«Փորձ է արվում կառավարության որոշումն ինչ-որ ձևով հարմարեցնել իրավիճակին»

ՀՀ ճանապարհային ոստիկանությունն օրերս հաղորդագրություն էր տարածել՝ բոլոր վարորդներին հորդորելով իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափերին, իսկ առջևի հողմապակու և առջևի դռների թաղանթներն ընդհանրապես ապամոնտաժել: Հակառակ դեպքում վարորդները կտուգանվեն: Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու համար պատասխանատվություն նախատեսում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասը. նման խախտումների համար օրենսգիրքը նախատեսում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 հազար դրամ:

Որպես հիմք՝ ՀՀ ոստիկանությունը վկայակոչում է ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշումը՝ նշելով, որ տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:

Հետագայում, սակայն, ՀՀ ոստիկանությունը պարազաբանել էր, որ խոսքը միայն ու միայն առջևի հողմապակու մասին է, իսկ մտահոգությունը՝ միայն ու միայն երթևեկության անվտանգությունը:

Որոշ փաստաբաններ, սակայն, գտնում են, որ կառավարության այդ որոշումը ոչ թե կարգավորում է տրանսպորտային միջոցների շահագործման կարգը, այլ ստանդարտներ է սահմանում ապակիների արտադրության համար: Փաստաբան Արամազդ Կիվիրյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ փորձ է արվում կառավարության որոշումը հարմարեցնել իրավիճակին:

Կարդացեք նաև

Artavazd Kiviryan

– Պարոն Կիվիրյան, վկայակոչված որոշման հիմքով վարորդները կարո՞ղ են պատասխանատվության ենթարկվել:

– Կարծում եմ՝ ՃՈ կողմից վկայակոչված կառավարության որոշումը՝ N 289-Ն, որի հիման վրա ՃՈ-ն գտնում է, որ վարորդներին կարող է տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմնավոր չէ այնքանով, որքանով, ըստ էության, փորձ է կատարվում կառավարության որոշումն ինչ-որ ձևով հարմարեցնել իրավիճակին: Եթե շատ խորանանք, իրականում կառավարության այդ որոշումը սահմանում է, թե ինչպես պետք է արտադրվեն այդ ապակիները:

Կառավարության այդ որոշման մասնավորապես 8-րդ կետը սահմանում է, որ ապակիները պետք է արտադրվեն այս տեխնիկական կանոնակարգով և ստանդարտացման նորմատիվներով, ինչպես նաև ապակիների տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան: Այսինքն՝ ըստ էության, որոշումը վերաբերում է արտադրությանը, արտադրվող ապակիները պետք է համապատասխանեն կառավարության այս որոշմամբ սահմանված ստանդարտներին:

Սակայն պետք է առանձնացնել: Խնդիրը հետևյալն է. վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, որը սահմանում է տուգանքը, խոսում է ապակիների լուսափաթանցելիության չափի խախտման և արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության մասին: Այսինքն՝ մի դեպքում խոսքն ապակու մասին է, որն արտադրված է` որպես այդպիսին՝ իր լուսաթափանցելիությամբ, մյուս դեպքում՝ երբ տեղի է ունեցել արտաքին թաղանթապատում: Ասվում է, որ արտաքին թաղանթապատում (հիմնական խնդիրը, որը բարձրացվում է ՃՈ կողմից՝ կապված է արտաքին թաղանթապատման հետ) ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը և բացառությունները պետք է սահմանվեն ՀՀ կառավարության կողմից:

Կարող եմ ասել, որ կառավարության այդպիսի որոշում, թե ինչպիսին է արտաքին թաղանթապատման թույլատրելի չափը, գոյություն չունի: Ես այստեղ ընդամենը մի բան եմ տեսնում. քանի որ չկա համապատասխան օրենսդրական կարգավորում, ինչպես միշտ, փորձ է կատարվում այլ իրավական նորմը, այլ իրավական ակտն ինչ-որ ձևով փորձել հարմարեցնել և, տվյալ դեպքում, վարորդների նկատմամբ տուգանքներ առաջադրել: Այլ հարց է՝ արդյոք դա ողջամի՞տ է, թե՞ ոչ, արդյոք կծառայի՞ իր նպատակին, թե՞ ոչ: Նկատի ունեմ այն, որ ՃՈ-ն հիմնականում խնդիրը բարձրաձայնել է զուտ այն տեսանկյունից, որ եթե լուսաթափանցելիությունը շատ չլինի, դա կնպաստի նաև ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցմանը:

Իհարկե, ես չեմ կարող ասել՝ արդյոք դա կարո՞ղ է նպաստել, թե՞ ոչ, որովհետև դրա վերաբերյալ նախևառաջ ուսումնասիրություն է պետք կատարել, թե ինչում է եղել խնդիրը, որ այսքան ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել՝ արդյոք տեսանելիության խնդի՞ր է եղել, թե՞ ոչ: Եթե պարզվի, որ տեսանելիության խնդիր է եղել, ուրեմն պետք է մշակվի համապատասխան իրավական ընթացակարգ, այլ ոչ թե փորձ կատարվի ինչ-որ իրավական նորմեր համապատասխանեցնել, և դրա տակ սղացնել ինչ-որ իրավիճակներ: Կարծում եմ, որ իրավական տեսանկյունից դա ճիշտ չէ:

– Այս հիմքով պատասխանատվության ենթարկվելու դեպքում վարորդները հնարավորություն կունենա՞ն որոշումները բողոքարկել դատարանում:

– Զուտ իրավական տեսանկյունից, բնականաբար, կարծում եմ՝ այո, որովհետև խնդիրը հետևյալն է. չկա չափանիշը, թե ինչ չափի պետք է լինի լուսաթափանցելիությունը: Այսինքն՝ չկա կառավարության այն որոշումը, որով կսահմանվի լուսաթափանցելիության թույլատրելի չափը: Կառավարության այն որոշումը, որին իրենք հղում են կատարում, նախևառաջ վերաբերում է ոչ թե արտաքին թաղանթապատում ունեցող ապակիներին, այլ ընդհանուր ապակիների լուսաթափանցելիությանը: Բացի այդ՝ այն, ըստ էության, վերաբերում է արտադրությանը:

Եթե նույնիսկ պատկերացնենք՝ կառավարության այդ որոշումը կարգավորում է այս իրավահարաբերությունները, դեռ հարց է՝ ո՞վ պետք է իրականացնի այդ ստանդարտացումը, այսինքն՝ ո՞րն է լինելու այն մարմինը, որը որոշելու է լուսաթափանցելիության աստիճանը, և այլն: Քանի որ իրավական դաշտն այդ առումով կարգավորված չէ և չի պատասխանում այդ հարցադրումներին, կարծում եմ՝ ճիշտ չէ փորձ կատարել այլ իրավական նորմը, որն ընդհանրապես չի կարգավորում այդ հարաբերությունները, ինչ-որ ձևով համապատասխանեցնել, այսպես ասած՝ «ձգել» այդ իրավահարաբերությունների վրա:

– Այսինքն՝ վարորդներին պատասխանատվության ենթարկելու համար առավել ճիշտ կլիներ ունենալ համապատասխան որոշո՞ւմ կամ հանդես գալ փոփոխությունների նախագծո՞վ:

– Երբ ասում են, որ այս իրավական նորմն անհրաժեշտ է՝ որոշակի խնդիրներ լուծելու համար, նախևառաջ պետք է հասկանալ՝ արդյոք այդ խնդիրները դրանի՞ց են առաջանում, թե՞ ոչ:

Կարծում եմ՝ այդ առումով լուրջ ուսումնասիրություն պետք է կատարվի, որը ներկայացվի նաև հանրությանը, որպեսզի նաև հանրությունը համոզված լինի, որ այս իրավական կարգավորումը, այն՝ որ արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության նվազ չափանիշներ պետք է լինեն, իրապես անհրաժեշտ է, քանի որ կա այս իրավիճակը: Այսինքն, օրինակ, ուսումնասիրություն է կատարվել և պարզվել, որ այո՛, իրապես, եթե թափանցելիությունը փոքր է, այն նպաստում է ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացմանը: Որպեսզի նաև հասարակությունն իմանա, թե ինչո՞ւ է դա անհրաժեշտ, համոզված լինի, որ դա անհրաժեշտ է:

Այդ ուսումնասիրությունը կատարելուց և հանրությանը ներկայացնելուց հետո, եթե տեսնեն, որ դա անհրաժեշտ է, մշակվի համապատասխան ընթացակարգ՝ համապատասխան իրավական նորմեր, որոնք կկարգավորեն այդ իրավահարաբերությունները: Եվ եթե որևէ անձ խախտում թույլ տա, դրանց հիման վրա նոր կկարողանան պահանջ ներկայացնել նրան՝ իրավական տեսանկյունից իրավաչափ պահանջ:

Այլ ոչ թե` առանց համապատասխան իրավական նորմերի` փորձեն լրիվ ուրիշ իրավահարաբերություններ կարգավորող իրավական նորմեր վկայակոչել և այդ հիմքով անձանց նկատմամբ ինչ-որ պահանջներ առաջադրել: Դա խոսում է ընդամենը մի բանի մասին, որ հապճեպության կա: Այսինքն՝ հապճեպ ուզում են դրա հիման վրա վարորդների նկատմամբ ինչ-որ պահանջներ ներկայացնել: Այնինչ, կարծում եմ՝ կարելի էր լուրջ ուսումնասիրություն անցկացնել, մշակել համապատասխան իրավական նորմեր, որից հետո արդեն նմանատիպ պահանջներ ներկայացնել վարորդների նկատմամբ: Համենայն դեպս, այս պահի դրությամբ այդ դաշտը կարգավորված չէ, և իրավական չկարգավորված դաշտի պայմաններում, կարծում եմ, ճիշտ չէ նմանատիպ գործելաոճը:

Չնայած, եթե իրականում վերցնենք, անկեղծ ասած, այնպես չէ, որ այդ գործելաոճը մեզ մոտ նոր է: Մեզ մոտ հիմնականում սկսում են պահանջներ առաջադրել, հետո միայն փորձում են իրավական նորմերը համապատասխանեցնել այդ իրավիճակին: Այսինքն՝ եթե ռեալ վերցնենք, կարմիր գծերի, արագաչափերի և այլնի հետ կապված, իրական նպատակը ոչ թե այն է, որ ինչ-որ ձևով փորձ կատարվի, որ անձինք խախտում թույլ չտան, կամ ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեն, այլ ընդամենը գումարներ կորզելու ինչ-որ նպատակ է հետապնդվում: Ես, համենայն դեպս, այդ միտումն եմ տեսնում, անկեղծ եմ ասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս