«Այս իշխանությունների օրոք հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտումը բացառվում է». Արամ Սարգսյան
«Յուրաքանչյուր անհատի, պետության կյանքում լինում են սև օրեր, որոնք այդպես էլ չեն անցնում, հոկտեմբերի 27-ը ոչ միայն զոհվածների հարազատների, այլև մեր պետության սև օրերից է, քանի որ այն ոչ միայն չբացահայտվեց, այլև բազմաթիվ հարցեր առաջացրեց»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Արամ Զավենի Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս իշխանությունների օրոք հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտումը բացառվում է: Դիտարկմանը, թե այս իշխանություններն էլ արտաքին ուժերով են պայմանավորում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը, Ա. Սարգսյանն այսպես պատասխանեց.
«Հոկտեմբերի 27-ից օգտվողները կարող են լինել թե՛ ներքին, և թե՛ արտաքին պատվիրատուները, բայց եթե նայում ես՝ ինչ կլիներ, եթե «Հոկտեմբերի 27» չլիներ, Հայաստանը կգտնվեր բոլորովին այլ աշխարհաքաղաքական կարգավիճակում. Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու, Սերժ Սարգսյանը լավագույն դեպքում կզբաղվեր բենզինի և դիզվառելիքի բիզնեսով, Գագիկ Ծառուկյանի ու Արա Աբրահամյանի մտքով անգամ չէր անցնի, որ իրենք քաղաքական դաշտ կարող են մտնել ու ինչ-ինչ պաշտոններ ունենալ»,- ասաց նա: