«Եկեք Սփյուռքի նախարարության անունը փոխենք, եթե հարմար չէ. ալտերնատիվ, սփյուռքի Ազգային ժողո՞վ եք ուզում». ՀՀԿ-ական պատգամավոր

«Աշխարհի հայության թիվը մոտավորապես 10 միլիոն է. ՀՀ-ն պե՞տք է արդյոք լինի բոլոր հայերի հայրենիքը, ծառայի բոլորին, ունենա իր կառուցվածքում մի մարմին, որ կհետևի համազգային խնդիրների իրականացմանը, պե՞տք է արդյոք Հայաստանում լինի երկրորդ իշխանության պալատ պառլամենտում, որի մեջ ընդգրկվեն Սփյուռքի ներկայացուցիչները և Հայաստանի տարածքի մեծամասնությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Հանրային խորհրդի» անդամ Արշակ Սադոյանը՝ նշելով, որ իրենց առաջարկը՝ Հայաստանում երկրորդ իշխանության պալատ ստեղծելու մասին, չի ներառվել սահմանադրական բարեփոխումների նախագծի մեջ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց, թե՝ ««Հանրային խորհուրդն» ի՞նչ վատ է» այդ դերում: Ա. Սադոյանը պարզաբանեց, որ «Հանրային խորհուրդը» խորհրդակցական մարմին է. «Ես ուղիղ կապի մեջ եմ նախագահի հետ, ես առաջարկել եմ, նախագահը չի ընդունել, հիմա ես ի՞նչ անեմ: Դուք դե՞մ եք, որպեսզի հայ ժողովրդի համար մենք ունենանք երկրորդ ներկայացուցչական մարմին, որի մեջ սփյուռքի համայնքների ներկայացուցիչներ կլինեն»:

«Դեմ չեմ, Հայաստանն ամբողջ հայ ազգի հայրենիքն է, բայց դա չի նշանակում, որ մենք մի հատ էլ զուգահեռ պառլամենտ ունենանք սփյուռքի ներկայացուցիչների համար»,- հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ա. Սադոյանի խոսքով՝ մենք ունենք Սփյուռքի նախարարություն, որն ուղղակի ասում է՝ «դարձեք տուն»: Նա չի հասկանում, թե ինչ է անում Սփյուռքի նախարարությունը:

«Եկեք Սփյուռքի նախարարության անունը փոխենք, եթե հարմար չէ, կամ ֆունկցիաներն ավելացնենք: Ալտերնատիվ սփյուռքի Ազգային ժողո՞վ եք ուզում»,- հարցրեց Ս. Ավետիսյանը:

Ա. Սադոյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ դա ալտերնատիվ պառլամենտ չէ, այլ՝ երկրորդ պալատ. «Այսօր սիրիահայերի հարցը, Ռուսաստանում կատարված ազգային ֆոնի վրա հանցագործությունների հարցերը ո՞վ է լուծում՝ միայն ՀՀ-ի ներկայացուցիչնե՞րը, թե՞ որևիցե մասնակցություն կա՝ թեկուզ Արա Աբրահամյանի կողմից»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ Արա Աբրահամյանի կառույցը Ռուսաստանում հենց դրա համար է:

«Հլը տեսեք՝ ինչ է ասում. Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հայտարարում է՝ մեր գործը չէ հայերի հարցերը լուծելը»,- հայտարարեց Ա. Սադոյանը:

Սակայն Ս. Ավետիսյանը խնդրեց չխեղաթյուրել իր ասածները՝ «Ես նման բան չասացի, մի խեղաթյուրեք»:

 

Տեսանյութեր

Լրահոս