Հայաստան. արտադրված է Ռուսաստանում: Գինը՝ պայմանագրային
«Ռուսաստանն օկուպացնում է ոչ միայն մեր տարածքները, այլև՝ վրացիների մտածելակերպը, որն ավելի մեծ վնաս է հասցնում»,- Վրաստանի պաշտպանությանն ու անվտանգությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է այդ երկրի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: «Ես հավատում եմ, որ Ռուսաստանի վերջնական նպատակն Աբխազիան ու, այսպես կոչված, Հարավային Օսիան օկուպացնելը չէր։ Այդ տարածքները հարթակ են հանդիսանում հետագա քայլերի համար, որպեսզի մեծացվի վերահսկողությունը ոչ միայն՝ Վրաստանի, այլև՝ տարածաշրջանի համար»,- ասել է նա։ Այս գնահատականն ամբողջությամբ կարելի է էքստրապոլացնել նաև Հայաստանի վրա: Ռուսաստանը, իհարկե, չի օկուպացրել հայկական տարածքներ (առայժմ), սակայն հատկապես վերջին տարիներին դարձել է Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն այն աստիճանի, որ ադրբեջանական իշխանությունների միջոցով կարող է փորձել օկուպացնել հայկական որևէ տարածք:
Սակայն, ինչպես Վրաստանի պարագայում, Հայաստանի դեպքում ևս շատ ավելի վտանգավոր է մտքի, մտածողության, աշխարհայացքի օկուպացիան, որը Ռուսաստանը Հայաստանում իրականացրել է շատ ավելի խորը ու բարեհաջող կերպով, քան Վրաստանում: Հայաստանում նախ՝ ռուսական օկուպացիայի են ենթարկվել երկրի գրեթե բոլոր ռազմավարական ենթակառուցվածքները (էներգետիկա, հեռահաղորդակցություն, երկաթգիծ, Ատոմակայան և այլն), սակայն դրանից առաջ ու նաև դրան հասնելու նպատակով՝ Ռուսաստանը Հայաստանում օկուպացրել է որոշումների կայացման մեխանիզմը գրեթե ամբողջությամբ:
Ռուսաստանը կարողացել է գրավել Հայաստանում ու Հայաստանի մասին որևէ որոշում կայացնողների մտածողությունը՝ մեկին՝ կաշառելով, երկրորդին՝ հիշեցնելով ԿԳԲ-ական անցյալը, երրորդին՝ խոստանալով իշխանություն ռուսական տիրապետության ամրապնդման դիմաց, ու այդպես շարունակ:
Խիստ վերապահումով կարելի կլիներ համեմատաբար նորմալ վերաբերվել երևույթին, որ ռուսական օկուպացիայի են ենթարկվել միայն Հայաստանի իշխանությունները՝ այդպիսով վճարելով իշխանության ղեկին մնալու գինը: Բայց, դժբախտաբար, ռուսական իմպերիալիզմը ներծծվել է Հայաստանի բոլոր ենթահամակարգերում, առաջին հերթին՝ ընդդիմադիր ուժերի ու գործիչների, նաև՝ արվեստագետների ու մտավորական համարվողների, գործարարների ու գիտնականների մտածողության և գործունեության մեջ: Ու միանգամայն բնական է, որ ռուսական օկուպացիայի զոհ է դարձել նաև հայ հասարակությունը, որը ենթարկվում է վերը նշված բոլոր ենթահամակարգերի մանիպուլյատիվ ազդեցությանը:
Հայաստանում ռուսական է ամեն ինչ՝ յուրաքանչյուրի տանը վառվող էլեկտրաէներգիայից ու գազից՝ մինչև խոհանոցային մակարդակի աշխարհաքաղաքական վերլուծության եզրահանգում ու պետության արտաքին քաղաքականություն: Ռուսական են Հայաստանի պաշտոնյաներն ու նրանց մերձավորները, ռուսական են օլիգարխներն ու նրանց հազարավոր աշխատակիցները: Մի խոսքով, պայմանականորեն ասած, Հայաստանը «ռուսական արտադրության պետություն է», որին Ռուսաստանում որևէ մեկը չի վերաբերվում՝ որպես պետության:
Ո՞րն է ելքը՝ անելանելի թվացող այս իրավիճակից: Բնականաբար, խելամիտ չէ մտածել, որ ելքը Ռուսաստանն ու Ռուսաստանի իշխանությանը փոխելն է: Նախ՝ դա մեր գործը չէ, և հետո՝ մեր ուժերից վեր է ու անմտություն է: Ուրեմն, մնում է Հայաստանում ձևավորել այնպիսի իշխանություն, որը Հայաստանը կդարձնի «հայկական արտադրության պետություն»: Բայց այստեղ առաջանում է հաջորդ կարևոր հարցը՝ ումո՞վ փոխել: Այսօր իշխանափոխության հայտ ներկայացրած ուժերի մեծամասնությունն իր բնույթով, մտածողությամբ ու ստրկամտությամբ շատ ավելի ռուսական է, քան իշխանությունը, և, եթե իշխանափոխության արդյունքում նրանք պետք է գան իշխանության, ապա ավելի լավ է՝ մնան գործողները:
Թվում է, թե այսքանով հարցն ավարտվում է, և իրավիճակն իսկապես անելանելի է: Ամենևին՝ ոչ: Իրականում լուծում կա, բայց այն ոչ թե՝ այսրոպեական, այլ՝ երկարաժամկետ ջանքեր պահանջող լուծում է: Պետք է փոխել իշխանությունից ու ընդդիմությունից ոչ պակաս ռուսացած հասարակությանը, հանրային մտածողությունը, պետք է կոտրել մարդկանց ուղեղում ու հոգիներում նստած վախերն ու այն մոլորությունը, որ բոլոր սպառնալիքներից մեզ կարող է պաշտպանել միայն Ռուսաստանը:
Հասարակական մտածողության փոփոխության դեպքում հասարակությունն ինքը կգտնի իշխանությանն ու ընդդիմությանը փոխելու, երկիրը պետություն դարձնելու եղանակներն ու միջոցները: Հակառակ դեպքում՝ Ռուսաստանը Հայաստանի հետ վարվելու է՝ ինչպես սեփական արտադրության «Սմերչ»-երի կամ բռնապետերի հետ է վարվում. վաճառելու է աշխարհաքաղաքական որևէ «բազարում»: Թե ինչ գնով՝ մեզ համար էական չէ, քանի որ ստացողը լինելու է ոչ թե՝ Հայաստանը, այլ՝ Ռուսաստանը:
Հասկանալի է, որ նույնը վերաբերում է ոչ միայն` Ռուսաստանից, այլ նաև` որևէ այլ մեկ երկրից կամ աշխարհաքաղաքական կենտրոնից կախվածությանը՝ լինի դա ԱՄՆ-ը, Եվրոպան թե Չինաստանը: Պարզապես պատմական ու ժամանակակից իրողությունների պատճառով Հայաստանը հիմա գտնվում է ռուսական ազդեցության տիրույթում, և դրանից դուրս գալու կենսական անհրաժեշտությունն ամենևին չի նշանակում՝ հայտնվել մեկ այլ բևեռից անվերապահ կախվածության մեջ, ինչպես Ռուսաստանի պարագայում է:
Հարություն Ավետիսյան