արտահոսքը կանխելու լավագույն միջոցը երկրում ներդրումներ անելու հնարավորության ստեղծումն է: Այդպիսի պայմաններ ստեղծվում են, երբ երկիրն անընդհատ պահպանում է արդիական տնտեսություն ունենալու հավակնությունը: Այսինքն՝ արդիականացման գործընթացները երբեք չպետք է խզվեն, որպեսզի լրացուցիչ խնայողությունները լրացուցիչ եկամուտ ստեղծելու հնարավորություն ունենան: Վերջինիս միակ նպատակն անձի կողմից իր մտավոր և ֆիզիկական կարողությունների լիարժեք իրացումն է՝ դրա դիմաց համարժեք նյութական, բարոյական և, ինչո՞ւ ոչ, հոգևոր փոխհատուցման ապահովումով»:

Կարեն Ճշմարիտյանն առանձնացրեց նաև աճի ներառականության ապահովման հրամայականը. ըստ նրա՝ Հայաստանում տնտեսական աճի կայունության, այն զարգացման վերածելու նպատակադրման, աճի արդյունքները բնակչության կենսամակարդակի բարձրացմանը ծառայեցնելու հնարավորությունը պայմանավորված է աճի որակի (մոդելի) և արագության ապահովմամբ: Անհրաժեշտ է, որպեսզի նոր արդյունքի ստեղծման գործընթացում ներգրավված լինեն հնարավորինս մեծ թվով ճյուղեր և աշխատանքային ռեսուրսներ: «Հաջորդը տարածաշրջանային գերազանցություն ապահովելու անխուսափելիությունն է: Հայաստանի նման զարգացող փոքր տնտեսությունները գլոբալ խաղին մասնակցելու հնարավորություն են ստանում միայն տարածաշրջանային ինտեգրման գործընթացներում հաջողելու միջոցով»: Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ իրենց վերլուծությունները միանշանակ հանգում են համոզման, որ Հայաստանի զարգացման քաղաքականության ողջ վեկտորն այսուհետ ինովացիոն զարգացման միջոցով գիտելիքահենք տնտեսության ձևավորումն ու կայացումն է: «Որքան էլ տարբեր մոտեցումներ լինեն զարգացման առանձին ասպեկտների վերաբերյալ, երկրների առաջընթացի արդյունքները և օրինաչափությունները, համաշխարհային տնտեսության ներկա իրողությունները, Հայաստանի զարգացման միտումները, հնարավորություններն ու սահմանափակումները հաշվի առնելով՝ գիտելիքահենք տնտեսությունն ընդունվում է՝ որպես երկարաժամկետ, կայուն զարգացման ուղղորդիչ մոդել, որի առանցքային գործոնը գաղափարներն են, իրացման ճանապարհը՝ ինովացիան և ինովացիոն զարգացումը, հիմնական մարտահրավերը՝ գաղափարների խզվածքի հաղթահարումը»:

Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ Հայաստանի ինովացիոն զարգացման հիմքում դրվում է ինովացիայի լայն ընկալումը. «Ինովացիան ժամանակակից ընկալմամբ՝ գործընթաց է, որը լիարժեք կայանում է նոր գաղափարի ձևավորումից՝ մինչև առևտրայնացում՝ ամբողջական շղթայի իրացման արդյունքում»: Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ մարդկային կապիտալի զարգացման նպատակով իրականացվող ներդրումները որակապես նոր, ինովացիոն տնտեսության կայացման նախապայման են. «Անշուշտ, ինովացիոն համակարգը հիմնված է բավական բարդ հարաբերությունների վրա, բայց միանգամայն հստակ և միանշական է, որ այդ հարաբերություններում առանցքային օղակը կրթությունն է»:

Նրա խոսքով՝ հաջորդ սկզբունքն այն է, որ ինովացիայի հիմնական կրողները ձեռնարկատերերն են: Անդրադառնալով ինովացիոն համակարգի կայացման ու ինովացիոն զարգացման տեսանկյունից պետության դերին՝ Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ պետության դերը որոշիչ է ոչ միայն՝ պատշաճ ինստիտուտների ձևավորման ու կայացման համակարգի տարրերի միջև անհրաժեշտ հոսքերի ապահովման, այլև՝ ինովացիոն արդյունքի սպառման տեսակետից:

«Ինովացիոն զարգացմանն անցումը սկսվում է գիտական և տեխնոլոգիական զարգացումների կլանումից ու համընդհանուր զարգացումներին զուգահեռ՝ ազգային համատեքստում տեղայնացումից: Այս համապարփակ և բազմաշերտ գործընթացը պահանջում է արդյունավետ, կենսունակ ու ճկուն ազգային ինովացիոն համակարգի ձևավորում՝ պատշաճ կրթական համակարգի ձևավորման և կայացման միջոցով մարդկային կապիտալի զարգացում, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման միջոցով հետազոտությունների, մշակումների խթանում ու մասշտաբայնացում, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և կարգավորման շրջանակի ձևավորում»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս