«Ինչո՞ւ չժպտալ, քանի դեռ ունեմ իմ սեփական ատամները»
Երեկ Խնկո-Ապոր անվան գրադարանում կայացավ «Նյու Յորք Թայմսի» կողմից բեսթսելլեր ճանաչված՝ «Փնտրելով Ալյասկան» գրքի հեղինակ Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքի հայերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսը: Պարզվեց, որ գրքի հայերեն հրատարակման համար պայքարել են միանգամից մի քանի հայկական հրատարակչություններ: Սակայն գրքի հայերեն հրատարակման հեղինակային իրավունքներն ի վերջո տրվել են «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը՝ շնորհիվ անձամբ Ջոն Գրինին նամակ ուղղած հայ ընթերցողի՝ Շավարշ Կարապետյանի՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքետինգի ղեկավարի:
«Մենք արեցինք մի բան, որը միգուցե դիտարկվի՝ իբրև մարքետինգային քայլ կամ պարզապես անկեղծության պոռթկում: Նայած, թե ով ինչպես կընդունի այդ փաստը: Ես որոշեցի անձամբ նամակ գրել Ջոն Գրինին: Ի դեպ, երկու րոպեում եմ գրել այդ նամակը և ուղարկել այն: Մեկ շաբաթ անց մեզ նամակ եկավ, որում ասվում էր, որ գրքի հեղինակային իրավունքները Հայաստանում ամբողջությամբ մերն է՝ «Էդիթ Պրինտինը»: Պատասխան նամակում Ջոն Գրինը շնորհակալություն էր հայտնում, որ նամակում նրան գրել էի, առաջին հերթին՝ որպես ընթերցող, հետո միայն նոր՝ հրատարակիչ, ով շատ է ուզում թարգմանել և կարդալ այս գիրքը հայերեն»,- նշում է Շ. Կարապետյանը:
Ջ.Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքի հայերեն տարբերակը հայ ընթերցասերներին ներկայացվեց՝ շնորհիվ «Բուկինիստ» գրահրատարակչության, «Էդիթ պրինտ» հրատարակչության և «Պինգվին գրուպ» ընկերությանը համագործակցության: Ինչպես նշեցին շնորհանդեսի կազմակերպիչները՝ «Աստղերն են մեղավոր» գիրքը բեսթսելլեր է ճանաչվել «Նյու Յորք Թայմսի» կողմից՝ որպես 2014 թվականի ամենավաճառված գիրք: Այն էկրանավորվել է նախորդ տարի և մեծաքանակ դիտումներ ունեցել համաշխարհային կինոշուկայում:
Գիրքը վահանագեղձի քաղցկեղով հիվանդ 16-ամյա Հեյզելի մասին է, ով համակերպվում է իր հիվանդության անբուժելիության հետ: Բայց քաղցկեղով հիվանդների աջակցության խմբակում նա պատահաբար հանդիպում է մի տղայի, և այդ հանդիպումը նրա համար ճակատագրական է դառնում: Այդ հանդիպումը ստիպում է նրան վերանայել իր հայացքները կյանքի, կորստի, մահվան և սիրո մասին: Շնորհանդեսի օրը խոսվեց նաև գրքին վերաբերող երեք հետաքրքիր փաստի մասին:
Փաստ՝ առաջին.
Պարզվում է՝ վեպում նշված քաղցկեղի դեղերն իրականում մտացածին են: Այդպիսի դեղեր գոյություն չունեն: «Վալանկսիֆոլ» դեղ իրականում գոյություն չունի, բայց հեղինակը՝ Գրինը, գրել է այդ և այլ դեղերի մասին, քանի որ շատ կցանկանար, որ դրանք իրականում լինեին և կարողանային մարդկային կյանքեր փրկել:
Փաստ՝ երկրորդ.
Նրանք, ովքեր կարդացել են «Աստղերն են մեղավոր» գիրքը, ցանկացել են գտնել նաև Փիթեր վան Հաութերի «Արքայական վիշտ» գիրքը և ընթերցել այն, որովհետև այն գլխավոր հերոսուհու՝ Հեյզելի ամենասիրելի գիրքն է: Այնինչ, պարզվում է՝ «Արքայական վիշտ» գիրքը ևս մտացածին է և գոյություն չունի: Թե՛ հեղինակը, և թե՛ գիրքը, Գրինի երևակայության պտուղներն են: Սակայն Ամերիկայի «Աստղերն են մեղավոր» գրքի ֆան ակումբի անդամները որոշել են համախմբվել և գրել այդ գիրքը:
Փաստ՝ երրորդ.
Այն կապված է գրքի վերնագրի հետ: Գրինի համար, իբրև վերնագիր՝ հիմք է ծառայել Շեքսպիրի «Հուլիոս Կեսարից» արված մեջբերումը. «Մեղավորը, սիրելի՛ Բրուտոս, աստղերը չեն, այլ՝ մենք ինքներս»: Բայց ինչպես ասվում է գրքում. «Այսպիսի բան շատ հեշտ է ասել, երբ դու հռոմեացի ազնվական ես կամ, առավել ևս, Շեքսպիր»:
«Էդիթ պրինտ» հրատարակչության մարքետինգի ղեկավար Շ. Կարապետյանը, ով, ինչպես արդեն նշեցինք, նամակագրության մեջ է եղել անմիջապես հեղինակի հետ, շնորհանդեսի ներկաներին պատմեց գրքի հրատարակման պատմությունը ևս:
««Պինգվին գրուպն» աշխարհի ամենամեծ հրատարակչություններից մեկն է, որը մասնաճյուղեր ունի ամբողջ աշխարհում: Մենք աշխատում ենք «Պինգվին գրուպի» հետ 2008 թվականիից: «Աստղերն են մեղավոր» գիրքը հայերեն թարգմանելու և հրատարակելու առաջարկն ի սկզբանե «Պինգվին գրուպին» էր պատկանում: Այդ ընթացքում կայացավ համանուն ֆիլմի պրեմիերան, և մենք հետևում էինք, թե ինչպես է գրքի վաճառքը ռեկորդներ սահմանում ամբողջ աշխարհում: Բնականաբար, ոչ մի հրատարակչություն չէր կարող անտարբեր լինել նման գրքի հանդեպ: Բայց բավականին հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ այդ ժամանակահատվածում:
Մեր բանակցությունների ընթացքում պարզվեց, որ հայկական մեկ այլ հրատարակչություն ևս պայքարում է գիրքը հրատարակելու համար: Եվ մենք մի փոքր զարմացած էինք, քանի որ դա պարզվեց միայն բանակցությունների վերջին շրջանում: Սակայն, շնորհիվ մեր և հեղինակի նամակագրության, այսօր մենք ունենք համաշխարհային բոլոր ռեկորդները սահմանած մի գիրք՝ արդեն հայերեն լեզվով: Շնորհանդեսից առաջ խնդրել էի, որ Ջոն Գրինը կարճ վիդեո ուղարկեր Հայաստան, որում կողջուներ հայ ընթերցողին, սակայն ինձ ասացին, որ նա արդեն նոր գիրք է գրում, և այժմ ուղղակի հնարավոր չէ կապ հաստատել նրա հետ: Ես ասացի, որ այդ նոր գիրքը հրատարակվելուն պես պետք է հայտնվի նաև Հայաստանում, որպեսզի հայ ընթերցողը ևս ետ չմնա համաշխարհային գրականության մեջ տեղի ունեցող իրադարձություններից: Նրանք սիրով համաձայնեցին, այնպես որ, սպասենք»,- նշում է Շ.Կարապետյանը:
Գիրքն անգլերենից հայերեն թարգմանած Ալինա Միրզոյանը, ով մինչ այժմ թարգմանում էր միայն հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններ՝ ներկայացնելով դրանք օտարալեզու հասարակությանը, իր խոսքում նշեց.
«Սկզբում ընդհանրապես ծանոթ չէի Ջոն Գրին հեղինակին: Չէի կարող պատկերացնել, որ դեռահասների համար գրված գիրքը կարող է այսքան խորը և հուզիչ պատմություն լինել, միևնույն ժամանակ՝ այսքան սրամիտ և հումորով լի»:
Ներկաներից Գայանե Գրիգորյանը, ով արդեն իսկ կարդացել էր գիրքն անգլերեն և իսպաներեն տարբերակներով, նշեց, որ զրուցել է նաև քաղցկեղով հիվանդ մարդկանց հետ՝ իմանալու համար գրքի մասին նրանց վերաբերմունքը: «Նրանք ասում էին, որ այս գիրքն իրենց շատ ավելին է տվել, քան կարող է տալ որևէ մեկին: Իսկ հիվանդներից մեկը գիրքը կարդալուց հետո ասել է. «Իսկ ինչո՞ւ չժպտալ, քանի դեռ ես ունեմ իմ սեփական ատամները»: Այս գիրքը սովորեցնում է գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը: Գիտեմ, որ բժիշկները ևս կապ են հաստատել հեղինակի հետ և իրենց շնորհակալությունն են հայտնել Ջ. Գրինին»,- ասում է Գայանեն: