«Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և նույնիսկ Պարույր Հայրիկյանը, որ երազել են դառնալ արքա, պարզ է՝ իրենց երազանքը չի կատարվի այս նոր Սահմանադրությամբ»
«Պետք է գնան հանրաքվեի ու «այո» ասեն, որովհետև այս նոր Սահմանադրությունը երաշխիք է պետության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, հստակ իշխանությունների տարանջատման համար, այս դեպքում՝ ընդդիմադիրներին ավելի լայն հնարավորություններ ենք տալիս, այս նախագծում սոցիալական հիմնախնդիրներն ավելի հստակ են, ու պետության պարտավորություններն ավելի հստակ են ամրագրված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Հանրային խորհրդի» անդամ Արշակ Սադոյանն էլ գտնում է, որ հրատապ անհրաժեշտություն կա փոխելու կամ գոնե բարեփոխումներ անելու մեր Սահմանադրությունում. «Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այն, ինչ առաջարկվում է, շատ գծերով ընդունելի է, բայց մեր կողմից արված առաջարկությունները չեն ընդունվել»:
Ա. Սադոյանը հայտարարեց, որ երկիրն այս վիճակում է հիմնականում նրա համար, որ իշխանական կառուցվածքը, որն ընտրել ենք, «ծայրից ծայր սխալ է, ու պարզ չէ, թե ով ինչ ֆունկցիաներ է կատարում»:
Ըստ Ա. Սադոյանի՝ պետք է հստակ գործի պատասխանատվության ինստիտուտը. «Մենք առաջարկեցինք՝ պառլամենտի ընտրություններին մասնակցող կուսակցությունները ներկայացնեն հնգամյա նախագիծ՝ տարեկան կտրվածքներով, որը, եթե նվազագույնը չկատարի, պետք է պատասխանատվություն կրի, մենք առաջարկում էինք, որ ՀՀ նախագահը, կապ չունենալով գործադիր իշխանության հետ, լինի արբիտր, հսկող մարմին, որն ուղղակի հսկում է, թե այդ կառավարությունը կատարո՞ւմ է իր խոստումները, թե՞ ոչ: Բայց հիմա ոչ մի բան չկա»:
Ս. Ավետիսյանի խոսքով՝ Սահմանադրության մեջ գրված է, որ վարչապետն է պատասխանատու բոլոր խնդիրների համար:
Ա. Սադոյանը նշեց, որ ինքը, այնուամենայնիվ, «այո» է ասելու սահմանադրական բարեփոխումներին. «Այսօրվա գործող Սահմանադրությունն այնքան վատն է, որ նույնիսկ մի փոքր փոփոխության դեպքում՝ կարծում եմ, որ «ոչ» ասելու որևիցե ռեալ հիմք չկա, ավելի լավ է՝ «այո» ասվի: Ես ճարահատյալ «այո» եմ ասելու: Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և նույնիսկ Պարույր Հայրիկյանը, որ երազել են դառնալ արքա և երկրի դեմք, պարզ է՝ իրենց երազանքները չի կատարվի, եթե անցնենք պառլամենտական համակարգի, ու դրա համար կասեն՝ «ոչ»»: