«Նաիրիտի» գույքի վաճառքի հետ կապված լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Երվանդ Զախարյան
««Նաիրիտը» շարունակում է մնալ պարապուրդում: Յուրաքանչյուր ամիս էներգետիկայի նախարարության հաշվին՝ կառավարության աջակցութամբ, չաշխատող գործարանի աշխատողներին վճարվում է 75 մլն դրամ: Կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ կառավարությունը կողմ է վերագործարկման և պոտենցիալ ներդրող լինելու դեպքում պատրաստ ենք քննարկել»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցադրումներին:
Ըստ նախարարի՝ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունը կասկածի տակ դնելու համար նախարարությունը կամ կառավարությունը որևէ հիմք չունի, և իրենց դիրքորոշումն այն է, որ նպատակահարմար չէ այսօր վերագործարկել:
«Նաիրիտի» բաժնետոմսերի հետ կապված նախարարը հայտարարեց, թե պրոցեդուրային աշխատանքներ Միջպետական բանկի կողմից տարվում են, այժմ իրենք սպասում են վերջնական լուծմանը, բանկի հայտարարությամբ մոտակա մեկ-երկու շաբաթների ընթացքում իրենց որոշումը կլինի, որից հետո բաժնետոմսերը կանցնեն պետական կառավարման:
«Նաիրիտի» գույքի վաճառքի հետ կապված Ե.Զախարյանն, իր իսկ խոսքով, «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարեց, որ այդ լուրեր չեն համապատասխանում իրականությանը:
Ա.Մինասյանն առաջարկեց պոտենցիալ ներդրողների մասին ավելի գործնական լինելու համար կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, որ պաշտպանի գույքն ու մի սխեմա առաջարկի, որ ներդրողները ցանկանան ներդրում անել, այլապես տարբեր պարտատերեր կարող են յուրաքանչյուր պահի պահանջել իրենց պարտքը, և ներդրողներին դա չի հետաքրքրի:
«3 տարի է՝ զբաղվում եք «Նաիրիտի» խնդրով, կարող էիք Դուք գոնե մեկ կոնկրետ առաջարկություն ներկայացնեիք նախարարություն»,- հանդիմանական տոնով հակադարձեց Ե.Զախարյանը:
Նա հայտարարեց, թե «Նաիրիտի» մասով օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն չկա: