Բաժիններ՝

«ԵՏՄ անդամ պետությունները բոլոր ներմուծումների նկատմամբ կիրառում են նույն ռեժիմները»

Եվրասիական տնտեսական միությունից այս տարի 10 ամիսների կտրվածքով Հայաստանին բաժին է ընկել ընդամենը 15 մլրդ դրամ մաքսատուրք: Մինչդեռ ՀՀ-ի համար նախապես հաշվարկված ու խոստացված բաժինը պետք է կազմեր մոտ 150 մլն դոլար՝ ԵՏՄ-ի ընդհանուր մաքսատուրքերի 1.13 %-ը: Բացի այս ուղղակի «հուսախաբությունից», ԵՏՄ-ի շնորհիվ երրորդ երկրներից Հայաստան ներկրումների ծավալը` թե՛ առաջին անհրաժեշտության սպառման, թե՛ երկարատև սպառման ապրանքների գծով, կտրուկ նվազել է: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը երեկ ներկայացրեց, որ, օրինակ, ձեթի ներմուծումը կրճատվել է 91%-ով, շաքարավազը՝ մոտ 40%, նվազել է կենցաղային տեխնիկայի և շատ այլ ապրանքների ներմուծումը, ինչը 2016-ին եկամուտների ձևավորման վրա էական ճնշումներ կգործադրի: Այս թեմայի շուրջ զրուցեցինք Արմեն Ալավերդյանի հետ:

– Երրորդ երկրներից ներկրվող ապրանքատեսակների ծավալների կտրուկ անկումն ի՞նչ է նշանակում մեր երկրի տնտեսության համար:

– 2016 թ. եկամուտների մեջ մենք առանձնացրել ենք այն ռիսկերը, որոնք եկամուտների հետ կապված առաջանում են և կարող են ազդել եկամուտների ընդհանուր միտումների վրա: Եթե ներմուծումները նվազում են, կնշանակի` ներմուծումից այն հարկերը, որ մենք ծրագրում էինք ստանալ, այդ հարկերն էլ են նվազում: Ընդհանրապես, ներմուծման կրճատումը մի կողմից` շատ դրական երևույթ է, որովհետև տեղական արտադրողը հնարավորություն է ունենում այդ արտադրատեսակից արտադրել, բայց եկամուտների առումով մտահոգություն կա, որ դա կարող է տանել ընթացիկ եկամուտների կորստի:

– Ընդհանուր ներմուծումները կրճատվում են, բայց ներմուծումների տեսակարար կշռի մեջ Ռուսաստանի մասնաբաժինն է ավելանում, այսինքն՝ ՌԴ-ից ներմուծումներն ավելի շատ են, և ռուսական արտադրողը ճնշում է մեր տեղական արտադրողին:

– Այո, դա ակնհայտ է: ԵՏՄ-ի դրական տնտեսական իրողություններից մեկն էլ այն է, որ ԵՏՄ երկրներից երբ ներմուծումներ են կատարում, սահմանի վրա, բնականաբար, մաքսատուրք չի գանձվում, իսկ ԱԱՀ-ի գանձումն էլ իրականացվում է ավելի պարզ ընթացակարգերով և 2 ամիս հետաձգումով: Սա տնտեսվարող սուբյեկտների վարքագծի վրա ազդեցություն է գործում, որ շահագրգռված են նաև ԵՏՄ երկրներից ապրանքներ ներմուծել:

– Վերջերս ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին արձանագրությունը, որով Ղազախստանին իրավունք է տրվում երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների դեպքում կիրառել ոչ թե ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը, այլ շատ ավելի ցածր մաքսատուրքեր, այսինքն՝ սա անհավասար պայմաններ է ստեղծում:

– ԵՏՄ անդամ պետությունները բոլոր ներմուծումների նկատմամբ կիրառում են նույն ռեժիմները: Որևիցե երկիր չի կարող ԵՏՄ անդամ լինելով` մաքսատուրքերի ուրիշ դրույքաչափ կիրառել: Դրույքաչափերն ընդհանուր համաձայնագրով արդեն իսկ սահմանված են:

– Բայց Ղազախստանին արտոնություն է տրվում: Արդյոք դա խտրականություն չի՞ առաջացնում ԵՏՄ անդամ երկրների միջև:

– Ես այդ որոշմանը տեղյակ չեմ: Բայց, օրինակ, Հայաստանին էլ արտոնություններ է տրվել որոշակի ապրանքատեսակների գծով: Ընդհանուր համաձայնագրի մեջ այդպիսի պայմանավորվածություն կար, և իրենց դիրքորոշումն այն է, որ երկրներ կան, որոնք կոնկրետ ապրանքատեսակի առավելագույն հարկմանը կարող են հասնել, օրինակ, 5-7 տարի հետո: Օրինակ, նույն ավտոմեքենաները մենք շարունակում ենք հարկել այն դրույքաչափով, ինչ-որ հարկում էինք մինչ այժմ, և մենք խնդրել ենք ժամանակ: Ռուսաստանում ավտոմեքենաների հարկման դրույքաչափը, բնականաբար, ավելի բարձր է, և, եթե մեզ մոտ էլ բարձր լիներ, ավտոմեքենաների ներկրման ծավալները կկրճատվեին: Բայց մեր երկիրն այդ ընդհանուր համաձայնագրի շրջանակներում ԱԱՀ-ն գանձելու հետաձգելու հնարավորություն է ձեռք բերել:

– Այս կրճատումները հաշվի առնելով՝ տնտեսական զարգացումների համար ի՞նչ ռիսկեր եք տեսնում:

– Տնտեսության մի շարք ճյուղեր օգտվում են հարկային արտոնություններից, օրինակ, գյուղատնտեսությունը, զվարճությունների և վիճակախաղերի, կացության և հանրային սննդի ապահովման, հանքագործության և մի քանի այլ ոլորտներ: Դրանք ՀՆԱ-ի մեջ զգալի դերակատարություն ունեն, բայց հարկային եկամուտներ չենք կարող ակնկալել: Կամ բյուջեն ավելի շատ միջոցներ է տրամադրում որոշ ճյուղերի, բայց ոլորտից այդ եկամուտները չի ստանում, օրինակ, առողջապահությունը ծախսում է 86 մլրդ դրամ տարեկան, նաև հաջորդ տարի է այդքան հատկացվելու, բայց անցած տարի ստացել ենք 13.6 մլրդ դրամ եկամուտ, կրթության ծախսը 132 մլրդ է, եկամուտն անցած տարի՝ 49.9 մլրդ, գյուղատնտեսության ծախսը՝ 29.7 մլրդ, ստացել ենք 8.3 մլրդ դրամ:

Անգամ այն եկամտաբեր ոլորտները, որ, մեզ թվում է` ավելի շատ եկամուտ պետք է ապահովեն, օրինակ, տրանսպորտի ծախսը 54 մլրդ է, եկամուտը 10 ամսում՝ 26.6 մլրդ, շինարարությունը՝ 27 մլրդ, 10 ամսում ստացել ենք 23.4 մլրդ դրամ եկամուտ: Այս շարքը կարելի է շարունակել, և այս զարգացումներն ազդելու են 2016թ. մեր հիմնական տնտեսական ցուցանիշների վրա: Ամբողջ ՀՆԱ-ն մենք դիտարկում ենք հարկման առումով հարկունակ ճյուղեր՝ էներգետիկա, շինարարություն, և ոչ հարկունակ կամ արտոնյալ ճյուղեր, կամ դրանց տնտեսական զարգացումը չի բավարարում այն մակարդակին, որ աճ ունենանք, օրինակ, շինարարությունն այն աճը չի ապահովում, որ մենք այդտեղից ավելի բարձր եկամուտներ ունենանք: Եթե շինարարությունն աճ ապահովի, դա մեխանիկորեն կբերի հարկային եկամուտների աճի:

Մեր ռիսկերը հիմնականում նման ճյուղերի հետ են կապված: Դա մի կողմից` սպառման ծավալների, մյուս կողմից` գնողունակ պահանջարկի հետ է կապված մարդկանց սպասումը: Ինչպես տեսնում եք, վերջին շրջանում մարդիկ ինչ-որ ձեռնպահ են մնում երկարաժամկետ ապրանքներ՝ ավտոմեքենա, լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, գնելուց և իրենց գումարը բանկում որպես ավանդ են դնում ու տոկոսներ ստանում: Որոշակի սպասումներ կան, որ կարծում եմ, այդ նոր իրողությունների պայմաններում կկողմնորոշվեն, կկայունանա վիճակը և կընկնի ընդհանուր ցիկլի, ընդհանուր փուլի մեջ:

– Պահանջարկի նվազման վրա որքանո՞վ է ազդում արտագաղթը:

– Գնողունակ պահանջարկը, իհարկե, և՛ սպառողների քանակ է, և՛ մեկ սպառողի գնելու ունակությունը, թե ինչքան եկամուտով ինչքան ապրանք կարող է ձեռք բերել: Այդ երևույթի վրա էականորեն ազդում է նաև այս մեկ տարվա ընթացքում փոխարժեքի փոփոխությունը: Փոխարժեքի բարձրացման արդյունքում դրամային առումով եկամուտները բարձրացել են, բայց դոլարային առումով՝ ոչ, իսկ այդ ներմուծվող ապրանքներն ունեն իրենց դոլարային գները, հետևաբար, մարդիկ պետք է կարողանան առկա դրամով ձեռք բերել այդ ապրանքը:

Եվ այդ ձեռքբերումը, ըստ էության, առանձին սպառողներ հետաձգում են: Ա՛յ, դա էլ հենց գնողունակ պահանջարկի նվազում է կազմում: Նաև աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանային զարգացումներն են ազդում՝ ԵՄ երկրների և ՌԴ հարաբերությունները, Ուկրաինա-ՌԴ տնտեսական կապերը, այս իրողություններն անպայմանորեն ազդում են Ձեր նշած ցուցանիշի վրա: Հասարակ բան՝ մենք խոսում ենք տրանսֆերտներից, որոնց էական նվազումը միանգամից մարդկանց գնողունակ պահանջարկի պակասեցում է բերում: Տրանսֆերտները զգալիորեն նվազել են, այս 10 ամիսների ընթացքում այդքան գումար կարող էր գալ, ներարկվել մեր տնտեսություն, կա՛մ ապրանք առնեին, կա՛մ ներդրում անեին, բայց դրա փոխարեն` պակասեցումը, որը մեր հայրենակիցները պետք է ստանային ՌԴ-ում, փոխանցեին այստեղ, դա նաև ազդում է տնտեսական իրողությունների վրա: Ինչո՞ւ: Որովհետև ՌԴ-ում էլ է խնդիրներ առաջացել, ՌԴ ռուբլու տատանումները, դոլար-ռուբլի հարաբերակցությունը դարձյալ իրենց ընթացիկ եկամուտների վրա էական բացասական ազդեցություն են ունենում, և նրանք չեն կարողանում այն տրանսֆերտները, որ իրենց հարազատներին ուղարկում էին, հիմա նույն ծավալով ուղարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս