Միլները և Ցուկերբերգը բաժանել են միլիոնները

Յուրի Միլները և նրա գործընկերները հայտարարել են Breakthrough Prize մրցանակի դափնեկիրների անունները, ովքեր կստանան 22 մլն դոլար:

2015թ.-ին 22 մլն դոլար կստանան այն գիտնականները, ովքեր դարձել են աշխարհի խոշորագույն գիտական մրցանակի դափնեկիրներ, որը հիմնվել է ռուսաստանցի բիզնեսմեն Յուրի Միլների կողմից: «Газеты.Ru»-ի գիտության բաժինը պատմում է այն հետազոտողների մասին, որոնց աշխատանքի արդյունքներն էականորեն բարելավել են մարդկության կյանքը և իրենց հեղինակներին արժանացրել են 2015թ. Breakthrough Prize-ին:

Breakthrough Prize մրցանակը` «Առաջընթացի համար», հիմնվել է 2012թ.-ին, ռուսաստանցի գործարար և ներդրող Յուրի Միլների կողմից, իսկ հետո աջակցություն է ստացել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Google-ի մշակող և համահիմնադիր Սերգեյ Բրինի, ինչպես նաև՝ չին գործարար և Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեկ Մայի և նրանց կանանց կողմից: Բոլորովին վերջերս Յուրի Միլները հաշմանդամի սայլակին գամված բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի հետ սկսել է արտերկրային կյանք փնտրելու մասշտաբային նախագիծը: Չնայած այն բանին, որ մրցանակը երկար ժամանակ չէ, որ գոյություն ունի, այն արդեն բավականին լայն ճանաչում է ստացել. The Guardian պարբերականը «Առաջընթացի համար» մրցանակն անվանում է «Գիտական «Օսկար»:

Մրցանակը հանձնվում է մի քանի նոմինացիաներում. «Կենսաբանություն և բժշկություն» («Գիտություններ կյանքի մասին-Life Sciences), «Ֆունդամենտալ ֆիզիկա» և «Մաթեմատիկա»: Բացի այդ, մրցանակի շրջանակներում գոյություն ունեն հատուկ նոմինացիաներ` Breakthrough Junior Challenge և New Horizons: Առաջին մրցույթում մասնակցելու համար հրավիրվում են 13-18 տարեկան երիտասարդներ, ովքեր պետք է ձայնագրեն կարճ տեսանյութ` բացահայտող լուրջ գիտական գաղափարներ ֆիզիկայի, մաթեմատիկայի և կենսաբանության բնագավառում: Այս տարի մրցույթին մասնակցել են գիտության ավելի քան 2000 պատանի սիրողներ` աշխարհի 86 երկրներից:

Երկրորդ մրցանակի` «Նոր հորիզոնների» գումարը կազմում է 100 հազար դոլար, և այն տրվում է երիտասարդ գիտնականներին` մաթեմատիկայի կամ ֆիզիկայի բնագավառում հասած նվաճումների համար:

Ի դեպ, հիմնական պարգևների չափը` տրվող Breakthrough Prize-ի շրջանակներում, գերազանցում է Նոբելյան մրցանակակիրների կողմից ստացվող պարգևների չափին: Այսպիսով, այս տարի Կյանքի մասին գիտության բնագավառում մրցանակի արժանացած գիտնականները կստանան 3-ական մլն դոլար, իսկ բոլոր նոմինացիաներում վճարվող գումարի չափը կկազմի 21.9 մլն դոլար:

Եվս մեկ տարբերություն «Առաջընթացի համար մրցանակի» և «Նոբելյան մրցանակի» միջև կայանում է նրանում, որ առաջինը տրվում է հետազոտողներին՝ ոչ վաղ անցյալում հասած նվաճումների և հայտագործությունների համար, իսկ «Նոբելի» դեպքում, հայտնագործության և պարգևատրման միջև կարող են լինել տասնյակ տարիներ:

Կյանքի մասին գիտություններ. Ալցհեյմերից մինչև նեանդերթալցիներ:

Կյանքի մասին գիտությունների` կենսաբանության և բժշկության բնագավառում այս տարվա Breakthrough Prize-ի դափնեկիրներ են դարձել Կարլ Դեյսերոտը և Էդվարտ Բոյդենը՝ օպտոգենետիկայի զարգացման մեջ իրենց ներդրման և նյարդային բջիջների աշխատանքի ուսումնասիրություն մեթոդիկայի համար: Այս մեթոդիկան թույլ է տալիս անցկացնել ուղեղի մեխանիզմների աշխատանքի ֆունդամենտալ հետազոտություններ: Օրինակ, սրա օգնությամբ հնարավոր է դարձել գլխուղեղի մասշտաբային «քարտեզների» ստեղծումը:

Clarity («Պայծառացում») անվանմամբ տեխնոլոգիան թույլ է տալիս գիտնականներին տեսնել նեյրոնային շղթաների կառուցվածքը չվնասված ուղեղում, իհարկե, դեռ մկների մոտ: Իսկ այն մասին, թե ինչպես է Կարլ Դեյսերոտը կարողացել էականորեն բարելավել կրծողների մտավոր ունակությունները, գիտության բաժինն արդեն պատմել է մի քանի տարի առաջ:

Կյանքի մասին գիտությունների բնագավառում պարգևի են արժանացել նաև Ջոն Հարդին, ով զբաղվում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ուսումնասիրությամբ և գենի հայտնաբերումով, որի մուտացիաները կարող են առաջացնել Ալցհեյմերի հիվանդություն, Հելեն Գոբսը, ով ուսումնասիրել է օրգանիզմի վրա խոլեստերինի ազդեցությունը և մշակել է պատրաստուկներ, որոնք իջեցնում են մարդու օրգանիզմում դրա մակարդակը, ինչով և խոչընդոտում են սրտային նոպայի զարգացումը, ինչպես նաև Սվանտե Պաաբոն, ով ապակոդավորել է նեանդերթալցու գենոմը: Մասնավորապես Պաաբոյի աշխատանքից պարզ է դարձել, որ նեանդերթալցիների և ժամանակակից մարդկանց տեսակների բաժանումը տեղի է ունեցել մոտ 660 հազար տարի առաջ, իսկ մինչև երկրի երեսից վերանալը (մոտ 40 հազար տարի առաջ) նեանդերթալցիները զուգահեռ ապրել են ժամանակակից մարդկանց տեսակի հետ:

Ֆիզիկա. 1.3 հազար դափնեկիր:

Ֆունդամենտալ ֆիզիկայի բնագավառում մրցանակը կհանձնվի 5 հետազոտական խմբերի, որոնք զբաղվել են նեյտրինային տատանումների հետազոտությամբ, իսկ ընդհանուր առմամբ այն կստանա 1.3 հազար մարդ:

Այս տարի գիտնականներ Արթուր Մակդոնալդը և Տակաակի Կաձիտան, ովքեր փորձարարությամբ հաստատել են նեյտրինային տատանումների գոյությունը, արդեն արժանացել են «Նոբելյան մրցանակի», սակայն Breakthrough Prize-ի կոմիտեն համարել է, որ սա ավելի շատ մարդկանց վաստակն է: Մրցանակ ստացած հետազոտական խմբերի ղեկավարներն են Արթուր Մակդոնալդը, Տակաակի Կաձիտան և Յուշիրո Սուձուկին, Կոիտիրո Նիշիկավան, Ացուտո Սուձուկին, ինչպես նաև՝ Իֆան Վանը և Կամ-Բյու Լյուկը:

1.3 հազար գիտնականների մեջ կան նաև դափնեկիրներ Ռուսաստանից:

Մաթեմատիկա. օղաբլիթ` գումարած մեկ չափականություն:

Մաթեմատիկայի բնագավառում մրցանակի դափնեկիր է դարձել Իան Ագոլը, ով ուսումնասիրել է եռաչափ բազմազանությունը:

Միաչափ բազմազանություն է հանդիսանում, օրինակ, շրջագիծը: Երկչափ բազմազանություն է օղաբլիթը կամ գունդը: Իսկ Իան Ագոլը զբաղվել է եռաչափ բազմազանություններով և ըստ էության փակել է բոլոր հարցերը, որոնք կային մաթեմատիկոսների մոտ` կապված եռաչափ տոպոլոգիայի հետ: Դա տեղի է ունեցել 2004թ.ի-ն: Ագոլի արդյունքները մասնավորապես լայն պահանջարկ ունեն ֆիզիկայում:

Ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում մրցանակի չափը կազմում է 3 մլն դոլար:

«Breakthrough Prize-ի դափնեկիրները կատարել են ֆունդամենտալ հայտնագործություններ` կապված Տիեզերքի, կյանքի և մեր գիտակցության հետ: Հետազոտությունների այս բնագավառներն ունեն ցուցիչային արագության առաջընթաց, բայց կարևորագույն հարցերը դեռ մնում են առանց պատասխան»,- հայտարարել է Յուրի Միլներն արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Կայծքարային հարթավայրում NASA-ի Էյմս հետազոտական կենտրոնում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս