«Թուրքիայի նման վարքագիծը վտանգավոր կարող է լինել նաև ամբողջ տարածաշրջանի համար». Կիրո Մանոյան
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով՝ դեռ հունիսի ընտրություններից հետո քրդական ուժերը կարծում էին, որ Էրդողանը կգնա այս քայլին, այսինքն՝ երկրում կստեղծի անկայունություն և հասարակությանը կմղի, որ ընտրեն՝ ապակայունացո՞ւմ, թե՞ իշխող կուսակցությունը. «Այս ընտրությունների ժամանակ և հետո Թուրքիայի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումներն ահռելի չափերի են հասել։ Ընտրությունները քննադատվել են եվրոպացի դիտորդների կողմից, որոնք դա որակել են՝ որպես ոչ արդար ընտրություններ»:
Նա նշեց, որ ակնկալվող զարգացումները կարող են նոր խնդիրներ ստեղծել տարածաշրջանի համար. «Թուրքական իշխանությունները, ճիշտ է՝ ներքին հարցեր ունեն, և ներքին թիվ մեկ հարցը Սահմանադրությունը փոխելն ու կառավարման համակարգը նախագահական դարձնելն է, բայց անկախ նրանից՝ կհաջողե՞ն դա անել, թե՞ ոչ, փաստացիորեն այդպես շարժվելու են, ինչը նշանակում է՝ Էրդողանն է լինելու գլխավոր դերակատարը, իսկ Էրդողանի քաղաքական վարքագիծը պարզ է, որ ոչ թե համախոհություն է, այլ հնարավորինս բևեռացում:
Թուրքիայի նման վարքագիծը վտանգավոր կարող է լինել նաև ամբողջ տարածաշրջանի համար, հատկապես, հաշվի առնելով, որ Սիրիայում ընթանում են գործընթացներ, որտեղ, կարելի է ասել, որ Արևմուտքը, Ռուսաստանը, ինչ որ տեղ՝ նաև Չինաստանը, Իրանը, համաձայնության են եկել, թե ինչ հանգրվաններով պետք է կայունություն մտցնեն այդ երկրում, բայց այս մոտեցման դեմ եղող գլխավոր ուժերից մեկը Սիրիայի հարևան Թուրքիան է»:
Բանախոսը նշեց, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների առումով էլ լավատեսության պատճառ չկա: Նա նաև նկատեց՝ Թուրքիան բավական մեկուսացած է միջազգային տարբեր շրջանակներից. «Միգրացիոն խնդիրը եթե չլիներ, Թուրքիան ավելի կմեկուսանար Արևմուտքից: Պետք է նաև նշել, որ Մերձավոր Արևելքում այսօր բավական քիչ են Թուրքիայի հետ համախոհ պետությունները»: