Դեռևս կան տուժածներ, որոնց միայն ազգանուններն են ճշտված
Ռուսաստանից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 26 ուժած այժմ գտնվում է բժշկական կենտրոններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ նշելով, որ զոհվել է 8 քաղաքացի: Նա հայտնեց, որ Ուզլավայա բնակավայրի բժշկական հաստատությունում դեռևս գտնվում է 15 տուժած, նրանից 4-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանից 2-ը ծանրահեղ ծանր վիճակում են, 2-ը՝ ծանր: Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ ծանր վնասավածքներ ստացած քաղաքացիները գնվում են Ուզլավայա բժշկական կենտրոնում, 8-ը՝ գնվում է այլ բժշկական կենտրոնում, նրանց վիճակը համեմատաբար ավելի կայուն է, 3-ը գտնվում են Նովոմոսկովսկի հիվանդանոցում: Նրա խոսքով՝ դեռևս կան տուժածներ, որոնց միայն ազգանուններն են ճշտված:
Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել՝ ինչն է եղել ավտովթարի պատճառը. ԶԼՄ-ներում շրջանառվում են տարբեր տեղեկություններ, դիտարկվում են վարորդի անզգուշությունը, տրանսպորտային միջոցի անսարքությունը, արտաքին գործոնների ազդեցությունը: Նա նշեց նաև, որ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի և նման այլ հարցեր վերաբերում են տեղափոխող կազմակերպություններին և պետական լիազոր մարմիններին, բայց ոչ ԱԻՆ-ին:
Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ տվյալների համաձայն՝ ավտոբուսում եղել է 63 մարդ, որոցից երկուսը վարորդներ են, ուղևորներից մի քանիսը չեն տուժել, հեռացել են դեպքի վայրից, բուժհաստատություն չեն դիմել, նրանց տվյալները ճշտվում են: Նրա խոսքով՝ այս պահին հստակ որոշված ժամկետ չկա, սակայն հնարավորինս սեղմ ժամկետներում կկազմակերպվի զոհվածների տեղափոխումը Հայաստան:
Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը երեկվանից գործում է, նոյեմբերի 3-ին աշխատանքային խումբ է մեկնել ՌԴ՝ քաղաքացիների բուժման, տեղափոխման հարցերը կանոնակարգելու: Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին Մոսկվային բուժհաստատություններ տեղափոխման հարցը, այն քաղաքացիները, ովքեր կվերադառնան Հայաստան, բուժվելու անհրաժեշտություն կլինի, նրանց բուժումը կշարունակվի Հայաստանում՝ կառավարության կողմից սահմանված կարգով: Նա հայտնեց նաև, որ դեպքի օրը եղանակը պարզ է եղել, դրական ջերմաստիճան է եղել. «Տեսանելիության պակասի, մերկասառույցի հետ կապված որևէ խնդիր այստեղ չէր կարող լինել»:
Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ նման խոշոր դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք տարբեր պատճառներով են լինում. «Եղել են դեպքեր, երբ վարորդներն են հոգնած եղել, ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը վարորդի քնելն է եղել, եղել են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցն է անսարք եղել կամ օդերևութաբանական պայմանները թույլ չեն տվել անվտանգ երթևեկություն կատարել: Գործոնները տարբեր են, տարբեր երկրներում տարբեր պատահարների վերլոծություններում միմյանցից էապես տարբերող եզրակացություններ են տրվել մասնագետների կողմից»: Նա հայնեց նաև, որ 2015թ. 6 նման պատահար է եղել, երբ մեր քաղաքացիները տուժել են Վրաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում, 14 անձ զոհվել է, 68-ը՝ տուժել: